ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վաղահաս կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերներին խոստացել է, որ կարտոֆիլի մեծ քանակություն կարտահանվի դեպ Ռուսաստան: Սակայն պարզվում է, որ ոչ թե ՀՀ-ից է վաղահաս կարտոֆիլ արտահանվում դեպի ՌԴ, այլ հակառակը՝ ՌԴ-ից է այն ներմուծվում: Դրա արդյունքում, բնականաբար, տուժում են մեր գյուղացիները, քանի որ ներմուծման հետեւանքով վաղահաս կարտոֆիլի գինն իջել է:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի եւ անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ 2016 թվականի մարտի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներկրվել է ընդամենը 3 մլն 391 հազար 785 կգ վաղահաս կարտոֆիլ, որից ավելի քան 2 հազ. տոննան ներմուծվել է Ռուսաստանի Դաշնությունից: Վաղահաս կարտոֆիլ ներմուծվել է նաեւ ԱՄՆ-ից՝ 300կգ, Եգիպտոսից՝ 790 տոննա, Իսրայելից՝ 12 տոննա, Իրանից՝ 22.6 տոննա, Նիդեռլանդներից՝ ավելի քան 22.5 տոննա եւ Վրաստանից՝ 655 կգ: Ի դեպ, տեղեկացնենք, որ կարտոֆիլ ներկրողների ցանկում տեղ են գտել ինչպես ՍՊԸ-ներ, ԱՁ-ներ, այնպես էլ անհատներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վստահեցմամբ՝ ներմուծված վաղահաս կարտոֆիլի ողջ խմբաքանակն անցել է ֆիտոսանիտարական լաբորատոր փորձաքննություն, ստուգվել են նաեւ անվտանգության ցուցանիշները, ապա միայն հասցրել սպառողին: Օրինակ՝ անհատ ձեռներեց Ջոնի Շլեպչյանը ՌԴ-ից ներմուծել է 214.7 տոննա կարտոֆիլ, անհատ ձեռներեց Ալիկ Մգոյանը՝ 146 տոննա, «Մոնի գրուպ» ընկերությունը ՌԴ-ից ներմուծել է 248 տոննա կարտոֆիլ, «Ա եւ Վ եղբայրներ» ընկերությունը՝ 88 տոննա եւ այսպես շարունակ:
Վաղահաս կարտոֆիլ ներմուծողների ցանկում տեղ է գտել նաեւ «Ակնաձոր» ընկերությունը, որը այս տարվա գարնան ամիսներին Թուրքիայից լոլիկ եւ վարունգ է ներմուծել: Սակայն այս ընկերությունը վաղահաս կարտոֆիլ ներմուծել է Եգիպտոսից՝ 790.5 տոննա: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին: Ի դեպ, պետռեգիստրում ընկերության հիմնադիրը հենց Հայկ Սարգսյանն է:
Այսպիսով՝ մինչ որոշ հասարակական կազմակերպություններ պայքարում են կամ խստացնող մեխանիզմներ են մշակում թուրքական ապրանքների ներկրման դեմ, այս ընթացքում թուրքական լոլիկը, վարունգը, այժմ նաեւ վաղահաս կարտոֆիլը անարգել մուտք են գործում հայկական շուկա: Ներքին շուկայում հայկական, ռուսական եւ եգիպտական վաղահաս կարտոֆիլից բացի՝ վաճառվում է նաեւ թուրքական ծագումով վաղահաս կարտոֆիլ: Թուրքական արտադրանքի ինքնարժեքն ավելի ցածր է, ինչը տեղական արտադրողների համար խնդիրներ է ստեղծում: «Ժողովուրդ»-ը ՍԱՊԾ-ից տեղեկացավ, որ այս տարվա գարնան ամիսներին Թուրքիայից ՀՀ ներմուծվել է 371 տոննա վաղահաս կարտոֆիլ: Ներմուծողների ցանկից տեղեկացանք, որ «Արուսգրիգ» ընկերությունը Թուրքիայից ներմուծել է 371 տոննա վաղահաս կարտոֆիլ: Բացի այս ընկերությունից՝ Թուրքիայից վաղահաս կարտոֆիլ ներկրող չկա:
Այս ամենի արդյունքում՝ ՀՀ որոշ մարզերի գյուղերում կարտոֆիլի իրացման հետ կապված մեծ խնդիրներ կան. մարդիկ չգիտեն, թե ինչպես վաճառեն իրենց գյուղմթերքը, հատկապես որ, ինչպես արդեն նշվեց, ներմուծված ապրանքը զգալիորեն ավելի էժան ինքնարժեք ունի, ինչի արդյունքում տեղական արտադրանքը եւս հայ գյուղացին ստիպված է լինում զգալիորեն ավելի էժան վաճառել՝ այդպիսով զրկվելով եկամտի մեծ մասից: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, կարտոֆիլի 1 կգ-ն այժմ վաճառվում է 120-160 դրամով, իսկ մինչ ներմուծումը այն 230-250 դրամ էր:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչպես են իրացնում գյուղացիները իրենց աճեցրած կարտոֆիլը, Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ Արամն ասաց. «Մի մասը վաճառում են գյուղ մտնող վերավաճառողներին, իսկ մյուս մասն էլ տանում են շուկա: Իսկ Ռուսաստան արտահանելու ուղղությամբ խոսք լինել չի կարող, քանի որ կարտոֆիլը նոր է եւ երկար ճանապարհ ուղարկելու դեպքում այն կսեւանա»: Ղուկասավանի գյուղապետ Արա Վարդանյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունը իր խոստմանը տեր կկանգնի եւ արտահանման հարցում գյուղացուն մենակ չի թողնի: Ի դեպ, վերջինս տեղեկացրեց նաեւ, որ գյուղապետերով մարզպետարան են դիմել եւ խնդրել, որպեսզի վաղահաս կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ ՀՀ կարտոֆիլ չներմուծվի: Թե գյուղապետերի խնդրանք-դիմումին ինչ ընթացք կտրվի, ցույց կտա ժամանակը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ
Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը այցելել է Երեւանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն եւ մասնակցել «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննակենտրոնում, զրուցել դիմորդների հետ, քաջալերել ու հաջողություն մաղթել նրանց, այնուհետեւ պատասխանել դիմորդների ծնողների եւ լրագրողների հարցերին: Նա հույս է հայտնել, որ այս տարի եւս քննությունները կանցնեն հանդարտ եւ բնականոն: Լ. Մկրտչյանի խոսքով՝ քննական գործընթացում բացակայում է հասարակական լարվածությունը, այն մի կողմից կապված է քննությունների այս ընթացակարգի, մյուս կողմից պայմանավորված է հատկացված տեղերի քանակով: Նա նշել է նաեւ, որ միջին գիտելիք ունեցող ցանկացած երեխա, նույնիսկ առանց հատուկ պատրաստվածության, առանց կրկնուսույցների ծառայություններից օգտվելու՝ հնարավորություն ունի իր ուսումը շարունակել բարձրագույն կրթական հաստատություններում: Ընդհանուր առմամբ դիմորդների թիվն այս տարի 11.375 է:
10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ ԿԿՐԻ
Ռուսաստանի վերահսկող կառույցները տոննաներով ետ են ուղարկում Ադրբեջանից ուղարկվող գյուղմթերքը՝ պնդելով, որ այն ադրբեջանական չէ: Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսատանից ետ է ուղարկվել 1000 տոնայից ավել ադրբեջանական փչացած գյուղմթերք:
Ռուսաստանի վերահսկիչ մարմինները հայտարարել են, որ Ադրբեջանից ուղարկվող գյուղմթերքը, գլխավորապես՝ լոլիկը, սմբուկը եւ այլ բանջարեղեն, թուրքական կամ վրացական ծագում ունեն, եւ դա է ետ ուղարկելու պատճառը:
Ըստ ադրբեջանցի գործարար Թահիր Հուսեյնովի՝ չնայած ապրանքի հետ ներկայացնում են Ադրբեջանում արտադրված լինելու մասին բոլոր փաստաթղթերը, սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ այդ գյուղմթերքը թուրքական ծագում ունի եւ արդեն ետ է ուղարկել 500 տոննա լոլիկը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչի՝ Սիրիայում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը խոցելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անվանելով դա ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից», միջադեպից հետո հրամանագիր էր ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: Դրանից հետո ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում, եւ Մոսկվան 2016թ. հունվարի 1-ից արգելել է մեծ տեսականի գյուղմթերքի մատակարարումը Թուրքիայից: Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների՝ Մոսկվայի կողմից 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում Թուրքիան տարեկան մոտ 10 մլրդ դոլարի վնաս կկրի: