ԼՂՀ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԱՐՑԱԽԻ ԾԵԾԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, անդրադառնալով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի գործին, վստահեցրեց, որ գործը չի կոծկվի. «Տարվելու են օրենքի համապատասխան միջոցառումներ, օրենքով նախատեսված հանցագործները պատժվելու են»:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Արցախի մայրաքաղաքի կենտրոնում ծեծի էր ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ երբ դուրս է եկել Ազգային ժողովի շենքից, իրեն մոտեցել են 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել են մեքենան, տարել Ստեփանակերտի հարեւանությամբ գտնվող գյուղ, որտեղ մոտ 20 հոգով սկսել են հարվածել: Ավելին՝ հայտնի դարձավ, որ Հայկ Խանումյանին ծեծողները նրան ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որը իրեն անձամբ տվել է Սամվել Բաբայանը:
Երեկ Հայկ Խանումյանը նշել է, որ 7 հոգուն ճանաչում է արտաքինով ու դեռ չի շտապում անուններ հրապարակել, քանի որ ենթադրությունները դեռ պետք է հստակեցվեն: Անդրադառնալով իրավապահ մարմինների գործողություններին, թե արդյո՞ք գործը կբացահայտվի, Խանումյանը հայտնել էր, որ եթե քննչական խումբն ուսումնասիրի Ազգային Ժողովի տեսանկարահանող սարքերը եւ «Արցախ» բանկի տեսանկարահանող սարքերը, ապա հնարավորություն կունենա որոշակի մարդկանց գտնել: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը) հատկանիշներով:
Դեպքից արդեն երկու օր է անցել, սակայն գործով որեւէ կասկածյալ չկա:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանի հետ:
-Պարո՛ն Ենգիբարյան, ինչպե՞ս է ստացվում, որ Արցախում օրը ցերեկով մարդ են ծեծում, եւ ծեծողները դեռ անհայտ են ու անպատիժ:
-Միայն կարող եմ ասել, որ հարուցվել է քրեական գործ՝ երկու հոդվածով, եւ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվում՝ անհայտ անձանց հայտնաբերելու եւ ձերբակալելու համար: Այս պահին այլ բան Ձեզ չեմ կարող ասել:
-Հրապարակվեց այն մասին, որ պատգամավորին ծեծողները նրան ստիպողաբար գրել են տվել, թե իբր Սամվել Բաբայանի դիմավորումը կազմակերպել է փողի դիմաց, որն անձամբ տվել է Սամվել Բաբայանը: Ավելին՝ անգամ հայտնի է որ Ազգային ժողովի եւ Արցախ բանկի տեսախցիկները տեսանկարահանել են ծեծի մի մասը, որը տեղի է ունեցել հրապարակում: Արդյո՞ք ոստիկանությունն առգրավվել է այդ տեսախցիկները եւ ի՞նչ է պարզել դրանց միջոցով: Ավելին՝ Խանումյանն ինքը է հայտնել, որ դեմքերով հիշում է իրեն ծեծողներին, մի՞թե այսքան փաստերը բավական չեն որոշակի անձանց բերման ենթարկելու համար:
-Նախաքննության շահերից ելնելով՝ ես այս հարցերին չեմ կարող պատասխանել: Նշեմ, որ ձեւավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի եւ նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Տարվում է նախաքննություն:
-Հասարակության մոտ մտավախություն կա, որ այս ծեծի գործը կկոծկվի, ինչպես կոծկվեց 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամներին Բերձորի ճանապարհին ծեծի ենթարկելու դեպքը: Այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ու գործը փակվեց, գնաց:
-Այդ ի՞նչ խոսակցություններ են, ինչպես կարող է՝ գործը փակվի, ոչ մի քրեական գործ էլ չի փակվում, մինչեւ անձը չհայտնաբերվի, այդ ինչ զրույցներ են, չեմ հասկանում:
-Մարդիկ մտավախություն ունեն, որ պատգամավորի ծեծը կմնա անպատիժ:
-Ո՛չ, ինչպե՞ս, քրեական գործը հարուցված է, տարվելու են օրենքի համապատասխան միջոցառումներ, օրենքով նախատեսված կարգով հանցագործները պատժվելու են:
-Այս դեպքը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Ադրբեջանի իշխանություններից, քանի որ ոչ միայն Ադրբեջանում կարող են դաժանորեն մարդ ծեծել իշխանությունից տարբերվող կարծիք արտահայտելու համար: Արդյո՞ք այս դեպքը ստվեր չի գցի ԼՂՀ իշխանությունների իմիջի վրա:
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ոստիկանությունը ապաքաղաքական մարմին է, եւ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում:
Հ.Գ. Երեկ՝ ուշ երեկոյան, տեղի ունեցած միջադեպի մասին հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը. «Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում: Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, եւ վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացվեն հանրությանը: Ես նաեւ մշտական կապ եմ պահպանում ԼՂՀ առողջապահության նախարարի հետ, ինձ պարբերաբար տեղեկություններ են հաղորդվում պարոն Խանումյանի առողջական վիճակի վերաբերյալ: Հայկ Խանումյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԽՈՑԵԼԻ ԽԱՎԻ ՇՈՒՐՋ
Դեռեւս 2015 թվականի նոյեմբերի 11-ին Եվրամիությունը «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության» համաձայնագրի հիման վրա ֆինանսավորում էր հատկացրել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` որոշում եմ. Հաստատել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին եւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը»,- գրված է Սերժ Սարգսյանի հրամանագրում, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Ինչեւէ: ԵՄ-ն մի շարք ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հարցով առանձնացրել էր նաեւ սեռական փոքրամասնությունների մասով օրենքում կարգավորումներ իրականացնելու հարցը, որը փաստացի ձեւավորելու է «երկնագույների օմբուդսմենի» ինստիտուտ:
Դեռեւս 2016 թվականի մայիսի 4-ին գրել էինք, որ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, ներկայիս օմբուդսմեն Արման Թաթոյանը ԵՄ անդամների եւ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ համատեղ հանդիպման ժամանակ առաջարկել էր, որ այդ ինստիտուտը ստեղծվի հենց ՄԻՊ գրասենյակին կից: Իհարկե, այս տարբերակը ամենեւին էլ Կարեն Անդրեասյանի սրտով չէր, բայց նա ոչինչ չէր կարողացել անել: Եւ, ահա, իրադարձություններն այնպես զարգացան, որ Արման Թաթոյանն ինքը դարձավ իր իսկ առաջարկի կատարողը:
Ինչպե՞ս է ԵՄ ծրագիրն իրագործվելու: «Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց Արման Թաթոյանի հետ, ով նախ ասաց.
-Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, խորհուրդ եմ տալիս ավելի մանրամասնորեն ուսումնասիրել այդ փաստաթղթերը, դրանք բոլորը հրապարակային դաշտում առկա են:
-Այսինքն՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից «երկնագույների պաշտպանություն» իրականացնող հանձնաժողով չի՞ ստեղծվելու:
-Ո՛չ, այդպիսի բան նախատեսված չէ, խոսքը բոլորովին այլ բանի մասին է եղել:
-Կոնկրետ ասեք, խնդրում եմ, ի՞նչ կարգավորումների մասին է խոսքը:
-Խոսքը վերաբերում է հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը, տարեցների իրավունքների պաշտպանությանը: Այս կարեւոր հարցերի մասին է խոսքը, դուք ուսումնասիրեք այն նրբությունը, որ ամեն ինչ հստակ լինի:
-Դուք ՀՀ արդարադատության փոխնախարար եղած ժամանակ չե՞ք առաջարկել այդ հանձնաժողովը ստեղծել ՄԻՊ գրասենյակին կից` չկանխատեսելով, որ հետագայում Դուք կարող էինք օմբուդսմեն նշանակվել եւ ինքներդ իրականացնել այդ գործառույթը:
-Ո՛չ, Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Կրկին ասում եմ, որ խոսքը վերաբերում է հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը, եւ այդ նախագծի մշակման հետ Մարդու իրավունքների պաշտպանը որեւէ առնչություն չունի: Ես Ձեզ վստահեցնում եմ, եկեք, մի՛ փնտրեք բաներ, որոնք գոյություն չունեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Է
ԼՂՀ գործող ՊՆ նախարար Լեւոն Մնացականյանը հակադարձելով իր նախորդին՝ նախկին ՊՆ նախարար Սամվել Բաբայանին՝ վերջինիս մեղադրել է 1994 թվականին Ադրբեջանին 21 կիլոմետր տարածք հանձնելու համար: Ի պատասխան Բաբայանի քննադատություններին, թե բանակում կարգապահությունը չափազանց ցածր վիճակում է, ինչի արդյունքում «մի կես ժամ-մի ժամվա մեջ էդ ամբողջ դիրքերը հանձնվել են», Լեւոն Մնացականյանը հորդորել է «հիշողությանը զոռ տալ» եւ վերհիշել, թե ինչպես է ժամանակին հողեր հանձնել: «Կառաջարկեի վերլուծեն 94 թվականի հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցածները, երբ որ նույն հարավային ուղղությամբ մեկ օրվա ընթացքում հակառակորդի ճնշման տակ 21 կիլոմետրից ավել տարածք մեկ օրում հանձնվել ա»,-ասել է Մնացականյանը:

 

 

 

ՎԵՐՋԱՊԵՍ
«Մեդիամաքս»-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի՝ ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովը (ECRI) երեկ հրապարակած զեկույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության շարունակական քարոզչության կապակցությամբ: «Քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են օգտագործել ատելություն սերմանող լեզու հայերի նկատմամբ: Ադրբեջանի մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այս ատելության հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված գործընթացում ներգրավված ակտիվիստները հակասական մեղադրանքներով ձերբակալվել են»,-ասված է ԵԽ հանձնաժողովի զեկույցում: Զեկույցի հեղինակները նշել են, որ 2012թ. հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ազատ արձակելն ու հերոսացնելը ռասայական հանցագործությունների իրականացման համար անպատժելիության մթնոլորտ են խրախուսում: ԵԽ հանձնաժողովը հորդորել է Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել մշտական ատելության քարոզին, եւ խրախուսել փոխըմբռնման եւ վստահության կառուցման մթնոլորտը:




Լրահոս