Հաճախ մեզ մոտ մոռանում են մարդկանց անցած ուղին, խնդիրները, ու երբ այդ մարդիկ գնահատվում են, լցվում են երախտագիտության զգացումով։ 1952թ. Հելսինկիի օլիմպիական խաղերի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի այրին` Էմմա Շահինյանը, նրանցից մեկն է, ում նախ խնդրեցինք պատմել, թե ինչպես է ծանոթացել լեգենդար մարմնամարզիկի հետ։
1941-ի տարեսկզբին 15-ամյա աղջիկը մարմնամարզուհիների խմբում Մոսկվա էր մեկնել` մասնակցելու մարզական տոնակատարության: Հաջողությամբ կատարել էր մի շարք վարժություններ, մնացել էր վերջինը` 110 սմ բարձրությունը հաղթահարելը. «Իմ հասակն էր այդքան, ու ես խեղճացել, վախենում էի ցատկել»: Այդ պահին աղջկան է մոտեցել մի տղա եւ բացատրել նրա անելիքը, որից հետո Էմման հաղթահարել է նշաձողը։ Պարզվել է, որ իրեն օգնողը ԽՍՀՄ սպորտի վարպետ 18-ամյա Հրանտ Շահինյանն է: Դրանից հետո չեն հանդիպել. Հրանտը մեկնել է ռազմաճակատ, իսկ 1943-ին վերադարձել վիրավոր ոտքով, հենակով: Նրա գալու մասին լուրը տարածվել է Երեւանում, եւ շատերը, այդ թվում՝ արդեն 17-ամյա Էմման, շտապել են Հրանտենց տան բակ, պարել, երգել. «Չգիտեմ ինչու, մեր հայացքներն անընդհատ իրար էին հանդիպում: Սիրտս արագ էր բաբախում»: Շատ չանցած՝ ամուսնացել են, հարսանիքին նույնիսկ մի մատանի չի ստացել, բայց «Հրանտը տեղով հարստություն էր». «Երջանիկ եմ, որ ավելի քան կես դար վայելել եմ նրա մարդկային անկրկնելի հմայքը: Հրանտը շահամոլ ու նյութապաշտ չէր, գործում էր մեր երկրում ֆիզկուլտուրան ու սպորտը, հատկապես իր սիրելի մարմնամարզությունը զարգացնելու եւ տարածելու համար»:
Տիկին Էմման չի մոռացել 1949-ին Բուդապեշտում անցկացված երիտասարդության եւ ուսանողության համաշխարհային երկրորդ մարզական փառատոնը, որտեղ Հ. Շահինյանը նվաճել էր խաղարկված բոլոր վեց ոսկե պարգեւները: Ամուսնուն դիմավորել է Մոսկվայում, ու գնացքով վերադարձել են Երեւան. «Կառամատույցում, հարակից հրապարակում տոնական հանդիսություն էր կազմակերպված: Հրանտն ասաց՝ երեւի մի երեւելի մարդու, պաշտոնյայի են դիմավորում… Քիչ անց չիմացա, թե ինչպես ամուսնուս օդ թռցնելով գնացքից հրապարակ տարան. չեմպիոնին էին մեծարում»:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չեմպիոնի այրուն տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Հ. Շահինյանի արձանը, որը կտեղադրվի չեմպիոնի հիմնադրած ու նրա անունը կրող մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցի բակում. «Պարոն Ծառուկյանն ինձ նաեւ մեկ միլիոն դրամ նվիրեց: Այնտեղ էր նաեւ մեկ այլ փառաբանված չեմպիոնի՝ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի այրին` տիկին Քնարիկը, ումից էլ իմացա, որ ՀԱՕԿ նախագահը Ենգիբարյանին վայել գերեզման է պատրաստում»:
«ՀՐԱՆՏԸ ՏԵՂՈՎ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ԷՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ