ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 25-ից սկսված Վանաձորի Արցախ պուրակի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Արդեն իսկ վերանորոգվել են քանդված ծաղկանոցները: Ինչպես շինարար Մնացական Կլեկչյանն է վստահեցնում, ծաղկամանների քարերը վերամշակվել են, պատերի վրայի մնացած հողը, արմատը, մրջյունների բույնը` հեռացվել: Ծաղկամանները նորից կառուցվել են, ավելացվել է հող, ցանվել են ծաղիկներ: Սակայն վարպետ Մնոն մտահոգված է: Բնակիչների անփութությունն ու անշնորհքությունը տեսանելի են նաեւ այստեղ: Հատկապես Արցախ պուրակի տարածքում գործող կազմակերպությունների աշխատակիցներից ոմանք երեխաներին թողնում են մտնել ծաղկամանները, տրորել ծաղիկներն ու հողը դուրս լցնել: Արձանների վրա արդեն այնքան են բարձրացել, որ դրանք շարժվում են: Եվ սա դեռ չարիքի փոքրագույնն է: Ոմանք հարվածել ու ձեւախեղել են արձանները, դրանց վրա գրել անուններ ու հայհոյանքներ: Հիմա դրանք որքան էլ փորձում են մաքրել արձանների հեղինակն ու շինարարը, որոշներն այդպես էլ չեն մաքրվում: Նույնիսկ շինարարության ընթացքում որոշ երիտասարդներ առանց ամաչելու բարձրացել են արձանի վրա եւ թքելու մրցույթ կազմակերպել:
Պուրակի հիմնական աղտոտողներին վարպետ Մնոն լավ գիտի: Խնդրանքով դիմում է նրանց. «Ուսանողներին եմ ուզում խնդրել, երիտասարդ աղջիկներ, տղաներ են, ես խնդրում եմ իրենց` չկեղտոտեն Արցախ պուրակի տարածքը: Գալիս են էստեղ, սնունդ, խմիչք, հյութեր են օգտագործում, մնացորդները պատերի տակ թափում: Պատկերացրե՛ք` քանի անգամ նկատողություն եմ արել, վեճի մեջ եմ ընկել: Մեկ էլ էս կողքի բարձրահարկ շենքի բնակիչներից մի քանիսը, որ իմ աչքով եմ տեսել, իրենց պատշգամբից ոնց են կենցաղային աղբը` ցելոֆանով փաթաթած, շպրտում Արցախ պուրակ»:
Այս ամենից հետո հարց է առաջանում. մի՞թե վանաձորցիները չեն սիրում իրենց քաղաքը, չեն ուզում այն մաքուր ու բարեկարգ տեսնել: Արցախ պուրակը ժամանակին երիտասարդների համար սիրելի ժամանցի վայր է եղել, իսկ հիմա դարձել է աղբավայր: Երիտասարդների ու բնակիչների անտարբեր վերաբերմունքին հակառակ` վարպետ Մնոն շարունակում է բարեկարգել ու գեղեցկացնել Արցախ պուրակը: Նախատեսված է աշխատանքներն ավարտին հասցնել 10 օրվա ընթացքում:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս