«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը միջնորդների միջոցով արդեն մեկ ամսից ավել է՝ տարբեր ձեւաչափերով բանակցում է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ղեկավարության հետ: Նրա նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ընդունեն իրեն, լսեն մտահոգություններն ու մասնագիտական խորհուրդները: Սակայն առայժմ չի ստացվել: Այս փաստը «կամանդուշչիի» շրջապատի շատ ներկայացուցիչների խիստ բարկացրել է, քանի որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց առաջ նրան հավաստիացրել են, որ քառօրյա պատերազմը քաղաքական դաշտի բազմաթիվ հակասությունների հարթման առիթ է դարձել, եւ Բաբայանն այդ իմաստով չի կարող խնդիր ունենալ: Ավելին՝ Բաբայանին հավաստիացրել են նաեւ, որ Հայաստան վերադառնալուց հետո ընդունելության արժանանալու խնդիրը մեխանիկորեն կլուծվի: Սակայն հիմա պարզվել է, որ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը չի ցանկանում նրա հետ որեւէ առնչություն ունենալ: Լավագույն դեպքում կարող են չխանգարել: Սակայն Արցախում Բաբայանի թիվ մեկ կողմնակից Հայկ Խանումյանի ծեծը կարծես թե այդ խոստումն էլ է ի դերեւ հանում:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Հիշեցնենք, որ Պապիկյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է, դստեր ամուսինը: Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է: Մինչ այդ նա մոտ մեկ տարի պաշտոնավարեց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ: Ու եթե այսպես շարունակվի, ապա Խոսրով Հարությունյանն իր ողջ ընտանիքն աշխատանքի կտեղավորի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Արմեն Պապիկյանին կփոխարինի Պարույր Հովհաննիսյանը: Վերջինս ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԱԳ Եվրոպայի վարչության պետի պաշտոնը:
Անցած տարվանից, երբ Ռուսաստանն իր շուկան փակեց թուրքական ապրանքների համար, ակնհայտ էր, որ հատկապես թուրքական բանջարեղենը Վրաստանի միջոցով կարող է ներկրվել նաեւ Հայաստան: Ենթադրվում էր, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա կարող է լուրջ վնասել մեր տեղական ջերմոցային տնտեսություններին, քանի որ նրանց լոլիկի ինքնարժեքը բավականին բարձր է՝ 600 դրամի սահմաններում: Այս տարվա ապրիլի վերջից սկսած Հայաստանի շուկայում լոլիկի գինը սկսեց կտրուկ նվազել: Ինչպես պարզվեց՝ մեծ քանակությամբ էժան լոլիկ է ներկրվել Հայաստան: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված պատասխանի համաձայն՝ այս տարվա գարնանը Հայաստան է ներկրվել թուրքական արտադրության 85 տոննա լոլիկ: Նշենք, որ թուրքական պոմիդորը Հայաստան ներկրվում է հիմնականում անհատների կողմից: Եւ սա ի հեճուկս այն կոչերի, թե պետք է թուրքական ապրանքատեսակների վրա «բլոկ» դնել Հայաստանում:
ՀՀ պաշտպանության նախարարության մատակարարման պայմանագրերը ցանկացած ընկերության համար նվեր են, քանի որ նման գործարքներն ընկերությունների համար ապահովում են հաստատուն եկամուտ՝ երբեմն շուկայականից բարձր գներով: Ու որքան էլ խոսվում է ՊՆ-ում գնումների ավանդույթը փոխելու մասին, նույնիսկ պաշտոնանկություններ են տեղի ունենում, միեւնույն է՝ առարկայական ոչինչ չի փոխվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ, օրինակ, բանակի ձվի մատակարարման պայմանագրով, որը կնքվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ, ձուն մատակարարվում է 53 դրամով: Եւ, ահա, այս տարվա ապրիլին՝ քառօրյա պատերազմից հետո, մեկ այլ թռչնաֆաբրիկա ՀՀ ՊՆ-ին առաջարկել է ձուն մատակարարել 40-ից 45 դրամով: Սակայն ՊՆ-ն հրաժարվել է ավելի էժան արժեքով ձու գնելու տարբերակից: «Ժողովուրդ»-ին ՊՆ-ից պաշտոնապես պարզաբանեցին, որ օրենսդրությունը թույլ չի տալիս պայմանագիրը կեսից խզել: Միեւնույն ժամանակ հավաստիացրին, թե ներկայիս մատակարարի հետ բանակցում են գործող պայմանագրի շրջանակներում ձվի գինն իջեցնելու նպատակով: Հիշեցնենք, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան պատկանում է հայտնի «ձվերի Խաչիկին»՝ Խաչիկ Խաչատրյանին, ու թերեւս առանձին քննությունով պետք է պարզել, թե նա ում հետ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ բանակի վրա թանկ գնով «նաղդելու» համար:
ԸՍՏ ԻՐԱՎԻՃԱԿԻ
Սերժ Սարգսյանը երեկ կատարեց հերթական անսպասելի կադրային նշանակումը՝ այս անգամ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելով նախկին փոխվարչապետ, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանին: Իհարկե, Գեւորգյանի համար ԱԱԽ քարտուղարի պաշտոնը նոր չէ, հիշեցնենք, որ նա դեռեւս 2007թ. մինչեւ 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է այդ պաշտոնը եւ զուտ մասնագիտական պատրաստվածության եւ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, ինչ խոսք, սա պատճառաբանված նշանակում է: Այլ հարց է, թե ինչու այս նշանակումը կատարվեց հենց հիմա. մի ժամանակահատվածում, երբ կրկին քաղաքական խմորումներ են ընթանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Մասնավորապես՝ նրա մերձավորներից Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում, Հայաստան է վերադառնում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով եւս ակնարկում է այդ կուսակցությանն իր աջակցության մասին, ապա մեկնում Արցախ՝ այդտեղ որոշակի ներքաղաքական խմորումներ սկսելով, եւ, ի վերջո, կայանում է Սերժ Սարգսյան-Լեւոն տեր-Պետրոսյան համաձայնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսլականի շուրջ: Դրանից հետո էլ, ինչպես հիշում ենք, անսպասելիորեն կառուցողական հարցազրույցով հանդես եկավ այդ համաձայնությունից դուրս մնացած Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այդ այցելել էր Արցախ եւ հանդիպում ունեցել Բակո Սահակյանի հետ:
Եվ, ահա, այս ամենի խորապատկերին կարեւոր պաշտոնի է նշանակվում Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ Արմեն Գեւորգյանը, եւ դժվար է պատկերացնել, որ ավելի քան երկու տարի ԱԱԽՔ-ի պաշտոնը թափուր պահող Սերժ Սարգսյանի կողմից հենց հիմա արված այս նշանակումը կարող է դուրս լինել ընթացող խոշոր քաղաքական խաղից եւ դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունից:
Այս առումով, սական, իրավիճակի նրբությունն այն է, որ Արմեն Գեւորգյանը, հանրային տիրույթում ընկալվելով որպես «Քոչարյանի մարդ, իրականում ճիշտ նույնքան, եթե ոչ ավելի «Սերժ Սարգսյանի մարդն» է: Ի վերջո, շուրջ 10 տարի աշխատելով Քոչարյանի հետ՝ նա ամբողջ 7 տարի եղել է Սերժ Սարգսյանի իշխանության կարեւոր դեմքերից մեկը: Եվ ուստի դժվար է միանշանակ ասել՝ արդյոք այս նշանակմամբ Սերժ Սարգսյանն ուժեղացրեց Ռոբերտ Քոչարյանի դիրքերը, թե հակառակը՝ դրանով շատ կարեւոր եւ լուրջ հարված հասցրեց այդ դիրքերին: Թեեւ շախմատի սիրահար Սերժ Սարգսյանի պարագայում ավելի հավանական է, որ այս նշանակմամբ նա միաժամանակ ունենալով «երկուսը՝ մեկի մեջ»՝ չի բացառում թե՛ մեկը, թե՛ մյուսը, նայած իրավիճակի: