ԳԱՎԱՌԻՑ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԳՆԱՑ ՔՈՒՎԵՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դիվանագիտական կորպուսը ավելացավ եւս մի ոչ մասնագետ դեսպանով: Սերժ Սարգսյանի հրամանով Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակված Մանվել Բադեյանը երեկ Ազգային ժողովում ծափողջույններով հրաժեշտ տվեց իր գործընկերներին ու լծվեց արտաքին քաղաքական հարցերի կարգավորման լրջագույն գործին:

Նկատենք, որ Բադեյանը միակ ոչ դիվանագետ դեսպանը չէ: Հատկապես վերջին տարիներին ՀՀ նախագահի նստավայրում որեւէ մեկին չնեղացնելու համար այդ անձնավորությանը ինչ-որ երկիր դեսպան են ուղարկում կամ էլ մարդկանց են նշանակում որեւէ երկրում Հայաստանի դեսպան, ովքեր ի վիճակի են իրենց միջոցներով դեսպանատուն պահել: Մանվել Բադեյանի նշանակումը թերեւս երկրորդ հանգամանքով է պայմանավորված, քանի որ նա գործարար պատգամավոր է:
Հիշեցնենք, որ ծագումով գավառցի պատգամավորն իր մասնագիտական՝ տնտեսագետի բնագավառում աշխատելուց հետո 1999 թվականից պարբերաբար Ազգային ժողովի պատգամավոր է դարձել: Նախ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով, ապա արդեն Հանրապետական կուսակցության ընտրացուցակներով մշտապես պատգամավոր է դարձել: Որպես ԱԺ պատգամավոր՝ երբեք Բադեյանն ակտիվությամբ աչքի չի ընկել: Աժ-ում մշտապես պահպանել է իշխանական տեսակետները՝ երբեմն հարվածներն ինքն իր վրա վերցնելով:
Բայց վերջին անգամ նրա պատգամավոր ընտրվելը ուղղակի զավեշտի ժանրից էր: Ինչո՞ւ, բացատրենք: 2012թ. մայիսի 6-ին Մանվել Բադեյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից, որը ներառում է իր ծննդավայրը՝ Գավառ քաղաքը: Սակայն Բադեյանը ո՛չ նախկինում, ո՛չ ընտրվելուց հետո երբեւէ Գավառում չի եղել, գրասենյակ չի ունեցել, ընտրողների հետ չի շփվել: Այլ պարզապես մանդատ է ստացել: Ավելին՝ դեռ 2012-ին խոսվում էր, որ Մանվել Բադեյանը բնակարան է վարձել Գավառում, որտեղ նախընտրական շրջանում ապրեց մոտ 10 օր, ապա ՀՀԿ-ի օգնությամբ ձեռք բերելով պատգամավորի մանդատը՝ հեռացավ, ինչպես Խաչատուր Աբովյանը:
Ի դեպ, նա Գավառից պատգամավոր ընտրվելու անհրաժեշտության առաջ կանգնեց, քանի որ ՀՀԿ-ն թեկնածու չուներ այդ քաղաքում. Տիգրան Արզաքանցյանը պարտեքրի տակ կքած ՌԴ-ում է ապրում, Հրանուշ Հակոբյանն էլ վաղուց նախարար է: Երիտասարդ կադրերն էլ չեն գոհացնում ՀՀԿ-ի պայմանները:
Ինչեւէ, հիմա Մանվել Բադեյանը նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան եւ մեկնելու է Հայաստանից դեպի արաբական հարուստ եւ տաք երկիր: «Եվրոստան ույուտ» ընկերության հիմնադիր Մանվել Բադեյանը հուսանք գոնե ֆինանսական ներդրումների միջոցով երկու երկրների հարաբերությունները ինչ-որ դրական մակարդակի կհանգեցնի:
Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական նոր օրենսգրքի՝ պատգամավոր Մանվել Բադեյանի մանդատը թափուր կմնա մինչեւ նոր՝ 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, քանի որ այլեւս մեծամասնական ընտրակագրով պատգամավորներ չեն ընտրվելու մեր երկրում: Սա ՀՀ նոր Սահմանադրության պահանջն է, որը նշանակում է, որ Գավառի եւ հարակից տարածքների բնակիչները, որոնք պատգամավոր են ընտրել Բադեյանին (կամ չեն ընտրել, բայց «ընտրվել է»), չեն կարողանա նրան դիմել որեւէ հարցով: Ավելին՝ այս պահին նրանք զրկված են պատգամավոր ունենալու իրենց իրավունքից: Ասել է, թե սահմանադրական կազուս է առաջացել:
Իսկ մեծ հաշվով, պետք է արձանագրենք, որ մեր երկրում առկա պաշտոնական կարգավիճակները՝ կլինի դեսպան, թե անգամ ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այնքան են արժեզրկվել, որ եղածն ու չեղածը որեւէ բան չեն փոխում իրականության մեջ:
Հենց նույն Մանվել Բադեյանի օրինակը ասվածի վառ ապացույցն է. նա պատգամավոր էր, գավառցիներն ապրում էին նույն դժվարություններով ու հոգսերով, նա պատգամավոր չէ, գավառցիների կյանքում ոչինչ չի փոխվել: Հուսանք՝ գոնե դեսպանի դեպքում այդպես չի լինի, եւ հայաստանցիների կյանքում ինչ-որ բան կփոխի Բադեյանի գործունեությունը:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԱՆԱՐԳԵԼ ԼՈԼԻԿ Է ՆԵՐԿՐՎՈՒՄ ՀՀ

Մինչ Հայաստանի ջերմոցատերերը պայքարում են թուրքական լոլիկի դեմ, պարզվում է, որ գարնան ամիսներին Հայաստան Թուրքիայից անարգել բավականին քանակությամբ թուրքական լոլիկ է ներմուծվել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Նշենք, որ թուրքական ծագումով լոլիկ Հայաստան Թուրքիայից ներմուծվել է այս տարվա մարտ, ապրիլ, մայիս ամիսների ընթացքում (հիմնականում մարտին է ներկրվել): ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ին ներմուծված լոլիկի ծավալների վերաբերյալ տեղեկություն տրամադրեցին: Ըստ այդմ, վերոնշյալ ժամանակահատվածում Թուրքիայից Հայաստան ներմուծվել է ընդամենը 85 հազար 236 տոննա թուրքական ծագումով լոլիկ: ՍԱՊԾ-ից «Ժողովուրդ»-ին ներկայացրած ներմուծողների ցանկում տեղ են գտել ինչպես ընկերություններ, անհատ ձեռներեցներ, այնպես էլ քաղաքացիներ: Օրինակ՝ անհատ ձեռներեց Գայանե Այունցը ներմուծել է ավելի քան 10 տոննա թուրքական ծագումով լոլիկ, «Արուսգրիգ» ընկերությունը ներմուծել է ավելի քան 22.5 տոննա լոլիկ, «Ակնաձոր» ընկերությունը՝ ավելի քան 4 տոննա, իսկ անհատ Գագիկ Շահվերդյանը ներմուծել է 6 տոննա լոլիկ: Ի դեպ, լոլիկ ներմուծում են Թուրքիայից 59 անհատ, 3 անհատ ձեռներեց եւ 2 ընկերություն: Նշենք, որ նույն ընկերությունները եւ նույն անհատ ձեռներեցները, բացի թուրքական ծագումով լոլիկ ներմուծելուց, ներկրում են նաեւ թուրքական ծագումով վարունգ:
Պարզվում է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում հայաստանցիները ոչ թե օգտվեցին, այլեւ տուժեցին: Բանն այն է, որ ՌԴ-ի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցների արդյունքում ռուսական կողմը հրաժարվեց թուրքական ծագում ունեցող ապրանքատեսակներից, հատկապես բանջարեղենից: Հայրենի կառավարությունը այս ամենի արդյունքւոմ ոգեւորվեց եւ գյուղատնտեսներին հորդորեց ավելացնել արտադրության ծավալները: Սակայն իր հորդորին հետեւողական չեղավ եւ գյուղացուն թողեց միայնակ, նախ՝ կարկուտի, ուժգին քամու դեմ պայքարելիս, ապա՝ ՀՀ ներկրված թուրքական ծագում ունեցող բանջարեղենի: Իսկ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում եւ սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, ինչը լուրջ վնաս է հասցնում հայ արտադրողներին: Բանն այն է, որ գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, սակայն մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից:
Մյուս կողմից էլ եթե ընդհանրապես արգելվի դրսից բանջարեղենի ներմուծումը, հակառակ հարցը պիտի առաջ քաշենք` սպառողն ինչպե՞ս պետք է իր պահանջները բավարարի: Այս թեմայի շուրջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ձմռան ամիսներին տեղական արտադրանքը չի բավարարում ներքին պահանջարկը:
Այս ամենից հետո առնվազն կասկածելի է վերը բերված պաշտոնական թվերը, թե Թուրքիայից ՀՀ այս տարվա գարնան ամիսներին ներկրվել է ավելի քան 85 տոննա լոլիկ: Տեսակետ կա, որ Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցների ժամանակ թուրքական լոլիկն էլ, վարունգն էլ Վրաստանով ներմուծվել եւ շարունակում են ներկրվել ՀՀ: Իսկ պատկան կառույցները հրաժարվում են այդ փաստը խոստովանել եւ հրապարակել Թուրքիայից ՀՀ ներմուծված լոլիկի իրական քանակությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԵՐՈՎ
Վերջին օրերին Հայաստանի տարբեր վայրերում ուժգին կարկտահարություն եղավ: Հունիսի 6-ին էլ կարկուտ տեղաց Նոյեմբերյանի տարածաշրջանում: «Հայկական միրգ» ընկերության Տավուշի մարզի ներկայացուցիչ, Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի բնակիչ Սպարտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե կարկուտը որքա՞ն վնաս է պատճառել պտղատու այգիների բերքին: Նա ասաց, որ հունիսի 6-ին Դեբեդի հովտում կարկտահարությունը երկար չի տեւել, սակայն որոշ վնաս պատճառել է. «Այս տարի արդեն 3 անգամ կարկուտ է տեղացել: Կարկտահարության ամեն դեպքից հետո այգիների բերքը 10-20 տոկոսով նվազում է»,- նշեց գյուղատնտեսը՝ կանխատեսելով, որ այդ պատճառով այս տարի Դեբեդի հովտում սալորի, կեռասի, խնձորի, դեղձի այգիների բերքը սակավ է լինելու: «Կարկտահարությունից պտուղը եթե անգամ ծառից չի ընկնում, սեւանում է, հասունանալով՝ կորցնում ապրանքային տեսքը»,- նկատեց մեր զրուցակիցը: Նշենք, որ Պտղավան գյուղում գործում է հակակարկտային 3 կայան: Ս. Զաքարյանին հարցրինք՝ արդոք դրանք չե՞ն կարողանում ոչնչացնել կարկուտը: Զաքարյանն ասաց, որ այդ կայանները կարողանում են չեզոքացնել կարկտամբեր ամպերի մի մասը, սակայն դրանց զարկերը չեն կարող բերքը փրկել կարկտից: Ի դեպ, Եվրոպայում նման կայանների աշխատանքն անարդյունավետ է համարվել, եւ այնտեղ հրաժարվել են նման կայաններից: «Հայկական միրգ» ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ Եվրոպայում կարկտահարությունից այգիների բերքը փրկելու համար օգտագործում են հակակարկտային ցանցեր: Նա ասաց, որ «Հայկական միրգ» պետական ընկերությունը Դեբեդի հովտում 23 հեկտար պտղատու այգի ունի, որից 4,5 հեկտարը ոռոգվում է կաթիլային եղանակով: Այդ այգիների համար 45 հազար դոլարով Իտալիայում ձեռք են բերվել հակակարկտային ցանցեր: Ս. Զաքարյանի համոզմամբ՝ կարկտից բերքի միակ փրկությունը հակակարկտային ցանցերն են: Հիշեցնենք, որ մեր գյուղատնտեսության ոլորտի պաշտոնյաները խոսում էին Հայաստանում հակակարկտային ցանցերի արտադրություն կազմակերպելու, այն մատչելի գնով գյուղատնտեսներին վաճառելու մասին, սակայն, ինչպես հաճախ, այդ հարցում եւս խոսքից գործի չանցան:

 

 

 

6 ՄԻԼԻՈՆԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՈՍԿԻ
Աբովյանի բնակչուհի Հասմիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նպատակ ունենալով մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել խոշոր չափերով ոսկյա զարդեր եւ ի կատարումն հանցավոր մտադրության՝ նախնական համաձայնության գալով Երեւանի բնակիչ Թեմուր Սալոյանի հետ, վերջինիս կազմակերպմամբ 2014թ. նոյեմբերի 27-ին իրականացրել է 482 գրամ ընդհանուր քաշով, 6 միլիոն 273 հազար 800 դրամ արժողությամբ ոսկյա զարդերի մաքսանենգ տեղափոխումը ՀՀ տարածք: Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, իսկ Թ. Սալոյանին՝ 38-215 հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունիսի 10-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս