Իջևան քաղաքն ազատվել է փողոցային առևտրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին եւ 2-ին Տավուշի մարզպետարանի, Իջեւանի քաղաքապետարանի, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները Իջեւան քաղաքն ազատել են փողոցային առեւտրից: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացն իրականացվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ:

Մարզպետը շրջել է քաղաքում, համոզվել, որ Իջեւանի շուկայի առաջ, միջպետական ճանապարհին կից, շուկայի դիմացի հատվածում, Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակայքում այլեւս փողոցային առեւտուր չի կատարվում: Փողոցում առեւտուր անողները տեղափոխվել են քաղաքային շուկա: Այնտեղ տեղափոխված առեւտրականների համար սահմանվել են մատչելի վարձավճարներ: Դրանից հետո, սակայն, Իջեւանի փողոցներում առեւտուր անող շուրջ մեկ տասնյակ անձինք իրենց եւ իրենց գործընկերների անունից հանդիպում են ունեցել Իջեւանի քաղաքապետի, Տավուշի մարզպետի հետ, նրանց տեղեկացրել, որ իրենք փողոցային առեւտրով հանապազօրյա հացի հարց են լուծում, մինչդեռ Իջեւանի քաղաքային շուկայի տարածքում առեւտուր չեն կարողանում կատարել, գնորդներ չեն ունենում եւ վաստակ չունենալու դեպքում ստիպված կլինեն Հայաստանից արտագաղթել:

Այդ հանդիպումների արդյունքում որոշվել է, որ փողոցային առեւտուրը առայժմ կշարունակվի մինչեւ Իջեւան քաղաքում՝ նախկին դատարանի շենքի դիմաց, կգործարկվի գյուղատնտեսական մթեքների նոր շուկա: Այստեղ առեւտուր անողները կհամախմբվեն՝ շուկայի համար սանիտարական պայմաններ, աղբահանություն ապահովելու համար: Հավելենք, որ Իջեւանում համայնքի ավագանու որոշմամբ փողոցային առեւտուր թույլատրվում է միայն պաղպաղակ, հյութեր, ծաղիկներ վաճառելու համար, նշված ապրանքներ վաճառողներից տեղական տուրք չի գանձվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս