ԲԱԲԱՅԱՆՈՎ ԿՓՈՐՁԵՆ «ՄԱՔՐԵԼ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի քաղաքական որոշակի շրջանակներ որոշել են ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վրա խաղադրույք իրականացնել, ակնհայտ էր, որ այս նախաձեռնությունը ոչ մի լավ բան չի խոստանում:

Սամվել Բաբայանի հարցազրույցից հետո էլ հասկանալի դարձավ, որ Արցախի երբեմնի տերուտիրականը վերադարձել է վրեժ լուծելու մղումով: Ուստի ուշագրավ էր, թե նա ինչպես իրեն կդրսեւորի Արցախում, տեղի իշխանություններն ինչպես կարձագանքեն նրա վերադարձին: Այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանի այցելությունը իր հայրենիք որոշվել էր լուրջ քարոզչական իրադարձության վերածել, արդեն իսկ հուշում էր, որ ամեն ինչ հարթ ու խաղաղ չի անցնելու:
Քառօրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը հաշվի առնելով՝ հայ հանրության մեծամասնությունը մի պահ մոռացության էր մատնել հայկական երկու պետությունների իշխանությունների հանցավոր եւ կոռումպացված բնույթը: Հատկապես Արցախի իշխանությունների հետ կապված հայկական լրատվական դաշտում, հանրության ակտիվ մասի մոտ ակամա համընդհանուր զինադադար էր հայտարարվել: Սակայն ակնհայտ էր, որ Բաբայանի վերադարձից հետո վերջինս նույնպես ամեն ինչ կանի, որպեսզի Արցախի իշխանությունների շուրջ ձեւավորված անդորրը խախտվի: Դրանում համոզվելու համար շատ կարճ ժամանակ պահանջվեց՝ ընդամենը մեկ օր: Փաստորեն Սամվել Բաբայանը Արցախ այցելեց հունիսի 5-ին, եւ արդեն հաջորդ օրը, այսինքն՝ երեկ առավոտյան, նրա վերադարձը քարոզող ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը դաժան ծեծի ենթարկվեց:
Արցախի իշխանությունները ցանկության դեպքում կարող են բացահայտել ԼՂՀ խորհրդարանի պատգամավորի վրա հարձակված անձանց եւ նրանց պատասխանատվության ենթարկել: Բայց ե՛ւ բացահայտելու, ե՛ւ չբացահայտելու դեպքում արդեն Արցախի իշխանությունները փաստացի ստանձնում են Խանումյանի ծեծի պատասխանատվությունը: Առավել հավանական է, որ հենց երկրորդ տարբերակով էլ իրադարձությունները կզարգանան, եւ չի բացահայտվի գործը: ԼՂՀ իշխանությունները այդպիսով Սամվել Բաբայանի կողմնակիցներին հստակ հասկացնում են, որ նրանց դեմ օգտագործվող գործիքների հարցում չեն պատրաստվում խտրականություն դնել: Հաշվի առնելով, որ ինքը՝ Սամվել Բաբայանը եւս Արցախի տերուտիրականը լինելու տարիներին ում հետ ինչպես ցանկացել վարվել է ու ոչնչով կաշկանդված չի եղել, ուստի նրա կողմնակիցներից շատերի համար Խանումյանի ծեծը կարող է առավել քան հստակ ուղերձ լինել:
Ինչեւէ, Սամվել Բաբայանն առայժմ շարունակում է հայտարարել, թե չի պատրաստվում քաղաքական գործունեություն ծավալել, սակայն բոլորի համար էլ ակնհայտ է, որ այդ հայտարարություններն ընդամենը քարոզչական հնարքներ են` «ազգովի խնդրեցին, եկա»-ի էֆեկտ ստանալու համար: Ուստի առավել ուշագրավ է, թե Բաբայանին Հայաստան վերադարձրած քաղաքական շրջանակները երբվանից եւ ինչպես նրան կսկսեն բացահայտ խաղարկել 2017-ի ԱԺ ընտրություններին միտված քաղաքական գործընթացներում: Ինքը՝ նախկին «կամադույշչին», որքան էլ ցանկանա, միեւնույն է՝ քաղաքական լուրջ ակնկալիքներ չի կարող ունենալ: ՀՀ ԱԺ պատգամավորի համար անհրաժեշտ երկու` վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ Հայաստանում մշտապես բնակվելու պահանջներից առնվազն մեկին նա չի բավարարում: Սամվել Բաբայանը վերջին չորս տարիներին Հայաստանում չի բնակվել: Այս մասին նաեւ նա ասաց Ստեփանակերտում: Ուստի ակնհայտ է, որ իրեն վերադարձնողների համար նա ընդամենը քարոզչական ռեսուրս է: Այս տեսանկյունից բացառված չէ, որ Հայաստանում եւս մենք ականատես կդառնանք Բաբայանի անձի հետ ուղղակի կամ անուղղակի կապվող սկանդալների: Քարոզչական տեսանկյունից այդ ամենն առավել քան ձեռնտու է նրան վերադարձրած շրջանակներին. եթե իշխանությունները Բաբայանի դեմ գործողություններ են իրականացնում, նշանակում է՝ նրանից վախենում են, իսկ եթե վախենում են… ու այսպես շարունակ:
Այսինքն՝ այս քարոզչական հնարքի միջոցով փորձ է արվում վերականգնել «նախկինների» մի կոնկրետ խմբի հանրության շրջանում կորսված հեղինակությունը: Ժամանակը ցույց կտա, թե որքանով նրանք կհաջողեն: Սակայն մեկ բան ի սկզբանե պետք է արձանագրենք. Հայաստանի հանրային ընկալումը վերջին տարիներին էապես փոխվել է եւ առաջվա պես հեշտությամբ չի տրվում քարոզչական շահարկումներին: Եւ այս իմաստով Բաբայանն ափսոս է, նա հերոս կերպար է, եւ չպետք է փոշիացնել նրա վաստակը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով Արմեն Գեւորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր 2014 թվականի ապրիլի 30-ից, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշեց հրաժեշտ տալ իր պաշտոնին, որպեսզի ազատ կարողանա ընդդիմադիր կեցվածք ընդունել: Սերժ Սարգսյանի այս մի նշանակումը եւս կարելի է որակել իբրեւ իշխանության երիտթեւի օգտին արված քայլ: Իշխանության երիտթեւի ստվերային ղեկավար ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին: Արմեն Գեւորգյանը 2008-ից մինչեւ 2014 թվականը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը: Նույնիսկ նրա պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ Արմեն Գեւորգյանը համարվում է իշխանության երիտթեւի վարչապետի ամենահավանական թեկնածուներից մեկը: Վերջին մեկուկես տարվա ընթացքում այս լուրերը մի տեսակ մոռացության էին մատնվել, սակայն ներկա իրավիճակում դրանք փաստացի սկսում են իրականություն դառնալ:

 

 

ՀԱՏԻԿ-ՀԱՏԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Երեկ խորհրդարանում մեկնարկեց այս տարվա գարնանային նստաշրջանի հերթական վերջին քառօրյան: Ինչպես միշտ, նիստի մեկնարկից եւ օրակարգը հաստատելուց հետո իշխանական պատգամավորները սկսեցին մեկը մյուսից հետո լքել նիստերի դահլիճը: Արդյունքում, առաջին ընդմիջումից հետո դահլիճում հատուկենտ պատգամավորներ էին մնացել: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ որոշեց այս փաստը հատուկ ընդգծել՝ իր ելույթից առաջ մեկ առ մեկ ողջունելով ներկա պատգամավորներին: «Մեծարգո տիկին Աճեմյան, մեծարգո պարոն Մելքումյան, մեծարգո պարոն Ջհանգիրյան…»,- սկսեց թվարկել Բագրատյանը: Բնականաբար, պատգամավորների շրջանում այս նախաձեռնությունը ծիծաղի ալիք բարձրացրեց: Եվ Հրանտ Բագրատյանը ծիծաղելով նկատեց, թե քանի որ այնքան քիչ էինք, որոշեցի անհատապես դիմել բոլոր ներկաներին:

 

 

ԳՆՈՐԴ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի գույքը տեւական ժամանակ է, ինչ չի հաջողվում վաճառել: Նշենք, որ ընկերությունը վաճառում է սեղաններ, գրապահարաններ, յուղաներկեր, մարզական սարքավորումներ, վազքուղի, տրինաժոր, ֆոտոնկարներ, սուրճի ապարատ եւ այլն: Լոտի մեկնարկային գինն է 1 մլրդ 265 մլն 362 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հունիսի 3-ին նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Իսկ համալիրի գույքի հաջորդ աճուրդը նշանակված է հունիսի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Ի դեպ, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին պատկանող գույքի աճուրդը կարող է տեղի ունենալ մեկ ամբողջական լոտով:

 

 
ՀՈԳԱՏԱՐ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան եւ հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ։ Նախագահը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, առկա խնդիրներով եւ հետագա ծրագրերով՝ նշելով, որ այդ հարցերը մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 

 

«ԲԵՍՊՐԵԴԵԼ» ԱՐՑԱԽՈՒՄ
«Ես բավականաչափ շփվել եմ թե՛ գողականների հետ, թե՛ քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաեւ խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է: Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո թուղթ են թելադրել, որը ես գրել եմ եւ ստորագրել, ինչպես նաեւ վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը եւ վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս եւ այլն: Վիդեոն եւ թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի եւ սպառնալիքների տակ: Ես Արցախից որեւէ տեղ չեմ գնալու, իմ գլխավոր նպատակն այն է, որ Արցախը դառնա գործուն, պաշտպանված լինի, եւ ոչ ոք Արցախի ճակատագիրը բազարի առարկա չդարձնի: Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են, տվյալները կփոխանցվեն մեկ այլ ընկերների»: Հայկ Խանումյան:

 

 

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաեւ հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին: Քննարկվել են հայ-իրանական փոխշահավետ համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հիշեցնենք, որ դրա նախորդ օրն էլ Նալբանդյանին ընդունել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նալբանդյանը Իրանի նախագահին էր փոխանցել Սերժ Սարգսյանի ուղերձը եւ ջերմ ողջույնները: Զրուցակիցները համակարծություն են հայտնել, որ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջեւ կապերի ակտիվացման եւ զբոսաշրջության զարգացման համար։

 

 

ՑԵՂԱԽՈ՞ՒՄԲ ՉԵՆ
Նման աշխատելաոճով նշանակումներ չեն կատարվում բանակում, այն էլ այս ժամանակահատվածում: ArmLur.am-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին: «Եթե խմբերը պետք է նշանակումներ կատարեն, մենք աստիճանաբար նմանվում ենք ցեղախմբի. ես չեմ ցանկանում, որ այդ ոճով առաջ շարժվենք: Մենք գիտենք Սամվել Բաբայանի տեղը, նրա հնարավորություններն ու ունակությունները, եւ շատ ուրախ եմ, որ պատրաստակամություն է հայտնել հայրենիքի պաշտպանության համար»,-ասել է Բաղդասարյանը:




Լրահոս