2009թ. մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացրած ՀՀ նախկին ՆԳՆ ներքին զորքերի «Չղջիկներ» անունը կրող ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, բոլորին առավել հայտնի Մուսկուլ Գագո մականվամբ Գագիկ Մաթեւոսյանի ընտանիքը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Նրա կինը` Լիանա Մաթեւոսյանը, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ու չի բացառվում, որ առաջիկայում լուրջ բացահայտումներ անի:
Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 23-ին անհայտ անձինք փորձել էին Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար, որպեսզի սպանեին ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:
Մահափորձը, ըստ մեղադրանքի, կազմակերպվել էր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդու` Ռոբերտ Երիցյանի պատվերով, որը դրա համար 150 հազար դոլար էր վճարել: Նա Գ. Խաչատրյանի դեմ թշնամացած է եղել այն բանից հետո, երբ վերջինս՝ որպես մաքսային կոմիտեի նախագահի պաշտոնակատար, 2008-ի ապրիլին Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ժամանակ իրեն նվաստացրել է: Այդ միջադեպից հետո Ռ. Երիցյանն ազատվել է ՀՀ մաքսային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնից:
Ինչեւէ, մեղադրանքի համաձայն՝ Գագիկ Մաթեւոսյանը 2008թ. նպատակադրվել է իրականացնել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի սպանությունները աստրոլիտ կոչվող ինչ-որ հատուկ հեղուկ պայթուցիկով, որը գետնին լցվելուց եւ չորանալուց հետո՝ 3-4 օր, կարող է պահպանել պայթյունավտանգ բոլոր հատկությունները` նույնիսկ անձրեւի ազդեցությունից հետո: Նախ՝ այդ «հրաշք հեղուկը» պետք է լցվեր Ռ. Քոչարյանի ավտոմեքենայի ճանապարհին եւ պայթեցվեր հեռակառավարվող պայթուցիչով: Իսկ արդեն Քոչարյանի թաղման ժամանակ պետք է նույն հեղուկով մշակվեին գերեզմանատեղին ու հարակից տարածքը եւ պայթեցվեին: Այլ կերպ ասած, ըստ մեղադրականի, Գ. Մաթեւոսյանն իբր իշխանական վերնախավի ցեղասպանության պես մի բան է ցանկացել անել: Ըստ «ՀԺ»-ի՝ այսպիսի սահմռկեցուցիչ սցենար ներկայացնելուց հետո մեղադրականում նշվում է, որ երբ նյութը պատրաստվել է ու փորձարկվել, պարզվել է, որ այն պատրաստ չէ. «Այդ իսկ պատճառով Գագիկ Մաթեւոսյանի կողմից որոշվել է հանցավոր մտադրության իրականացումը հետաձգել` մինչեւ այլ հանցագործությունների կատարման արդյունքում ստացված եկամուտների հաշվին հագեցված լաբորատորիայում անհրաժեշտ ուժգնության պայթուցիկ նյութի ստացումը»:
Ահա այս «հեքիաթի» համար 2011թ. հոկտեմբերի 14-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Ավետիսյանի որոշմամբ հրապարակվեց վճիռը, ինչի արդյունքում հանցանքի պարագլուխ Գագիկ Մաթեւոսյանը դատապարտվեց 14, գործը կատարողներ Ռաֆայել Մասումյանը` 14, Արտակ Ղուկասյանը` 11, Վազգեն Կարապետյանը` 13, Արայիկ Ոսկանյանը` 12, Գրիգոր Գրիգորյանը` 7 տարվա ազատազրկման:
Գործով դատապարտյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, ավելին, դատարանում հայտնել են, որ այն սարքված է: Իսկ Մուսկուլ Գագոյի հարազատները վճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում եւ արդյունքի չհասնելով՝ պատրաստվում են դիմել ՄԻԵԴ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Գ. Մաթեւոսյանի կինը՝ Լիանա Մաթեւոսյանը:
«Իմ ամուսնու անմեղության կանխավարկածը խախտեցին, 6 ամիս 15 օր շարունակ ՔԿՀ-ում ներկարկել են դիազեպալ ու մի քանի այլ տեսակի հոգեմետ դեղեր՝ ստիպելով, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինչ-որ փաստաթղթեր ստորագրի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր ամուսնուն վճռից հետո անօրինական կերպով խստացված ռեժիմով պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մինչդեռ պետք է տեղափոխեն մեկ այլ, դատապարտյալների համար նախատեսված կալանավայր: Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը Տիգրան Նավասարդյանն է:
«Բոլոր դռները փակ են, չգիտեմ՝ ում դիմեմ, ում բացատրեմ, որ իմ ամուսինը նման բան չէր անի: Չնայած վախենալու բան չունեմ, բայց հիմա շատ բացահայտումներ չեմ անի, կգա ժամանակը, շատ բան ունեմ ասելու: Մի՞թե օրինական է, երբ իմ երկու անչափահաս տղաներին հարցաքննեցին, ավելին, իմ ներկայությամբ այնպիսի հայտարարություններ են արել, որ…. բայց հիմա պահը չէ: Ում որ հարմար էր, որ Գագիկը փակվեր, դա արեց, ու սա մեկի գործը չէր, մի քանիսինն էր»,-նշեց Լիանան:
Ըստ նրա՝ այս ուղղորդված գործի արդյունքում իրենք կանգնած են սեփական տունը կորցնելու վտանգի առաջ: Բանն այն է, որ տարիներ առաջ, երբ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի ձեռամբ զանգվածաբար քանդվեցին Երեւանի Կենտրոնի տասնյակ բնակարաններ՝ Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերը կառուցելու համար, «սեւ ցուցակում» է եղել նաեւ Արամի փողոցի 29 շենքի 17 բնակարանը, որը պատկանում է Մուսկուլ Գագոյին: «Այդ տարիներին ամուսինս մեր տան հարցով բավական կոշտ զրույց ունեցավ մեր տունը քանդելու ցանկություն ունեցողների մասին, ու այդպես էլ մեր տարածքը չկարողացան քանդել: Բայց փոխարենն այլ կերպ հաշվեհարդար տեսան»,-ասաց Գագիկի կինը՝ առայժմ խուսափելով անուններ տալուց:
Ու թեեւ շինարարներն այդպես էլ չեն կարողացել Գագիկի տունը քանդել, բայց այն նրանից խլելու գործընթացը չի դադարեցվել: Ավելին, կալանավայրում գտնվող Գագիկի ընտանիքի անդամներն արդեն լքել են իրենց հարազատ օջախը:
«Ես դիմեցի համապատասխան մարմիններին, թե Գագիկի օրինական կինն եմ, ինձ որոշ մաս է հասնում, ներկայացրի բոլոր փաստաթղթերը, սակայն ինձ մերժեցին: Ի՞նչ էր մնում ինձ անել, իհարկե լքել իմ բնակարանը, ու այսօր ես ապրում եմ ամուսնուս եղբոր տանը: Երեւի իրենց ուզածն էլ հենց դա էր»,-եզրափակեց Լիանան:
Իսկ թե ով է փորձում տնօրինել Երեւանի սրտում՝ Արամի փողոցում, գտնվող այդ տարածքը, դեռ անհայտ է: «Ժողովուրդ»-ը հետամուտ կլինի այս պատմությանը:
ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ