ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Շուտով կմեկնարկի «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանը: Եվ, բնականաբար, ամենաշատ քննարկվող հարցն այն է, թե ով կլինի նոր ժյուրիի կազմում, ովքեր կփոխարինեն նախկին մարզիչներին՝ Թաթա Սիմոնյանին, Սոֆի Մխեյանին, Արտո Թունջբոյաջյանին եւ Սոնային: Նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը տվեց այդ հարցի պատասխանը՝ ցուցադրելով նախագծի հերթական անոնսը, որն էլ բացահայտում է «Հայաստանի ձայն»-ի երկրորդ եթերաշրջանի մարզիչներին. նրանք են` Քրիստինե Պեպելյանը, Հայկոն, Շուշան Պետրոսյանը եւ Միքայել Պողոսյանը:

ՕՐԵՐ ՀԵՏՈ
Հաշվված օրեր անց, իսկ ավելի ստույգ` սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2013»-ում: Առաջին ալիքի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը: Հաղթողին կընտրեն ե՛ւ հեռուստադիտողը, ե՛ւ ժյուրին՝ 50/50 հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2013»-ը կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: Իսկ  հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 17-ին Մոսկվայի կենտրոնում կայացած Հայ առաքելական եկեղեցու առաջնորդանիստ Սբ. Պայծառակերպության տաճարի օծման արարողությանն արձագանքել է հայտնի երգիծաբան Միշա Գալուստյանը, ով «Թվիթեր»-ի իր էջում այդ առթիվ շնորհավորել է բոլոր հայերին: Իսկ ահա ճանաչված երգչուհի Глюк’oZa-ն մասնակցել է տաճարի բացման արարողությանն ու «Թվիթեր»-ում Գալուստյանին գրել, որ իր ընտանիքը նույնպես հայկական արմատներ ունի: Երգչուհին հենց եկեղեցու մոտ երեք լուսանկար է արել, ներբեռնել իր էջ ու գրել. «Հայկական առաջին տաճարի բացումը Մոսկվայում, որն աշխարհում ամենամեծն է»:




Լրահոս