«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում առեղծվածային սպանության եւ ինքնասպանության դեպքերը վախի մթնոլորտ են ստեղծել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 5-ին սպանվել էր Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Պատուրյանը: Անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ էր արձակել Համլետ Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան: Առայժմ, սակայն, այս գործով որեւէ մեկը չի ձերբակալվել:
Սպանվածի ծանոթները հայտնել էին, որ Պատուրյանը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր եւ բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Սպանվածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել եւ մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Այդ դեպքի հաջորդ օրը Էջմիածնում մահացած վիճակում հայտնաբերել էին «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հորը` 59-ամյա Վահան Գրիգորյանին: Հարազատները համոզված են, որ նա ինքնասպանություն է գործել, ոչ թե նրան սպանել են: Դեպքից հետո լուրեր շրջանառվեցին, թե Վահան Գրիգորյանին զանգել են ու սպառնացել, որ կսպանեն, ինչից հետո նա գնացել է այդ քայլին:
Էջմիածին քաղաքում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ ըմբշամարտիկի սպանությունը եւ գեներալ Մանվել Գրիգորյանի վարորդի հոր առեղծվածային ինքնասպանությունը կապ ունեն միմյանց հետ: Սակայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուների փոխանցմամբ՝ իրավապահներն այս երկու դեպքերը կապող որեւէ հանգամանք չեն գտել:
Ասել է, թե սպանության եւ ըստ նախնական վարկածի՝ ինքնասպանության դեպքերը կապ չունեն միմյանց հետ: Ինչեւէ: Նկատենք, որ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հոր` 59-ամյա Վահան Գրիգորյանի մահվան գործով մի շարք հարցեր մնում են օդում կախված:
Ըստ էջմիածին քաղաքում տարածված լուրերի՝ Վահան Գրիգորյանի մարմնի վրա երեք կրակոցի հետք է եղել, ուստի այստեղ հարց է առաջանում, թե ինչպես կարող էր ինքնասպանության գնացած անձը երեք անգամ կրակել իր վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չնայած մահացած Վահան Գրիգորյանի հարազատները վստահեցնում են, որ նա ինքնասպան է եղել, սակայն իրավապահները չեն բացառում, որ նրան սպանել են, եւ քննում են այդ վարկածը:
Քնար Մանուկյան