Ծակ գրպանով` նոր համալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պայմանագիր է կնքել «Երեւանշին» եւ «Ավետիսյան Քոնսթրաքշն» ընկերությունների հետ:

Ըստ այդմ, նշված ընկերությունները ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (թեեւ այս գերատեսչությունները տեւական ժամանակ է, ինչ տարանջատված են, բայց պաշտոնական փաստաթղթերում այպես է նշված) նոր համալիրի վերակառուցման համար կիրականացնեն նոր համալիրի ներքին կոյուղու համակարգի, ջեռուցման համակարգի, արտաքին կոյուղու, մասնաշենքի լուսավորության եւ շինարարական աշխատանքները:

Եւ այս համալիրի կառուցման համար քաղաքաշինության նախարարությունը պետբյուջեից կվճարի 387 մլն 289 հազար դրամ: Ի դեպ, պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 752 մլն 140 հազար դրամ, եւ այն կնքվել է հենց այս արժեքով, սակայն քանի որ նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է՝ 387 մլն 289 հազար դրամ, աշխատանքի մնացած մասը որոշել են եկող տարվա միջոցներով իրականացնել:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց բյուջեի ծախսերը կրճատելու մասին: Եթե սա իրենց կրճատելն է, ապա պատկերացնում եք, թե ինչ արագությամբ պետբյուջեի միջոցները կփոշիացնեին «սովորական» աշխատանքային ռեժիմի դեպքում:




Լրահոս