Շատ ներվային վիճակի մեջ եմ. Նիկոլայ Եղիազարյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք հեռուստասերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանն արդեն երկար ժամանակ է` պարզապես «անհետացել է» էկրաններից: Հեռուստադիտողները սկսել են հետաքրքրվել` որտեղ է նա, ինչով է այժմ զբաղված, ինչու դերասանը հանդես չի գալիս նոր նախագծերում:

13406861_1071920956222303_3958266645767187279_n

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Նիկոլայի հետ` ստանալու համար բոլոր այս հարցերի պատասխանները:

-Նիկոլա՛յ, շուրջ 3-4 տարի է` էկրաններին չեք երեւում: Այս տեւական դադարի պատճառը ո՞րն է: Նոր հրավերներ չունե՞ք:

-Ցավոք սրտի` ոչ. երկար ժամանակ է` սպասում եմ: Ու դա շատ վատ է: Սկզբնական շրջանում անընդհատ զբաղվածություն ունեի, անդադար նկարահանվում էի, հետո միանգամից դադար եղավ, որի հետ չեմ համակերպվում, շատ ներվային վիճակի մեջ եմ: Միայն այս ոլորտի մարդը կհասկանա, թե դերասանի համար ինչ է նշանակում չզբաղվել իր սիրելի գործով: Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ սա մի էտապ է, որը կգա ու կանցնի, բայց որքան մտածում եմ` հասկանում եմ, որ այս դադարն արդեն զարմանալի է ու տարօրինակ: Որ ասեմ` շատ վատն եմ, որ չեն կանչում, չէ (ծիծաղում է): Ինքս էլ բազմիցս դիմել եմ որոշ մարդկանց, հիշեցրել եմ, որ գործ չունեմ, բայց ապարդյուն:

-Գուցե Ձեր անձի հե՞տ է կապված խնդիրը: Կռահո՞ւմ եք պատճառների մասին:

-Բացարձակ: Ես իմ մասնագիտությանը շատ լուրջ եմ վերաբերվում: Իհարկե, ցանկացածիս մոտ էլ կարող են լինել թերացումներ, բայց ես իմ տեսակով խնդիրներ առաջացնող մարդ չեմ. դա բացառվում է: Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ նորմալ են: Ամեն դեպքում, ես լավատես եմ. հուսանք` Աստված ինձ համար ավելի լավ բան է պատրաստել: Բայց անկեղծորեն մի բան ասեմ. երբ մարդկանց հետ պարբերաբար շփվում եմ, զգում եմ, որ հանրությանն անընդհատ թվում է, թե ես էկրաններին եմ, այժմ էլ խաղում եմ: Դրանից ես ինձ լավ եմ զգում: Մտածում եմ` կարո՞ղ է` իսկապես խաղում եմ, պարզապես տեղյակ չեմ այդ մասին (ծիծաղում է): Ուրախ եմ, որ ինձ չեն մոռանում:

13450131_1071920966222302_4526445388515326399_n

-Իսկ եթե ազատ ժամանակն օգտագործեք եւ կատարեք Ձեր վաղեմի ցանկությո՞ւնը. մուտք գործեք թատրոն:

-Թատրոնում ես երբեւէ անպայման հայտնվելու եմ. դա հաստատ: Բայց որ ասեմ, շատ ջանք եմ թափել, որ թատրոնում լինեմ, չէ, սուտ կլինի: Ամեն դեպքում, այդ ցանկությունը միշտ էլ ունեմ, եւ եթե գործեմ, գործելու եմ միանգամից: Ուղղակի դեռ չեմ կողմնորոշվում, թե կոնկրետ որտեղ հանդես գամ: Բայց այնպես չէ, որ այս ընթացքում պարապ եմ մնում: Ասեմ, որ երկար ժամանակ է` հաճախում եմ կիթառի դասընթացների. շատ եմ սիրում նվագել այդ գործիքի վրա. դա իմ հոբբին է: Ընկերական միջավայր, խարույկ, խմիչք, անձրեւային եղանակ եւ կիթառ. սա ինձ համար երազելի իրավիճակ է:

-Նիկոլա՛յ, Ձեր ընկերը` դերասան Արսեն Լեւոնյանը, վերջերս մեկնել էր Ղարաբաղ` որպես կամավոր: Տեղյա՞կ եք այդ մասին: Ապրիլյան պատերազմից հետո որպես երիտասարդ հայ տղա ի՞նչ մտահոգություններ ունեք:

-Արսենն իսկապես 18 օրից ավելի եղել է Ղարաբաղում: Մեր շատ ընկերներ այդ մասին ավելի ուշ են իմացել: Նա հիմա արդեն վերադարձել է: Արսենը մեծացել է մի ընտանիքում, որտեղ հայի տեսակը բարձրագույն արժեք է: Այլ կերպ լինել չէր կարող: Եթե անհրաժեշտություն լինի, միանշանակ, ես ինքս էլ պատրաստ եմ մեկնել այնտեղ: Իմ ծանոթների շրջանում գիտեմ մեկին, ով թողել էր իր գործերն ու արտերկրից եկել Ղարաբաղ` որպես կամավոր: Ինձ շատ ոգեւորեց մեր զինվորների խիզախությունը, մեր ժողովրդի համախմբվածությունն այդ օրերին: Այս մասին ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհն էր խոսում: Ես զգացել եմ ե՛ւ անհանգստություն ու ցավ, ե՛ւ միաժամանակ, հպարտություն: Իսկապես, հպարտ եմ, որ հայի տեսակ եմ, հայի գենի կրողը:

13442216_1071920959555636_3533767752919796894_n

Աննա Բաբաջանյան




Լրահոս