«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նոր պաշտոն է ստացել: Նա նշանակվել է «365 վայնս» գինու գործարանի կառավարիչ: Փորձեցինք տեղեկությունը ճշտել հենց նրանից: «Կառավարիչ չէ՝ տնօրեն, արդեն մոտ մեկ ամիս է»: Իսկ թե ինչպես եւ ում կողմից է եղել առաջարկը, ում է պատկանում ընկերությունը, Դավիթ Շահնազարյանը չցանկացավ մանրամասնել՝ նշեց միայն, թե մասնավոր ընկերություն է, բիզնես կառավարում է, մյուս հարցերի շուրջ հետագայում կխոսի: «365 գինիների» արտադրությունն սկսվել է 2006-ին «ԷԴՎԱԳ գրուպ»-ի կողմից: Մամուլում հրապարակումներ գտանք, որ այդ ընկերությունը տեւական ժամանակ վիճարկում էր հայկական շուկայում իր մտավոր սեփականությունը հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:
Ի դեպ, դեռեւս 2012թ. մեր բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այցելել էին «365 գրուպ», որն արտադրում է խաղողի, նռան, սերկեւիլի, մոշի, բալի եւ այլ մրգային գինիներ, ինչպես նաեւ «Passion de Pineau» 2-10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Այն ՀՀ-ում մրգային գինիներ արտադրող առաջատար ընկերություններից է եւ գործող «Passion de Pineau» գինու միակ արտադրողը: Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են Ռուսաստանը եւ Գերմանիան: Հիմնադիր-նախագահը մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Գեւորգյանն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: