ՀՀ Սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի կարեւոր փոփոխություններից մեկն էլ վերաբերում էր Ազգային ժողովի ձեւավորման ընտրակարգին: Թեեւ օրերս ընդունված նոր ընտրական օրենսգրքի քննդատները նշում են, որ սահմանված համամասնական ընտրակարգը իրականում թաքնված մեծամասնական ընտրակարգ է, այդուհանդերձ, տարիներ շարունակ բացառապես մեծամասնական ընտրակարգով Աժ-ում հայտնված մի շարք պատգամավորներ մտահոգված են, քանզի նրանց ապագան անորոշ է:
ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի 89-րդ հոդվածի 3 կետում նշված է. «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձեւավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները եւ կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով»:
Այս հարցի շուրջ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում ընդգրկված մի շարք պատգամավորների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյան
-Պարո՛ն Հակոբյան, նոր ընտրական օրենսգրքով սահմանված է բացառապես համամասնական ընտրակարգ: Դուք, որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ ընտրությունների հետ կապված, Ձեզ առաջիկայում տեսնո՞ւմ եք խորհրդարանում:
-Նոր ընտրական օրենսգիրքը միայն համամասնական ցուցակ չէ, կա նաեւ տարածքային ցուցակ: Իսկ ցուցակները կուսակցության որոշումով է կայացվում, եթե կուսակցությունը, կուսակցության ղեկավարությունը ցանկանա, որ ես դառնամ պատգամավոր, ցուցակում կգրեն, եւ ես կփորձեմ պայքարել: Բայց կարծում եմ, որ կլինեմ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ Սահմանադրության եւ ԸՕ փոփոխությունների արդյունքում մեծամասնական ընտրակարգը վերացվեց: Ի՞նչ եք պատրաստվում անել՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար եւ ինչպե՞ս եք վերաբերվում այս փոփոխությանը:
-Շատ նորմալ եմ վերաբերվում: Ես կողմ եմ քվեարկել անձամբ, եթե այսօր մեր իշխող կուսակցությունը համարում է, համարում ենք, որ այս ընտրակարգը մեր երկրի զարգացման հենասյուներից մեկն է լինելու, բնականաբար, կողմ ենք քվեարկում եւ ակնկալում ենք փոփոխություն: Առաջիկայում ինձ խորհրդարանում տեսնել-չտեսնելու խնդիր չունեմ այս պահին: Դեռ կուսակցական որոշում չկա, կուսակցությունն է որոշում այդ հարցերը, դրա համար եկեք ժամանակից առաջ չընկնենք, ժամանակը ինքը ցույց կտա: Ընդհանրապես խնդիր չեմ տեսնում, հավերժ ոչինչ ընդհանրապես չի լինում: Ինձ ընտրել են իմ ընտրողները, եկել եմ իմ պարտականություններն եմ արել, լավ եմ արել, թե վատ եմ արել, էլի ժողովուրդն է որոշում, մի խոսքով, աշխարհի վերջը չի:
ԱԺ անկախ պատգամավոր Գրիգոր Մարգարյան
-Պարո՛ն Մարգարյան, Դուք, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, 2017 թվականին Ձեզ խորհրդարանում տեսնո՞ւմ եք:
-Մեկ տարի կա, ժամանակը կգա, կորոշենք:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, 2017 թվականին Ձեզ տեսնո՞ւմ եք խորհրդարանում եւ ինչպե՞ս եք վերաբերվում ընտրական օրենսգրքի փոփոխութանը, ինչի արդյունքում մեծամասնական ընտրակարգը վերացվեց:
-Ընդհանուր ընտրական օրենսգրքին ես կողմ եմ քվեարկել: Ինչ իմանամ, Դուք գիտե՞ք՝ վաղը որտեղ եք լինելու, օրը կգա, բարին էլ հետը:
ԱԼԻԵՎԻ ԸՆՏԱՆԻՔԸ 64 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՇԱՀՈՒՅԹ Է ՍՏԱՑԵԼ
Երեկ հետաքննող լրագրությամբ զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկի` «Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի ուսումնասիրության նախագծի» (OCCRP) ներկայացուցիչները զեկույց են հրապարակել, որում անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի ունեցվածքին:
Կազմակերպության ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես Ալիեւների մերձավոր բիզնես գործընկեր Աշրաֆ Քամիլովին պատկանող 2014 թվականի դեկտեմբերին ստեղծված Կասպիական զարգացման բանկը, որը կազմավորումից երեք օր անց 52 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրել Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին:
«Գործարքի կնքումից երեք շաբաթ անց Կենտրոնական բանկն արժեզրկեց մանաթը, ինչի արդյունքում Կասպիական զարգացման բանկը միայն ամերիկյան տարադրամի փոխարժեքի կտրուկ տատանման շնորհիվ կարողացավ ավելի քան 12 միլիոն դոլար վաստակել: Դեկտեմբերյան արժեզրկման արդյունքում միայն այս վարկից բանկի ստացած շահույթն է՛լ ավելի աճեց` հասնելով 24 միլիոն դոլարի», – նշված է զեկույցում:
Բացի այս՝ զեկույցի հեղինակների աչքից չի վրիպել նաեւ AtaBank-ը, որի սեփականատերը Իլհամ Ալիեւի որդի Հեյդարն է, իսկ բաժնետերերը դստրեր` Լեյլան եւ Արզուն:
Զեկույցի հեղինակները նշում են. «Մանաթի առաջին արժեզրկումից երկու օր առաջ` 2015-ի փետրվարի 19-ին, Ալիեւների ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող ընկերություններից մեկը` շինանյութի արտադրությամբ զբաղվող AAL-ը, վերակառուցում է բանկից վերցված 76 միլիոն դոլարի վարկը` վճարելով այն մանաթով եւ նույն օրը շատ ավելի մեծ դոլարային վարկ վերցնելով: Երկու օր հետո, երբ մանաթն արժեզրկվեց, AAL ընկերությունը կարողացավ շուրջ 20 միլիոն, իսկ AtaBank-ը` 39 միլիոն դոլարի շահույթ ապահովել»:
Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Փաշաեւա-Ալիեւայի հարազատների կողմից ստեղծված եւ նախագահի դստրերի կողմից վերահսկվող PashaBank-ը եւս մեծ եկամուտներ է ապահովում: Ըստ հրապարակած զեկույցի՝ այն կարողացել է 2015-ին իրականացված արտարժութային գործարքների շնորհիվ 28 միլիոն դոլարի շահույթ ստանալ: Բայց ուշագրավն այն է, որ այդ գործարքների մասին բանկի հաշվետվության մեջ որեւէ տեղեկատվություն չկա:
«Այս գործարքների արդյունքում որոշ հարցեր են ծագում: Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը տեղյակ է եղել մանաթի առաջիկա արժեզրկման մասին, արդյո՞ք ինքը՝ նախագահը կամ նրա թիմակիցներից որեւէ մեկը կամ բոլորը միասին քայլեր են ձեռնարկել` պաշտպանելու իրենց պատկանող բիզնեսներն ու օգտագործելու ստեղծված ճգնաժամային կացությունը՝ շահույթ ստանալու նպատակով»,- նշված է «Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի ուսումնասիրության նախագծի» հեղինակների հրապարակած զեկույցում:
Հետաքննող լրագրությամբ զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկի պնդմամբ, փաստորեն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը 2015 թվականին մանաթի արժեզրկման արդյունքում շուրջ 64 միլիոն դոլարի շահույթ է ստացել:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՈՒՐԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Ինչպես հայտնի է՝ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի քաղաքացի: Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել: Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ Է գտնվել՝ Ս 238 տեսակի ռադիոակտիվ նյութով: Հետագայում հայտնի դարձավ, որ ձերբակալված ՀՀ քաղաքացիներից մեկը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդի, Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ Միհրան Մովսիսյանն է: Շուտով կլրանա երկու ամիսը, ինչ այս միջադեպը բացահայտվել է, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե Միհրան Մովսիսյանը կոնկրետ ինչում է մեղադրվում եւ արդյոք նա ուրանի ձեռքբերման հետ առնչություն է ունեցել: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ մինչ օրս Վրաստանի իրավապահները ՀՀ քաղաքացիների հարցով հայ իրավապահների հետ չեն կապվել: Կարելի է ենթադրել, որ խմբի գործողությունները Հայաստանի հետ կապող ոչ մի տվյալ դեռ չկա քրեական գործում:
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԿԱՆՉԵԼ
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ վճռաբեկ դատարանում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել էր, թե ինչպես է շտապօգնության մեքենան շտապում ՀՀ վճռաբեկ դատարանի շենք, որտեղ մի խումբ աշխատակիցներ սրտատրոփ սպասում էին բժիշկներին: Ավելի ուշ վճռաբեկ դատարանի աշխատակիցներից պարզեցինք, որ շտապօգնությունը կանչել են՝ դատավորներից մեկի օգնականին բժշկական օգնություն ցուցաբերելու համար, քանի որ նա ճնշման տատանման խնդիր է ունեցել:
ԳՆԱՆԿՈՒՄ, ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է 1,6 տոկոսի գնանկում: Նշենք, որ հատկապես պարենային ապրանքների շուկայի դեպքում նշվում է, թե գնանկումը 4.8 տոկոս է կազմել: Թեեւ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է, որ Հայաստանում գնանկում է տեղի ունեցել, իրականում առաջին անհրաժեշտության ապրանքների օրինակով մենք փաստացի ոչ մի գնանկման էլ ականատես չենք: Մյուս կողմից հայտնի է, որ ԱՎԾ-ն գների ինդեքսը հաշվարկելիս ոչ միայն ապրանքների փաստացի գներով է առաջնորդվում, այլ նաեւ բազմաթիվ գործոններ է ներառում, որոնց մի մասն էլ ֆինանսական շուկային է վերաբերում: Մեր տեղեկություններով՝ գնանկումը հենց ֆինանսական գործիքների կիրառմամբ է պայմանավորված: Իսկ նպատակը՝ դոլարի փոխարժեքի բարձրացում թույլ չտալն է: Թեեւ դոլարի փոխարժեքի արհեստական զսպումը սպառողներին ձեռնտու է, բայց տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսանկյունից կործանարար կարող է լինել: