ԿՈԱԼԻՑԻՈՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն փաստացի փոխհամաձայնեցված քաղաքականություն են վարում, ինչն այս տարվա փետրվարի 24-ին պաշտոնական կոալիցիայի վերածվեց: Իսկ ի՞նչ արդյունք է տվել այդ «համագործակցությունը» մեր երկրին:

Հաշվի առնելով այն փաստը, որ «Քաղաքական համագործակցության համաձայնագիր» վերնագրով փաստաթղթով ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն վերացական եւ կոնկրետ արդյունք չենթադրող հայտարարություններից բացի՝ նաեւ կոնկրետ ոլորտների վերաբերյալ խոստումների շարադրանք է, փորձենք հասկանալ՝ դրանք ինչպես են իրագործվել մինչ այժմ:
Այսպես՝ կոալիցիոն իշխանությունները խոստացել էին. «Շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը՝ ապահովելով մարդու արժանապատվության անխախտելիությունն ու իրավունքի գերակայության սկզբունքի լիարժեք իրացումը»: Այս խոստումից հետո քաղաքական հայացքների համար հետապնդվող եւ բանտերում հայտնված անձինք՝ Շանթ Հարությունյանն ու ընկերները, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, այդպես էլ ազատ չարձակվեցին: Իշխանությունները շարունակեցին հովանավորել ընտրակեղծարարներին: Անհերքելի փաստ է, որ ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների կողմից սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման բազմաթիվ դեպքեր բացահայտվեցին, որոնց մեղավորներից եւ ոչ մեկը սակայն ազատությունից չզրկվեց:
ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն խոստացել էին. «Ընտրական նոր օրենսգրքով եւ Հանրաքվեի մասին նոր օրենքով երաշխավորել ազատ, հանրության համար վստահելի ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, անմիջական ժողովրդավարության սահմանադրական նորմերի գործադրումը»: Ընտրական նոր օրենսգիրքը արդեն իսկ ընդունվել է, եւ այլեւս փաստ է, որ կոալիցիոն իշխանությունը մտադիր չէ հրաժարվել ԸՕ-ի այն դրույթներից, որոնք ընտրակեղծարարության հնարավորություն են ստեղծում: Այսինքն՝ այս դեպքում եւս գործ ունենք դատարկ խոստման հետ, որն իրական կյանքում ոչ միայն չի իրագործվել, այլ մի բան էլ դեռ լրիվ հակառակ ուղղվածությամբ են լուրջ ջանքեր ներդրվել: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններն անցան կոալիցիոն իշխանությունների արտոնած ընտրակաշառքի տոտալ կիրառության պայմաններում:
«Գործադրել ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն եւ գործնականում երաշխավորել ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու մրցակցությունը»,- սա եւս ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի խոստումներից է: Թե ինչպես են կոալիցիոն իշխանությունները մենաշնորհների դեմ պայքարում, բոլորս ենք ականատես:
Մեջբերենք կոալիցիոն հաջորդ խոստումը. «Աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական ապահովության եւ առողջության պահպանման ոլորտների քաղաքականության հիմքում դնել անձի արժանապատիվ գոյությունը, աղքատության նվազեցումը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, պետական պարտադիր եւ կամավոր ապահովագրական համակարգերի զուգահեռ գործունեությունը»: Քանի որ վերը բերված խոստումներից չափելին միայն գործազրկության մակարդակն է, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ, գործազրկության մակարդակը մոտ մեկ տոկոսով աճել է՝ պաշտոնապես հասնելով 18,5 տոկոսի:
«Ակտիվ ժողովրդագրական քաղաքականության, բազմակենտրոն եւ համաչափ զարգացման ծրագրերի իրականացմամբ նպաստել ազգաբնակչության թվաքանակի աճին»,- սա եւս ՀՀԿ-ՀՅԴ դուետն է խոստացել ու տապալել: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 16 հազար 588 ՀՀ քաղաքացի: Համոզված կարող ենք ասել, որ մեկնածների մեծ մասը Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիներ են: Այսինքն՝ իշխանությունները որքան շատ են խոստանում նպաստել Հայաստանի բնակչության թվի աճին, այնքան ավելի շատ մարդ է երկրից արտագաղթում:
Կոալիցիոն փաստաթղթում նաեւ այսպիսի խոստում կա. «Զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության համակարգերը»: Քառօրյա պատերազմի արդյունքում հայ հանրությունը համոզվեց, թե Հայաստանի իշխանությունները որքանով են ամրապնդել երկու հայկական պետությունների անվտանգությունը: Պատերազմի արդյունքում ապացուցվեց, որ երկրի անվտանգության ամրապնդման համար հատկացված միջոցներն իրենց նպատակին չեն ծախսվել: Այդ գումարների հաշվին Հայաստանի ղեկավարությունը ու գեներալներից մի քանիսն են հարստացել:
Մի խոսքով, երբ իշխանությունները ոչ մի խոստում չեն տալիս, այլ ուղղակի լուռ ու մունջ զբաղվում են երկիրը թալանելով, դա ավելի «ազնիվ» է: Թե չէ այսպիսի գեղեցիկ ու հրատապ լուծում պահանջող խնդիրների բարձրաձայնումն ու անկատար թողնելն ամենեւին «սիրուն չէ»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿՆՈՋ ՀԱՇՎԻՆ
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւս այն պաշտոնյաներից է, որն ապրում է կնոջ հաշվին: Այսպես, ըստ իր հայտարարագրի՝ անցած տարեվերջի դրությամբ նա ունեցել է ընդամենը 350 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ փոխքաղաքապետը հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական մոտ 390 հազար դրամ: Իսկ փաստաթղթերով ընչազուրկ փոխքաղաքապետի կինը՝ Արմենուհի Հարությունյանը, բավական ունեցվածքի տեր է: Նա հայտարարագրել է 92 հազար 243 դոլար եւ 300 հազար դրամ դրամական միջոց: Բայց նա էլ որպես եկամուտ հայտարարագրել է միայն իր աշխատավարձը՝ ամսական 143 հազար դրամ եւ 2 մլն 890 հազար դրամի չափով շահաբաժին: Այլ կերպ ասած, նա ի տարբերություն ամուսնու՝ նաեւ բիզնեսներ ունի:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵՆ, ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից փորձեց պարզել, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանի ղեկավարությունը խուսափում է Սամվել Բաբայանին ընդունելության արժանացնելուց: Ի վերջո, Սերժ Սարգսյանը նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին այցելության գնաց, բայց Բաբայանին չի ցանկանում ընդունել: Ո՞րն է այդ թշնամանքի պատճառը: Մեր այս հարցին Բաղդասարյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես երկրի առաջին նախագահ եւ քաղաքական գործիչ է, իսկ Սամվել Բաբայանին որպես քաղաքական գործիչ այդպիսին չեմ տեսնում: Նա ռազմական գործիչ է եւ կարող է օգտակար լինել, կարող է երկրին, հայրենքին ծառայել: Ինչը որ կատարվում է, սրանք սադրիչ գործողություններ են եւ պետք է խորհուրդ տրվի, որ նման իրավիճակում այդպիսի գործողությունները դադարեն»:

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում. նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են չեղարկել ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճի հաշվին ինքնահոս եղանակով ոռոգելի դարձնել Արարատի եւ Կոտայքի մարզերի որոշ տարածքները: Գողթեցիների խոսքերով, այդ տարածքները օլիգարխների են պատկանում: Երեկ նրանք նույնպես ի նշան բողոքի ճանապարհ են փակել՝ այդպես պահանջելով դադարեցնել իրականացվող շինաշխատանքները: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանի հետ, ով տեղեկացրեց, որ երեկ գյուղացիների հետ ծրագիր իրականացնող հանձնաժողովը հանդիպել է եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ծրագիրը իրենց իսկ մասնակցությամբ քննարկել: Իսկ մինչ այդ շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն: Գյուղացիները խոստացել են ճանապարհը չփակել:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ազատ գետից Արարատի մարզի գյուղեր ջուր տանելու ծրագիրը չեղարկելու պահանջով գառնեցիներն էին ճանապարհ փակել, եւ խնդիրը լուծվեց վարչապետի այցից հետո:
Ստացվում է, որ ՀՀ-ում ջրի խնդիրը լուծվում է միայն ճանապարհ փակելով, ինչը վատ նախադեպ է:

 

 

 
ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ
Բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ, երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն այցելության ժամանակ: Սարգսյանը հույս է հայտնել, որ «ողջամիտ ժամկետներում փաստաթուղթը ստորագրված կլինի, ինչն է՛լ ավելի կխթանի մեր համագործակցությունը»:

 

 

ԿԴԻՏԱՐԿԵՆ
Հունիսի 8-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արեւելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/:

 

 

ՄԻՊ  ԽՈՍՆԱԿ
ԿԳՆ նախկին մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը երեկվանից ստանձնել է ՄԻՊ մամուլի խոսնակի պարտականությունները. «Շնորհակալ եմ պարոն Թաթոյանին պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար եւ հավատացած եմ, որ ՄԻՊ-լրատվամիջոցներ առկա կառուցողական ու սերտ աշխատանքը կշարունակվի»,- սոցցանցի իր էջում գրել է Եգանյանը:

 

 

ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ սիրված դերասանուհի, Հ2 հեռուստաընկերության «Համով զրույց» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Զառա Արամյանը տեղափոխվել է Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց, որտեղ բժիշկները ստենդավորում են կատարել, եւ նա մի քանի օր մնալու է հիվանդանոցում:

 

 

ՔԻԹՆԵՐԸ ՉԽՈԹԵԼ
«Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, եւ լավ կլինի, որ Հայաստանի քաղաքական ուժերը նստեն իրենց տեղը եւ իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսների մեջ»: Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելուն եւ Սամվել Բաբայանի վերադարձին` երեկ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Քաղաքական գնահատական հնչեցրել են խմբակցությունները, իրավականով էլ զբաղվում են իրավապահները», – ասել է Շարմազանովը:




Լրահոս