ԳԱՌՆԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում նոր ընդվզում է հասունանում: Բանն այն է, որ «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրինությունը փորձում է կրճատումներ անել, ինչին աշխատակիցներն ընդդիմանում են եւ սպառնում ճանապարհ փակել: Եւ քանի որ Գառնիի եւ Գողթի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ բողոքի ակցիաներ են անում, ճանապարհներ են փակում, այդ պատճառով առողջության կենտրոնի տնօրինությունը դանդաղում է կրճատման հարցում՝ փորձելով ուշադրությունը իր վրա չսեւեռել:

«Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է Գառնիի եւ շրջակա 4՝ Գեղադիր, Հացավան, Գողթ եւ Գեղարդ գյուղերի մոտ 11 հազար բնակիչներին: Ի դեպ, նշված թվի մեջ ներառված չեն ամառանոցաբնակները եւ զբոսաշրջիկները: Իսկ մոտավոր հաշվարկով զբոսաշրջային ակտիվ ամիսներին Գառնի-Գեղարդն օրական 1000-1200 այցելու է ունենում: Եւ չնայած սրան՝ բոլորին սպասարկելու համար «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն ունի ընդամենը մեկ շտապօգնության «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ը առողջության կենտրոնի աշխատակիցներից տեղեկացավ, որ այդ մեքենան չափազանց մաշված է, եւ ծանր հիվանդներին դրանով տեղափոխելը մեծ ռիսկ է: Իսկ սրտանոթային հիվանդություններ` ինֆարկտ, ինսուլտ ունեցող հիվանդներին, մասնագետներ, ինչպես նաեւ բուժսարքավորումներ չունենալու պատճառով ուղեգրում են մայրաքաղաք: Բացի այս՝ հիմա բոլոր ծննդկաններին նույնպես ուղեգրում են Աբովյանի կամ Երեւանի հիվանդանոցներ:
Նշենք, որ «Գառնիի առողջության կենտրոնին» վերջին անգամ բուժսարքավորումներ տրամադրվել են 2006 թվականին: Իսկ առողջության կենտրոնի ռենտգեն սարքավորումը 1986 թվականի արտադրության է: Սրան զուգահեռ՝ բուժանձնակազմում նաեւ ռենտգենոլոգ չկա, ժապավենները երեւակում է բուժաշխատողը: Չկա սրտաբան, չունեն նաեւ հերթապահ բժիշկ, այդ պատասխանատվությունը ընկած է բուժքույրերի ուսերին:
Առողջության կենտրոնի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ տեւական ժամանակ է, ինչ կենտրոնի տնօրինությունն ու մարզպետարանի առողջապահության վարչության աշխատակիցները իրենց զգուշացնում են, որ կրճատումներ են անելու: Պատճառը առողջության կենտրոնի փոքր ֆինանսավորումն է: Տեղեկացանք նաեւ, որ մարզպետարանի առողջապահության վարչությունը, կենտրոնի տնօրինության հետ արդեն մի քանի անգամ հանդիպել է աշխատակիցների հետ եւ քննարկել կրճատման հարցը: Վերջին հանդիպմանը կենտրոնի բուժքույրերը մարզպետարանի պաշտոնյային սպառնացել են, որ կրճատման դեպքում իրենք ճանապարհ կփակեն:
«Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները փոխանցեցին նաեւ, որ այս հանդիպումից հետո ե՛ւ կենտրոնի տնօրինությունը, ե՛ւ մարզպետարանի վերոնշյալ բաժինը թեեւ լուռ է, բայց չի բացառվում, որ առաջիկայում նորից բարձրացնի աշխատակիցների կրճատման հարցը: Նշենք, որ խոսքը 15 աշխատակցի մասին է, հիմնականում՝ բուժքույրերի:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց Կոտայքի մարզպետարանի առողջապահության բաժին, որտեղից հավաստիացրին, որ այժմ Գառնիի առողջության կենտրոնում կրճատումներ չկան:
Մինչդեռ առողջության կենտրոնի աշխատակիցները (նրանց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում), «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեցին, որ մարզպետարանը մի ծրագիր է որդեգրել՝ ինչպես ոչնչացնել Գառնիի առողջության կենտրոնը: Ըստ մեր զրուցակիցների՝ առողջության կենտրոնի տնօրինությունը եւ մարզպետարանի համապատասխան բաժինը աշխատակիցներին ազատելը պատճառաբանում են նրանով, որ կենտրոնը չի արդարացնում կատարած ծախսերը: Այսինքն՝ քիչ է ֆինանսավորվում, բայց դրան զուգընթաց ծախսեր շատ է կատարում: «Մարզպետարանից Գառնի եկած Ոսկանյանը եկել էր մեզ համոզելու, որ կրճատումները խիստ անհրաժեշտ են, բայց մենք իրեն կարողացանք հասկացնել, որ ոչ թե պետք է ոչնչացնել կետրոնը, այլ ընդլայնել, վճարովի ծառայություններ իրականացնել»,- մարզպետարանի պաշտոնյայի հետ ունեցած հանդիպման մասին պատմեցին բուժքույրերը՝ հավելելով, որ իրենք Ոսկանյանից պահանջել են տրամադրել մեկական ծառայողական եւ շտապօգնության ավտոմեքենաներ:
Զրույցի ավարտին առողջության կենտրոնի բուժքույրերը հիշեցին, որ տարիներ առաջ նույն առողջության կենտրոնում 40-50 ծնունդ են ընդունել, իսկ հիմա «վախենում են հղիի համար եւ նրան ուղեգրում են Աբովյան կամ մայրաքաղաք»:
Առողջության կենտրոնի մյուս աշխատակիցների պատմելով՝ կենտրոնը մոտ 6 մլն դրամի պարտք է կուտակել: Պատճառը կրկին ֆինանսավորման սակավությունն ու պարտադրված ծախսերի անհամաչափությունն է: Նախորդ տնօրենը՝ Լիլիթ Կարապետյանը, անցած տարեվերջին է ազատվել աշխատանքից, այժմ Գառնիի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Լուիզա Սիմոնյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ տիկին Սիմոնյանի հետ. պարզվեց, որ վերջինս նոր է ազատվել աշխատանքից. «Իմ առողջական խնդիրները չեն ներում, որ ես այդքան մեծ պատասխանատվություն վերցնեմ իմ ուսերին: Ուղղակի ես՝ որպես այդ գյուղում ապրող մարդ, չէի կարող մարդ ազատել աշխատանքից: Հիմա ազատվել եմ աշխատանքից»: Նշենք, որ առողջության կենտրոնի աշխատակիցների շրջանում լուրեր են պտտվում այն մասին, որ այս կերպ փորձում են օտարել կենտրոնի շենքը եւ դրա փոխարեն հյուրանոց կառուցել: Եւ չնայած այս ամենին՝ գյուղապետ Աշոտ Վարդանյանը ոչինչ չի ձեռնարկում: Նույնիսկ չի փորձում զրուցել աշխատակիցների հետ: «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչ միջոցներով է մարվելու այդ պարտքը, գյուղապետ Վարդանյանն ասաց. «Պարտքեր է գոյացել, թե որտեղից տեղյակ չեմ: Գիտեմ միայն, որ 6 մլն դրամ պարտք կա, եւ այն պետք է մարել: Ձեզ թվում է, թե հիվանդանոցը պետք է փակվի՞: Այն միանշանակ աշխատելու է ու շարունակելու է սպասարկել: Հնարավոր է մարման գրաֆիկ կազմել եւ մարել այդ պարտքերը՝ էլեկտրաէներգիայի, հարկային պարտավորությունները եւ մյուս վճարումները: Իսկ թե ինչ միջոցներով կմարվի, տեղյակ չեմ: Դա մեր ենթակայության տակ գտնվող կառույց չէ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԳԱՐԵՋՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ
Բելգիական Բրյուգե քաղաքում ուշագրավ նախագիծ է իրականացվել, որի շրջանակում գարեջրի խողովակաշար է կառուցվել: Ինչպես նշում է The New York Daily News-ը, գարեջրագործ Խավիեր Վանեստեն այս նախագիծը ներկայացրել էր դեռեւս 4 տարի առաջ՝ առաջարկելով Բրյուգեում գտնվող իր գարեջրի գործարանից ալկոհոլային խմիչքը հատուկ խողովակաշարի միջոցով ուղարկել շշալցման վայր: Գարեջրագործի կարծիքով՝ դա շատ ավելի հարմարավետ է, քան քաղաքի մի ծայրից մյուսը մեքենաներով գարեջուր տեղափոխելը: Աղբյուրը մանրամասնում է, որ այդ նպատակով հավաքված տասնյակ հազարավոր դոլարները հնարավորություն են տվել կառուցել խողովակաշարը, որը գործարկվելու է այս աշնանը: Ենթադրվում է, որ այն ժամում 4000 լ գարեջուր է ուղարկելու 3.5 կմ հեռավորության վրա գտնվող շշալցման վայր:

 

 

ԿԱՆԽՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարել է երկրի հատուկ ծառայության կողմից Ֆրանսիայում «Եվրո-2016»-ի անցկացման ժամանակ նախատեսված 15 ահաբեկչություններից բաղկացած շարք կանխելու մասին: «Իրականում անվտանգության ծառայությանը հաջողվել է կանխել 15 ահաբեկչական գործողությունից բաղկացած շարք, որը նախատեսվում էր իրականացնել Ֆրանսիայի տարածքում 2016 թվականի հունիսի 10-ին մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անցկացման նախօրեին եւ ընթացքում»,- հայտարարել է Գրիցակը, ում խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն աշխատել է ավելի քան կես տարի՝ փաստագրելով ամեն քայլը: Գրիցակի խոսքով՝ իրենք չէին պատրաստվում անգամ ճեպազրույց կազմակերպել, բայց տեղեկությունը հայտնվել է արտասահմանյան ԶԼՄ-ներում: Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները գրել էին, որ ուկրաինա-լեհական սահմանին ձերբակալվել է մի ֆրանսիացի, ով տեղափոխելիս է եղել զենքեր եւ 100 կիլոգրամ պայթուցիկ, որն իբր մտադիր էին օգտագործել ահաբեկչությունների համար: Նա կալանքի տակ է գտնվում Ուկրաինայում եւ ենթադրաբար սպասում է արտահանձնման մասին որոշմանը: Գրիցակի խոսքով՝ ձերբակալվածը պատրաստվում էր Ֆրանսիայում մզկիթ, սինագոգ, հարկային եւ ավտոճանապարհների հսկման կետեր պայթեցնել:




Լրահոս