ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԾԵԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի դաժան ծեծը շարունակում է քաղաքական ու հասարակական լայն քննարկման թեմա մնալ: Վարկածներ կան, որ Արցախի ուժայիններն են կազմակերպել ծեծը, այլ կարծիքի համաձայն էլ Սամվել Բաբայանն ինքն է կազմակերպել այն, որպեսզի իր այցի շուրջ աղմուկ բարձրանա, ուշադրություն գրավի:
Բայց ինչ էլ որ լինի, Արցախի իշխանության համար ծեծն իրապես մեծ հարված էր, ինչը երեկ երեկոյան տարածած իր հայտարարության մեջ գրել էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին: Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացվեն հանրությանը»,- երեկ հայտարարեց Բակո Սահակյանը: Սա նշանակում է, որ ԼՂՀ ղեկավարությունը պահի լրջությունը գիտակցել է:
Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարի 31-ին էլ Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներին հենց Բերձորի մոտ Արցախի ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին: Ու հայ հասարակությունը հազիվ էր «մարսել» տեղի ունեցածը, մի կողմ դրել բարկությունն ու ցասումը, ապրիլյան 4 օրյա պատերազմի օրերին համախմբվեց ՀՀ եւ ԼՂՀ իշխանության շուրջ: Սակայն հասարակության լայնախոհությունը կրկին անգամ «բռնաբարվեց»: Դարձյալ գործի դրվեց բռնություններով հարցերը լուծելու տարբերակը:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու մինչ օրս չի հաջողվել կասկածյալներին ձերբակալել, ԼՂՀ փոխոստիկանապետ, գնդապետ Բորիս Ենգիբարյանը պատասխանեց. «Ձեւավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի եւ նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Տարվում է նախաքննություն»:

 

 
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ ստորագրած որոշմամբ ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Վերջին օրերին իշխանական կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մաիսն, որ ինչ-որ մարդիկ մտադրվել են Մովսիսյանին իրենց «մարդով» փոխարինել: Նրանք ՔԱԳՎ պետին հասկացրել են, որ եկել է հրաժարական ներկայացնելու ժամանակը: Բայց Մովսիսյանն այդ «խորհուրդներին» ականջալուր չեղավ, ավելին` Կառավարությունից հավաստիացում էր ստացել, թե «հանգիստ աշխատի»: Այդ անտարբերությանն ի պատասխան՝ նրա կոռումպացված լինելու մասին լուրերը տարածվեցին, ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե Մովսիսյանն ինչ համառությամբ կհերքեր այդ լուրերը: Միեւնույն է, ոչ ոք չէր հավատա դրան: Ուստի Մովսիսյանը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել` հետեւելով «օֆշորային սկանդալի» հերոս Միհրան Պողոսյանի օրինակին: Ըստ լուրերի՝ ՔԱԳՎ պետի պաշտոնի համար պայքարում է իշխանական այն խումբը, որը կարողացավ «Արմավիան» սնանկացնել:

 

 
Մեծամասնական ընտրակարգով մանդատ ստացած իշխանական պատգամավորները դեռեւս չեն կողմնորոշվում իրենց հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերին ինչպես պատասխանել: «Ժողովուրդ»-ի այն հարցումներին, թե արդյոք դուք համամասնական ընտրակարգով պատրաստվում եք պատգամավորի թեկնածու առաջադրվել, մեծամասնականով մանդատ ստացած ՀՀԿ-ականները հիմնականում պատասխանում են, թե կուսակցությունը պետք է որոշի: Իրականում նման պատասխանը քաղաքական գործչի համար, մեղմ ասած, խայտառակություն է: Ի վերջո, քաղաքական գործիչներն իրենք են որոշում իրենց հետագա անելիքը եւ ջանքեր ներդնում իրենց ծրագրերն իրագործելու համար: Սակայն Հայաստանում հատկապես իշխանության ներկայացուցիչները իրենց սկսել են պահել այնպես ինչպես Խորհրդային Հայաստանի տարիների կոմունիստները. «պարտիան կորոշի», «եթե պարտիան վստահի, ապա ես պատրաստ եմ…» եւ այսպես շարունակ:

 

 
Այն լուրը, որ Հայաստանի կարտոֆիլի պահանջարկն ապահովվելու համար այդ մթերքը մի օր կսկսեն ներկրել, դաժան կատակ կհամարվեր: Հայտնի է, որ Հայաստանում առկա պահանջարկից ավել կարտոֆիլ է արտադրվում եւ տարիներ շարունակ այդ մթերքը մեր երկրից նաեւ արտահանվել է: Սակայն այսօր իրողությունը բոլորովին այլ է: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի եւ անվտանգության պետական ծառայությունից պաշտոնապես տեղեկացավ, որ այս տարվա մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել 3 հազար 392 տոննա վաղահաս կարտոֆիլ: 2 հազար տոննան ներմուծվել է ՌԴ-ից, ԱՄՆ-ից՝ 300 կգ, Եգիպտոսից՝ 790 տոննա, Իսրայելից՝ 12 տոննա, Իրանից՝ 22.6 տոննա, Նիդեռլանդներից՝ ավելի քան 22.5 տոննա եւ Վրաստանից՝ 655 կգ: Այսինքն՝ Հայաստանի գյուղատնտեսությունը եւս գնալով քայքայվում է: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները եւ մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մեղմ ասած, ձախողվել են: Գյուղացին չի կարողանում իր կարտոֆիլն իրացնել, բայց երկրում կարտոֆիլ է ներկրվում:

 

 
ԾՐԱՐԻՑ ՀԱՆԵԼ
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն իրականում հանգուցային իրադարձություն էր, որից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ամբողջականացման համար, թերեւս, մնում է ընդամենը մեկ կետ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճանաչումը: Իհարկե, դեռ կան էլի երկրներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, որի ճանաչումը եւս կարեւոր է, բայց գլոբալ իմաստով Օսմանյան Կայսրության դաշնակից Գերմանիայի կողմից սեփական մեղսակցության մասին բարձրաձայնումը չափազանց կարեւոր պատնեշ կոտրեց, եւ Գերմանիայի ճանաչումը պատմական ճշմարտության եւ արդարության հաղթանակի տեսանկյունից ինչ-որ տեղ անգամ ավելի կարեւոր էր, քան ԱՄՆ-ի ճանաչումը: Եվ եթե Հռոմի Պապի կողմից 2015թ. ապրիլին Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելը ամբողջականացրեց միջազգային ճանաչման հոգեւոր կողմը, ապա Գերմանիայի ճանաչումը գրեթե ավարտին հասցրեց ճանաչման քաղաքական կողմը:
Եվ ուրեմն հիմա ժամանակն է մտածելու արդեն խնդրի իրավական կողմի մասին: Իսկ ինչ է անում այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը: Մեծ հաշվով՝ ոչինչ: Մինչ օրս պաշտոնական մակարդակով պահանջատիրության կամ փոխհատուցման մասին թերեւս միակ բարձրաձայնումը եղել է նախորդ տարի հունվարին ընդունված ցեղասպանության մասին համահայկական հռչակագիրը, որի 6-րդ կետում կար հիշատակում՝ խնդրի իրավական լուծումների նպատակով համապատասխան թղթածրար պատրաստելու մասին:
Անցել է արդեն մեկուկես տարի, սակայն որեւէ լուր չկա, թե ինչ եղավ այդ թղթածրարը: Դրա մասին մամուլը վերջին անգամ հիշատակեց անցած տարի սեպտեմբերին, երբ նշվեց, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համապատասխան մասնագետների կողմից պատրաստված իրավական քայլերի փաթեթը փոխանցել է իշխանություններին: Իսկ թե դրանից հետո ինչ եղավ այդ թղթածրարը, դրան ինչպիսի ընթացք տրվեց, հայտնի չէ. ո՛չ թուղթը կա, ո՛չ ծրարը:
Մինչդեռ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի պաշտոնական Երեւանը մեջտեղ հանի այդ թղթածրարը եւ վերջապես սկսի կոնկրետ քայլեր անել՝ փոխհատուցման իրավական ընթացակարգեր սկսելու ուղղությամբ: Ի վերջո, եթե այդ թղթածրարն այդքան երկար ժամանակ անտեսված չլիներ, եւ հայկական կողմը արդեն իսկ այն գործի դներ, չի բացառվում, որ հենց նույն Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձեւում որոշ հանձնարարականներ ունենային այլ ձեւակերպումներ: Բայց քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ձկան նման լուռ է, որեւէ այլ պետություն չի կարող եւ չպետք է անի ավելին, քան խնդրի բուն հասցեատերը:
Եվ ուրեմն, քանի որ, ինչպես նշվեց, ճանաչման գործընթացը մոտենում է վերջնական հանգրվանին, հայկական կողմն ուղղակի իրավունք չունի դանդաղելու հաջորդ՝ փոխհատուցման փուլին նախապատրաստվելու հարցում:




Լրահոս