ՀՀ Սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի կարեւոր փոփոխություններից մեկն էլ վերաբերում էր Ազգային ժողովի ձեւավորման ընտրակարգին: Թեեւ օրերս ընդունված նոր ընտրական օրենսգրքի քննդատները նշում են, որ սահմանված համամասնական ընտրակարգը իրականում թաքնված մեծամասնական ընտրակարգ է, այդուհանդերձ, տարիներ շարունակ բացառապես մեծամասնական ընտրակարգով Աժ-ում հայտնված մի շարք պատգամավորներ մտահոգված են, քանզի նրանց ապագան անորոշ է:
ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի 89-րդ հոդվածի 3 կետում նշված է. «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձեւավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները եւ կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով»:
Այս հարցի շուրջ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում ընդգրկված մի շարք պատգամավորների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյան
-Պարո՛ն Հակոբյան, նոր ընտրական օրենսգրքով սահմանված է բացառապես համամասնական ընտրակարգ: Դուք, որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ ընտրությունների հետ կապված, Ձեզ առաջիկայում տեսնո՞ւմ եք խորհրդարանում:
-Նոր ընտրական օրենսգիրքը միայն համամասնական ցուցակ չէ, կա նաեւ տարածքային ցուցակ: Իսկ ցուցակները կուսակցության որոշումով է կայացվում, եթե կուսակցությունը, կուսակցության ղեկավարությունը ցանկանա, որ ես դառնամ պատգամավոր, ցուցակում կգրեն, եւ ես կփորձեմ պայքարել: Բայց կարծում եմ, որ կլինեմ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ Սահմանադրության եւ ԸՕ փոփոխությունների արդյունքում մեծամասնական ընտրակարգը վերացվեց: Ի՞նչ եք պատրաստվում անել՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար եւ ինչպե՞ս եք վերաբերվում այս փոփոխությանը:
-Շատ նորմալ եմ վերաբեվրում: Ես կողմ եմ քվեարկել անձամբ, եթե այսօր մեր իշխող կուսակցությունը համարում է, համարում ենք, որ այս ընտրակարգը մեր երկրի զարգացման հենասյուներից մեկն է լինելու, բնականաբար, կողմ ենք քվեարկում եւ ակնկալում ենք փոփոխություն: Առաջիկայում ինձ խորհրդարանում տեսնել-չտեսնելու խնդիր չունեմ այս պահին: Դեռ կուսակցական որոշում չկա, կուսակցությունն է որոշում այդ հարցերը, դրա համար եկեք ժամանակից առաջ չընկնենք, ժամանակը ինքը ցույց կտա: Ընդհանրապես խնդիր չեմ տեսնում, հավերժ ոչինչ ընդհանրապես չի լինում: Ինձ ընտրել են իմ ընտրողները, եկել եմ իմ պարտականություններն եմ արել, լավ եմ արել, թե վատ եմ արել, էլի ժողովուրդն է որոշում, մի խոսքով, աշխարհի վերջը չի:
ԱԺ անկախ պատգամավոր Գրիգոր Մարգարյան
-Պարո՛ն Մարգարյան, Դուք, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, 2017 թվականին Ձեզ խորհրդարանում տեսնո՞ւմ եք:
-Մեկ տարի կա, ժամանակը կգա, կորոշենք:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, 2017 թվականին Ձեզ տեսնո՞ւմ եք խորհրդարանում եւ ինչպե՞ս եք վերաբեվրում ընտրական օրենսգրքի փոփոխութանը, ինչի արդյունքում մեծամասնական ընտրակարգը վերացվեց:
-Ընդհանուր ընտրական օրենսգրքին ես կողմ եմ քվեարկել: Ինչ իմանամ, Դուք գիտե՞ք՝ վաղը որտեղ եք լինելու, օրը կգա, բարին էլ հետը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ