«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Խոստովանություններն ու բացահայտումներն այս պարագայում անխուսափելի են: Ընթերցողները հնարավորություն կստանան իրենց կողմից ճանաչված մարդկանց բացահայտել բոլորովին նոր դիտանկյունից: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:
-Մեր առաջին հարցը, որն ուղղում ենք գրեթե բոլորին` ե՞րբ եք ծնվել (խոսքը կենսաբանական ծնունդի մասին չէ):
-O՜, բազմիցս. ամեն անգամ՝ երեխաներիս ծնվելուց հետո, փորձություններից հետո, որոնք վերադարձրել են ինձ կյանք:
-Խոսք, որը կարող է Ձեզ ապրեցնել:
-Այսօր դա հայ մոր խոսքն է:
-Ամենաանսպասելի արարքը, որ երբեւէ կատարել եք:
-Շատ են եղել նման բաներ (ծիծաղում է): Հանրության համար ամենաանսպասելին իմ` պատգամավորական աշխատանքի անցնելն էր: Իրականում պատգամավորը ինչ-որ ասպարեզում ձեռքբերում ունեցած մեկն է, իսկ ես արդեն Շուշան Պետրոսյան էի, երբ հասկացա, որ իմ ոլորտում գործ ունեմ անելու, հարցեր ունեմ բարձրացնելու, խնդիրներ ունեմ լուծելու:
-Ձայն, որը մնացել է Ձեր ականջներում:
-Մորս ձայնը: Առաջին օրորոցայինը նա է երգել ինձ համար, ինչպես նաեւ` Աննա տատիկիս ձայնը, ով երգում էր ինձ համար, երբ ցերեկները քնեցնում էր եւ երգում էր «Քնիր, մանկիկ, քնիր»-ը: Հիշում եմ նաեւ Քնարիկ տատիկիս ձայնը, ով էլի քթի տակ անուշ երգում էր:
-Գիրք, որը փոխել է Ձեր կյանքը:
-Ես կփորձեմ նշել հեղինակի: Պատանեկան տարիքում դա Մարկեսն էր, երբ ավելի հասունացա, դրանք ռուսական պոեզիայի արծաթե դարաշրջանի գործերն էին: Շատ եմ սիրում մեր ժամանակակից գրողներին, հարստանում եմ ամեն անգամ նոր վեպ, պատմվածք, նույնիսկ ակնարկ, հոդված ընթերցելով:
-Աստղ, որը հիացրել է Ձեզ:
-Սթիվի Ուանդերն, օրինակ, գերմարդ է. նա տեսնում է ավելին, եւ այդ հատկությունն արտացոլված է ոչ միայն նրա երաժշտության փիլիսոփայության, այլեւ ամենաանկեղծ մարդկային շփման մեջ: Առհասարակ, աստղը հարաբերական հասկացություն է: Այդ աստղերին սարքում են: Կան աստղեր եւ կան արտիստներ: Ինձ համար աստղերն արտիստներն են:
-Տխմարներին հանդուրժելու Ձեր տարբերակը:
-Երբեք չնմանվել նրանց: Եթե պատասխան տամ, կնմանվեմ: Պետք է լռել ու անցնել:
-Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:
-Ուշանալը: Ես հայտնի ուշացող եմ, ահավոր է… Ամեն օր որոշում եմ, որ պետք է չուշանամ, բայց թարսի պես հենց այդ րոպեին ինչ-որ բան խանգարում է ինձ: Դա անուղղելի է, արդեն դարձել է նորմա (ծիծաղում է):
-Տղամարդուն Ձեր կողքին պահելու միջոցը:
-Նրա տեսակը հարգելը, ընդունելն այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին նրան ստեղծել է Աստված: Ես այդպես եմ վերաբերվել նաեւ իմ զավակներին եւ չեմ փորձել փոխել նրանց:
-Մի բան, որ տղամարդկանց սազական չէ:
-Մի բան չի, մի քանի բան կա: Ինձ համար անընդունելի է բամբասկոտ տղամարդը. նա փոքրոգի է, կնամեծար չէ, տղամարդ կոչվելու իրավունք չունի: Մինչեւ զազրախոսելը տղամարդը պետք է նախեւառաջ իրեն նայի: Չեմ սիրում նաեւ ագահ, ժլատ տղամարդկանց, ինչպես նաեւ` ստախոսներին:
-Հաջողություն, որին ինքներդ չեք/չէիք հավատում:
-Ինչ վերաբերում է արվեստին, պետք է ասեմ, որ մինչեւ այսօր կուլիսներում բեմ դուրս գալուց առաջ տերեւի պես դողում եմ: Միակ բանը, որի վրա վստահ եմ, իմ անկեղծությունն է. գիտեմ, որ պետք է անկեղծորեն կանգնեմ հանդիսատեսի առջեւ: Իսկ անսպասելի հաջողություն գրանցեցի այն լայնամասշտաբ գործունեության ընթացքում, որ ծավալել եմ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում: Այնտեղ ընթացող շինարարությունից հետո այդ ոլորտին առնչվող բավական բաներ, նոր բառեր, գործիքների անուններ եմ սովորել (ծիծաղում է): Այնտեղ կառուցվել են շինություններ, որոնցից մեկն արդեն իսկ ծառայում է իր նպատակին:
-Խոստովանություն, որ չեք մոռանա:
-Այդպիսիք շատ են եղել: Բայց ես միշտ հիշում եմ ամենաառաջինը. դա դպրոցում էր, երբ իմ դասարանցի տղաներից մեկի կողմից թղթի վրա ստացա անգլերեն «I love you» գրառումը (ծիծաղում է):
-Եվ վերջում` Ձեզ ապրեցնող հանգամանքները:
-Սիրել կարողանալը: Միակ բանը, որի համար արժե ապրել, սա է:
Աննա Բաբաջանյան