«ՕՍԿԱՐ»-Ի ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան «Փարաջանով» ֆիլմը ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմերի ծրագրին: Այդ մասին հայտնել է «Հոլիվուդ Ռիփորթեր» պարբերականը:
Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Կարլովի Վարիի կինոփառատոնի ժամանակ` հուլիսին: Այն մասնակցել է նաեւ Օդեսայի փառատոնին եւ արժանացել «Ոսկե Դյուկ» մրցանակին՝ որպես ուկրաինական լավագույն ֆիլմ: Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրության այս ֆիլմի բյուջեն կազմում է 2 միլիոն եվրո: Ֆիլմի ռեժիսորներն են Օլենա Ֆետիսովան եւ Սերժ Ավետիքյանը, որն էլ խաղացել է Փարաջանովի դերը:
The New Time-ին տված հարցազրույցում Ս. Ավետիքյանը Փարաջանովին ներկայացրել է որպես եզակի, անկրկնելի մարդ, որը կոտրում էր ցանկացած կանոններ. «Ես հասկացա, որ պետք է ֆիլմում ներկայացնել այնպիսի պահեր, երբ մենք ներխուժում ենք Փարաջանովի ներաշխարհ, նրա երազները, երեւակայությունը եւ ստեղծագործությունը: Իրականում նա ապրել է իր կողմից ստեղծած թվացյալ աշխարհում… Մենք ցանկացել ենք ներկայացնել նրա ներքին ազատությունը: Նրա տաղանդի, արվեստի համար սահմաններ չկան»:
Դերասան-ռեժիսորը մեկ անգամ է տեսել իր մարմնավորած հերոսին եւ շատ լավ է հիշում հատկապես Փարաջանովի ձեռքերը, որոնք միշտ զբաղված էին, անհանգիստ. «Նա միշտ աշխատում էր, ինչ-որ բան էր անում, իր կոլաժների համար նկարներ էր կտրում»։
Իհարկե լավ է, որ մարդ, տվյալ դեպքում՝ Ս. Ավետիքյանը, գոհ է իր կատարած աշխատանքից, սակայն ավելի կարեւոր է, որ այն հավանեն նաեւ մասնագետները, կինոսերները։ Ի դեպ, մինչեւ այսօր էլ շատերը մեծ հիացմունքով են արտահայտվում հենց Փարաջանովի նկարահանած ֆիլմերի մասին՝ բոլորովին էլ չհասկանալով փիլիսոփա-ռեժիսորի ասելիքը։
Ինչեւէ. հիշեցնենք, որ նույն Ավետիքյանի բեմադրած «Անուշ»-ը, որի վրա միլիոնավոր դոլարներ էին ծախսվել, Հայաստանում հիմնականում մասնագետների բացասական գնահատականին արժանացավ։ Բացասական կարծիքները քիչ չեն նաեւ վերոնշյալ կինոնկարի մասին։
Նշենք, որ ժամանակին մեկ այլ, բայց հայաստանաբնակ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էր երազում դառնալ օսկարակիր` իր «Քրմուհի» կինոնկարով, որի մասին նույնպես, մեղմ ասած, քիչ դրական կարծիքներ էին հնչում։ Մասնավորապես մասնագետները նշում էին, որ այն գրագողություն է։  Չալդրանյանի երազանքն այդպես էլ երազանք մնաց։ Գուցե Ավետիքյանի երազա՞նքն իրականություն դառնա։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս