ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՐՏԵՂ Է ԹԱՔՆՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված որոշ դրվագների: Ինչպես այդ, այնպես էլ մամուլում առկա բազմաթիվ այլ բարձրաձայնումներից հետո, թվում էր, ՊՆ-ում պետք է որ իրավիճակը լրջորեն վերանայվեր, եւ շատ կտրուկ քայլեր արվեին համակարգում առկա վիճահարույց մեխանիզմների շտկման ուղղությամբ: Սակայն դատելով որոշ տեղեկություններից՝ ՊՆ-ում կարծես թե չեն պատրաստվում խորքային փոփոխություններ իրականացնել:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը աշխատանքից հեռացրեց ՀՀ ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին, զինված ուժերի կապի զորքերի պետ կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Թեեւ այդ պաշտոնանկություններն անմիջականորեն կապվեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հետ, սակայն կան որոշակի հիմքեր՝ մտածելու, որ այդ գործընթացը կարող էր եւ պայմանավորված չլինել ապրիլյան պատերազմով: Այդ տեսակետն, ի դեպ, ամրապնդելու եկան հետագա պաշտոնանկությունները:
Մասնավորապես՝ դեռեւս ամիսներ առաջ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ էր իրականացրել ՊՆ-ում, ինչի արդյունքում 2016 թվականի հունիսի 30-ին՝ երեկոյան, ձերբակալվեցին, իսկ ավելի ուշ կալանավորվեցին ՊՆ մի շարք պաշտոնյաներ՝ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը եւ գնդապետ Մհեր Պապյանը: Վերջիններս կասկածվում են իշխանությունը չարաշահելու մեջ: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկու տարբեր քրեական գործի շրջանակներում են եղել ձերբակալությունները: Խոսքը մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում ուռճացված գներով գնումներ կատարելու մասին է:
Ու թեւ թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե ՊՆ-ում պաշտոնանկություններ չեն լինի, հետագա զարգացումները ցույց տվեցին հակառակը: Եվ հիմա բոլորին հուզում է հարցը՝ արդյոք այսքանով պաշտոնանկությունները կավարտվեն, թե գործընթացը կհասնի մինչեւ բարձրագույն օղակներ: Ըստ շրջանառվող լուրերի` առաջիկայում պաշտոնանկ կլինեն նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:
Սակայն չնայած արդեն իսկ արված եւ սպասվելիք պաշտոնանկություններին՝ ՊՆ-ում անհասկանալի դրսեւորումները շարունակվում են: Արդեն գրել ենք, որ ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին բազմաթիվ ընկերություններ սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման հարցերով բավականին մատչելի ծառայություններ են առաջարկել, սակայն նա այդ ընկերությունների ծառայություններից մշտապես հրաժարվել Է եւ միայն իր մերձավորներին պատկանող կամ նրանց հետ կապ ունեցող ընկերությունների հետ է համագործակցել:
Եվ, ահա, տեղեկացանք, որ Միրզաբեկյանի ազատվելուց հետո «մերժվածները» այս օրերին հերթով սկսել են դիմել ՊՆ-ին՝ հույսով, որ իրենց կհաջողվի ՀՀ ԶՈՒ մատակարարման համար գնումների գործընթացին մասնակից դառնալ եւ այդ կերպ փորձել օգնել բանակին: Իսկ ինչ ընթացք են ստացել այդ ընկերությունների դիմումները, եւ արդյոք պաշտպանության նախարարությունը փորձել է Միրզաբեկյանի գործունեության հետեւանքով մերժվածներին այլեւս չանտեսել՝ այդպիսով նաեւ կարգավորելով բանակում առկա խնդիրները:
ՀՀ մի շարք ընկերությունների կողմից ՊՆ-ին օգնելու պատրաստակամության եւ հետագա գործընթացի վերաբերյալ «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Բանն այն է, որ 2016 թվականի հունվարին, երբ ՊՆ-ն մատակարարաների համար մրցույթ է հայտարարել, մի շարք ընկերություններ ինչ-ինչ պատճառներով կա՛մ չեն տեղեկացել, կա՛մ չեն հասցրել մասնակցելու հայտ ներկայացնել եւ արդյունքում գնումների հայտարարված մրցույթից դուրս են մնացել: Օրինակ՝ սիսեռ արտադրող ընկերություններից մեկը ՊՆ-ում գնումների համար հայտարարված մրցությում հաղթել է եւ սիսեռը պետք է մատակարարի 350 դրամով, իսկ, ահա, ձու մատակարարող ընկերությունը, շահելով մրցույթը, պետք է ՊՆ-ին ձու մատակարարի 50 դրամով:
Քառօրյա պատերազմից հետո ՀՀ-ում որոշ ընկերություններ, որոնք ձվի եւ այլ սննդամթերքի արտադրությամբ են զբաղվում, դիմել են պաշտպանության նախարարությանը՝ հայտնելով, որ եթե, օրինակ, ՊՆ-ի գնումների համար մրցույթում «Արաքս» թռչնաֆաբրիկան է հաղթել եւ այն ՊՆ-ին ձուն պետք է մատակարարի 50 դրամով, իրենք պատրաստ են ՊՆ-ին ձու մատակարարել 40 դրամով:
Հաշվի առնելով այն, որ իշխանություններն օրուգիշեր խոսում են ֆինանսական ռեսուրսների սղության մասին, թվում էր, թե ՊՆ-ն պետք է առավելագույնս ձգտեր ճիշտ եւ խնայողաբար տնօրինել ֆինանսական միջոցները, եւ մինչ այդ կայացած մրցույթը չեղյալ հայտարարեր՝ նոր, առավել մատչելի գնով ձվի մատակարարման հնարավորությունից օգտվելու նպատակով: Սակայն, ինչպես պարզվում է, պատկերը միանգամայն այլ է:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ երբ առավել մատչելի մատակարարումների պատրաստ որոշ ընկերություններ առաջարկել են իրենց ծառայությունները, նրանք ՊՆ-ի կողմից մերժում են ստացել:
Իսկ թե ինչո՞ւ, «Ժողովուրդ»-ը այս հարցի պատասխանը փորձեց ստանալ պաշտպանության նախարարությունից: Մենք, մասնավորապես, փորձեցինք պարզել, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հավկիթը ձեռք է բերվում «Արաքս» թռչնաֆաբրիկայից` հատը 50 դրամով: Եթե այո, ապա երբ է «Արաքս» թռչնաֆաբրիկան մասնակցել ՊՆ-ի կարիքների մատակարարման համար հայտարարված գնումների մրցույթին, ընկերության հետ կնքված պայմանագիրը մինչեւ երբ է ենթադրում հավկիթի մատակարարում, եւ, վերջապես, քառօրյա պատերազմից հետո Հայաստանում գործող մի շարք թռչնաֆաբրիկաներ ՊՆ-ին իբրեւ աջակցություն առաջարկե՞լ են հավի ձուն մատակարարել 40 դրամով: Մենք նաեւ խնդրեցինք հստակեցնել՝ արդյո՞ք այս տեղեկությունը ճիշտ է եւ եթե այո, ապա ի՞նչ պատասխան է տրվել էժան ձու առաջարկած թռչնաֆաբրիկաներին ու ի՞նչ հիմնավորմամբ: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը հայտնել է. «Գործող օրենքների համաձայն՝ սույն տարվա սկզբին ՀՀ ԶՈՒ կարիքների ապահովման համար հայտարարված մրցույթում հաղթել է ամենցածր գին առաջարկած կազմակերպությունը, որը մեկ ձվի դիմաց առաջարկել էր 61 դրամ: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ այլ կազմակերպություն, որը չէր հասցրել մասնակցել մրցույթի, բայց ավելի ընդունելի պայմաններ էր առաջարկել (մեկ ձվի դիմաց՝ 50-53 դրամ), ապա համաձայն ՀՀ կառավարության ընդունած գնումների մասին օրենքի՝ որոշում է կայացվել երկրորդ կազմակերպության հետ կնքել ուղիղ պայմանագիր ողջ տարվա մատակարարման համար: Երրորդ կազմակերպությունը սույն տարվա ապրիլի վերջին առաջարկել է մեկ այլ գին՝ մեկ ձվի դիմաց 40-45 դրամի շրջանակում (կախված փաթեթավորման տեսակից), սակայն «Գնումների մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում համապատասխան ընթացակարգ (խզել պայմանագիրը գործող մատակարարի հետ, ով իրականացրել է բարեխիղճ մատակարարում): Մյուս կողմից էլ գոյություն ունի սեզոնային գնանկում, որից էլ փորձել է օգտվել երրորդ ընկերությունը եւ առաջարկել է ցածր գին, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ողջ տարվա համար մատակարարումը իրականացնելու վերաբերյալ պայմանագիր կնքած ընկերության հետ վարում է բանակցություններ տվյալ պայմանագրի շրջանակում գնի իջեցում կազմակերպելու համար»:
Ըստ մի շարք մասնագետների՝ ներկայումս գրեթե բոլոր ձու արտադրող ընկերությունների համար ձվի ինքնարժեքը կազմում է 40 դրամ եւ արդեն 41, 42 43 դրամ վաճառելու դեպքում ընկերության սեփականատերերը զգալի շահույթներ են ստանում: Եվ ստացվում է, որ այս դեպքում «Արաքս» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, ՊՆ-ին ձու մատակարարելով, իր բիզնեսն է ծաղկեցնում, մինչդեռ այս օրերին մի շարք ընկերություններ, մոռանալով իրենց սեփական շահույթի մասին, պատրաստ են հայոց բանակին ձուն մատակարարել ինքնարժեքով:
ՀՀ կառավարությունում վերջերս շատ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Հուսանք, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող այս գործընթացը կարժանանա պատկան մարմինների ուշադրությանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԲՈՂՈՔՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը բարձրաձայնում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում տիրող իրավիճակի մասին: Դատապարտյալները պահանջում են, որ ՔԿՀ նորանշանակ պետ Սերոբ Հարությունյանը չփակի պատժախցերի դռների վրա առկա դիտանցքները: Ու քանի որ իրենց խոսքը տեղ չի հասել, քրեակատարողական հիմնարկի երկու դատապարտյալներ թուք էին ներարկել իրենց, ինչի արդյունքում տեղափոխվել էին դատապարտյալների հիվանդանոց եւ վիրահատության ենթարկել: Դատապարտյալների խնդիրների եւ նրանց իրավունքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Էլինար Վարդանյանի հետ:
-Տիկի՛ն Վարդանյան, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. այնտեղ դատապարտյալներն ինքնավնասումներ են արել:
-Մեր հանձնաժողովի փորձագետները, նաեւ իմ օգնականը պարբերաբար հանդիպումեր են ունենում իրենց հետ: Իրականում բողոքները գրեթե նույնն են՝ սկսած քրեակատարողական հիմնարկի պայմաններից, մինչեւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդիրները: Մենք շարունակում ենք կապի մեջ մնալ իրենց հետ, ինչպես նաեւ արդարադատության նախարարության հետ պետք է առաջիկայում քննարկենք, ունենք պայմանավորվածություն, պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտի փոփոխությունների հետ կապված, որը էականորեն պետք է փոխվի: Խնդիրը մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է:
-Փորձը ցույց է տվել, որ Ձեր ղեկավարությամբ գործող հանձնաժողովը խնդրին ընթացք է տալիս այն դեպքում, երբ մամուլը բարձրաձայնում է: Օրինակ՝ Վարդգես Գասպարի դեպքը, մինչեւ մամուլը չհրապարակեց, հանձնաժողովը ոտքի չկանգնեց: Ի՞նչ է արել հանձնաժողովն այս ընթացքում՝ դատապարտյալների իրավունքները վերականգնելու կամ նրանց կողմից բարձրացված հարցերին լուծում տալու համար:
-Տեսեք, հանձնաժողովը օրենսդիր մարմին է, եւ հանձնաժողովի կողմից խնդրի լուծումը նշանակում է օրենսդրական փոփոխություններ: Օրենսդրական փոփոխությունների հետ կապված ես արդեն մատնանշեցի, որ արդարադատության նախարարության հետ մեկտեղ փորձում ենք պայմանական վաղակետ ազատ արձակման ինստիտուտին անդրադառնալ, որեւէ այլ լուծում տեղում տալու իրավասություն մենք, որպես այդպիսին, չունենք:
-Ի՞նչ լուծում կտա այդ փոփոխությունը, եթե դատապարտյալները պնդում են, որ ցանկացած ծառայություն ձեւական բնույթ է կրում:
-Տեսեք, պրոբացիոն ծառայության մասին օրենքը նոր ընդունվեց, եւ վաղ է գնահատականներ հնչեցնել, թե ծառայությունը ինչպես կգործի: Այն, որ դա կարեւոր օրենքի նախագիծ է եւ իրականում կարող է ոլորտում լրջագույն փոփոխություններ կատարել, միանշանակ է, բայց դեռ վաղ է գնահատականներ հնչեցնել՝ հատկապես հաշվի առնելով, որ ծառայությունը, որպես այդպիսին, դեռեւս չի գործում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս