Նախօրեին Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Աժ լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու հարցին: Նախագծի ընդունման դեպքում Ռուսաստանին իրավունք կտրվի տնօրինել Հայաստանի օդային պաշտպանությունը:
Այս նախագծի վտանգների եւ դրական կողմերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ Ձեզ՝ ՀՕՊ միավորված համակարգի մասին համաձայնագիրը կընդունվի՞ Աժ կողմից, եւ եթե այո, դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:
-Դեռեւս, անշուշտ, վաղ է ասելը, թե արդյոք պայմանագիրը կընդունվի այն տեսքով, որով ներկայացվել է: Թեեւ, մյուս կողմից, նկատի ունենալով մեր իրականությունն ու դրա պատմությունը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի առանց մեծ խնդիրների: Պայմանագրի նախագիծն անշուշտ մի քանի խնդրահարույց կետեր ունի. ինչո՞ւ է պայմանագրի վեցերորդ հոդվածով Կովկասյան հատվածում հրամանատարությունը դրվում ռուսական կողմի վրա եւ ոչ հայկականի: Որովհետեւ Ռուսաստանն առավել մեծ պետություն է եւ Հայաստանի ավագ դաշնակի՞ցը: Ինչո՞ւ է հայկական կողմն իր սեփական տարածքում մեծ հաշվով միայն կառավարում իրականացնում: Հրամանատարությունը, որպես ժեստ եւ տրամաբանական հանգամանք, կարող էր հանձնվել հենց այն սուվերեն պետությանը, որն ամբողջությամբ գտնվում է Կովկասյան տարածաշրջանում եւ ոչ թե տրվեր մի պետության, որի ահռելի տարածքի միայն մի փոքրիկ մասն է այդ գոտում: Պայմանագրի հավելվածի վեցերորդ կետով, օրինակ, պատերազմական իրավիճակում հակաօդային զինուժը կիրառվելու է միասնական՝ մեկ մտահղացմամբ եւ պլանով: Հարց է առաջանում. իսկ եթե նման միասնականություն ձեռք չբերվի՞: Կամ արագ ձեռք չբերվի՞: Իսկ եթե Հայաստանը գտնի, որ իր պետական-ազգային շահը ստեղծված կոնկրետ մի իրավիճակում հակաօդային ուժի կիրառման մեկ գաղափար է ենթադրում, իսկ Ռուսաստանը գտնի, որ դա ճիշտ մոտեցում չէ՞: Ի՞նչ է լինելու այս պարագայում: Հայաստանն իր անվտանգությունը զոհելու է իր դաշնակցի կարծիքի՞ն:
-Եթե այդ պայմանագիրն այդպիսի վտանգներ է պարունակում եւ մեր շահերից չի բխում, այդ դեպքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը ցանկանում այն կյանքի կոչել:
-Բխում է, բայց մասամբ միայն: Անշուշտ տեքստում անուղղակի ակնարկներ կան, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը հարստացվելու եւ սպասարկվելու է իր դաշնակցի ջանքերով: Նաեւ որ դաշնակից մյուս կողմն աջակցություն է ցուցաբերելու անհրաժեշտության պարագայում, բայց դա դեռ չի ենթադրում, որ երկու կողմերի շահերին այս պայմանագիրը հավասարաչափ է սպասարկում: Հայաստանն ակնհայտորեն այս փաստաթղթով հետեւի նստարանին է հայտնվում, եւ ղեկը նրան դառնում է անհաս: Լավ է դա, թե վատ, կարծում եմ՝ դժվար չէ կռահելը: Ձեր կարծիքով, եթե մեզ վրա հարձակվեն, եւ ռուսական հրամանատարները հապաղեն, մեր քայլերը որո՞նք պետք է լինեն: Խնդիրը նրանում չէ, թե ինչ պետք է անեն հայկական հրամանատարները: Անգամ եթե ցանկանան այլ բան անել, հարց է՝ նոր համակարգում տեխնիկապես դրա հնարավորությունը կունենա՞ն, թե՞ ողջ համակարգի բանալին՝ կոդերը պահվելու են երկու կողմերի մոտ, եւ առանց կողմերից մեկի հնարավոր չի լինելու դրանք գործարկել: Առավել եւս հավանական է, որ դրանց տնօրինումը լինի հրամանատարության մոտ, որն արդեն Հյուսիսային Կովկասում է՝ հարավային Կովկասում գտնվող Երեւանից բավական հեռու: Այստեղ է ամենամեծ խնդիրը, որի պատասխանը չի տրվում, եւ ցավալի է, որ չի տրվում:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հայ-ադրբեջանական սահմանին՝ հատկապես Տավուշում, այսքան տարի կրակոցները չեն դադարում, բայց ՀԱՊԿ-ը դրան որեւէ կերպ չի արձագանքում: Սա նկատի առնելով՝ ի՞նչ երաշխիք կա, որ ռուսական կողմը կպաշտպանի մեզ:
-Խոշոր ռազմական օդային հարձակման պարագայում, անշուշտ, կպաշտպանի: Բայց խնդիրը նրանում է, որ օպերատիվ առումով այս պայմանագիրը Հայաստանին գրեթե բացարձակ կախվածություն է ապահովում իր դաշնակցից, իսկ դա նշանակում է, որ թշնամու հզոր օդուժին մինչ այս հակակշռող հայկական հակաօդային պաշտպանության ոչ այնքան հզոր համակարգն արդեն լինելու է իր դաշնակցից օպերատիվ կախվածության մեջ: Ու քանի որ Հայաստանի թշնամին՝ Ադրբեջանը, ըստ Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունների՝ նույնպես դաշնակից է իրեն, կարող են լուրջ շահերի բախումներ առաջանալ: Իսկ եթե նկատի ունենանք, որ Հայաստանի օդուժն ամենեւին չի հավասարակշռում ադրբեջանականին, այլ մի քանի անգամ զիջում է դրան, ապա հայկական հակաօդային պաշտպանության դերն առավել քան կարեւոր է դառնում առաջիկա պատերազմում: Կարելի էր առավել հավասարակշռված եւ առավել լավ մտածված պայմանագիր պատրաստել, որպեսզի հայ հասարակությունը դրանում ոչ թե սպառնալիք, այլ անվտանգության հավելյալ երաշխիքներ տեսներ: Իսկ ոչ շատ անկախ այս փոքր պետությունում դա անչափ կարեւոր եւ զգայուն խնդիր է, որն ուղղակի չի կարելի անտեսել:
ՆԱԽԱԳԾԵՐԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷԻՆ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Երեկ՝ Ազգային ժողովում մի շարք նախագծերի քննարկման ժամանակ, դահլիճում հատուկենտ պատգամավորներ էին ներկա: Այստեղ ուշագրավն այն էր, որ ի տարբերություն այլ ժամանակների, երբ պատգամավորների սակավությունը նկատվում էր քառօրյա նստաշրջանի վերջին օրերին կամ օրվա ավարտին, երեկ դահլիճը դատարկ էր օրվա առաջին կեսից սկսած:
Իհարկե, մեր ազգընտիրների կողմից առաջին անգամը չէ, որ նման անտարբեր եւ անպատասխանատու վերաբերմունք են դրսեւորվում իրենց պարտականությունների եւ պատգամավորական գործունեության հանդեպ, բայց թվում էր, թե գոնե ապրիլյան պատերազմից հետո մեր օրենսդիրները պիտի որ զերծ մնային իրենց անտարբեր եւ անպատասխանատու պահվածքը հրապարակավ դրսեւորելուց:
Սակայն ամիսներ շարունակ պառլամենտական համակարգի գովքն անող մեր ազգընտիրները, հավանաբար, երեկ շատ ավելի «կարեւոր» գործեր ունեին՝ պառլամենտում գտնվելու եւ ներկայացվող օրենսդրական նախագծերը քննարկելու համար:
Այնինչ՝ երեկ քննարկվող նախագծերը մեկը մյուսից կարեւոր էին: Օրինակ՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադեւոսյանի կողմից ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, կամ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սրանցից յուրաքանչյուրը շատ լուրջ եւ մանրամասն քննակման առարկա էր, մինչդեռ դրանք ներկայացնողները գրեթե մենախոսության մեջ էին իրենք իրենց հետ, քանի որ նախագծերի վերաբերյալ, ըստ էության, որեւէ հարց այդպես էլ չհնչեց: Ահա, այս մակարդակի խորհրդարանով էլ պառլամենտական կառավարման համակարգի ենք անցնում: Տխուր է, բայց փաստ:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Ինչպես հայտնի էր՝ ապրիլի 17-ին՝ ժամը 1-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում 5 անձանց միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Ավելի ուշ պարզվել էր, որ վիճաբանողների մեջ է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին` 21-ամյա Գուրգեն Արսենյանը՝ իր ընկերների հետ: Վիճաբանության պատճառը եղել էր այն, որ տղաներից մեկը մյուսին ուսով դիպել էր: Այս դեպքի փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում կալանավորվեց Գուրգեն Արսենյանի որդին, հետագայում՝ հունիսի 1-ին, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց: Վիճաբանության մասնակիցներից երկուսը, սակայն, դեռեւս շարունակում են մնալ կալանքի տակ: Սակայն բացառված չէ, որ նրանք առաջիկայում եւս ազատ արձակվեն: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այս գործով մեղադրանք է առաջադրել 5 անձի, որոնք ներկայացնում են վիճող երկու կողմերը, իսկ տուժող, որպես այդպիսին, գոյություն չունի:
ԾԱԿ ԳՐՊԱՆՈՎ՝ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պայմանագիր է կնքել «Երեւանշին» եւ «Ավետիսյան Քոնսթրաքշն» ընկերությունների հետ: Ըստ այդմ, նշված ընկերությունները ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (թեեւ այս գերատեսչությունները տեւական ժամանակ է, ինչ տարանջատված են, բայց պաշտոնական փաստաթղթերում այսպես է նշված) նոր համալիրի վերակառուցման համար կիրականացնեն նոր համալիրի ներքին կոյուղու համակարգի, ջեռուցման համակարգի, արտաքին կոյուղու, մասնաշենքի լուսավորության եւ շինարարական աշխատանքները: Եւ այս համալիրի կառուցման համար քաղաքաշինության նախարարությունը պետբյուջեից կվճարի 387 մլն 289 հազար դրամ: Ի դեպ, պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 752 մլն 140 հազար դրամ, եւ այն կնքվել է հենց այս արժեքով, սակայն քանի որ նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է՝ 387 մլն 289 հազար դրամ, աշխատանքի մնացած մասը որոշել են եկող տարվա միջոցներով իրականացնել: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց բյուջեի ծախսերը կրճատելու մասին: Եթե սա իրենց կրճատելն է, ապա պատկերացնում եք, թե ինչ արագությամբ պետբյուջեի միջոցները կփոշիացնեին «սովորական» աշխատանքային ռեժիմի դեպքում:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Այս տարվա չորս ամիսների արդյունքներով՝ Հայաստանում արձանագրված հանցագործությունների թվերը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան հազարով: Այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում արձանագրվել է 6 հազար 458 հանցագործություն՝ անցած տարվա 5 հազար 333 հանցագործությունների փոխարեն: Շեշտակի ավելացել են ոչ մեծ ծանրության եւ միջին ծանրության հանցագործությունները: