“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու “Վաճառականների միություն” ՀԿ նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը որոշել են չրերի գործարան բացել: “Ժողովուրդ”-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց գործարար տիկնանցից:
-Տիկի՛ն Գեւորգյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Դուք եւ Հ. Նաղդալյանը որոշել եք չրերի բիզնեսով զբաղվել ու այժմ երկուսով նախագծում եք, թե ով ինչ գործունեություն է ծավալելու:
-Ուրեմն ես իմ սեփական այգում արդեն 4-5 տարի է` փոքր չրանոց եմ դրել ու իմ այգու բերքը չորացնում եմ այդ չորանոցում: Ի՞նչ կապ ունի դրա հետ Հերմինե Նաղդալյանը:
–Տեղեկություններ կան, որ երկու ընկերուհիներով որոշել եք, որ տեխնիկական հատվածը “կսպասարկի” Հ. Նաղդալյանը, իսկ Դուք չրերի մատակարարմամբ կզբաղվեք:
-Ես երբեւիցե որեւիցե մեկի հետ գործունեություն չեմ կատարում եւ չեմ էլ պատրաստվում անել: Հերմինեն իմ շատ լավ, մտերիմ ընկերուհին է, բայց ոչ գործընկերը: Ես այժմ գյուղում եմ ապրում, իմ բիզնեսը վաճառել եմ, եկել եմ գյուղ, հողեր եմ վերցրել, այգիներ դրել:
-Իսկ ինչո՞ւ եք Ձեր բիզնեսը վաճառել ու գյուղ գնացել:
-Որովհետեւ Հայաստանում բիզնես՝ որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ ԿԿԲ-ն մի կողմից եկավ, խանութ սարքեց, հարկայինի աշխատակցի զոքանչն էլ մյուս կողմից եկավ, խանութ սարքեց, ես էլ որոշեցի ու դուրս եկա այդտեղից: Առեւտուրն այն ժամանակ էր, երբ մոնոպոլիա հասկացողություն գոյություն չուներ, որ մարդավարի, շնորհքով ամեն ինչն արվում էր, իսկ հիմա փախցնոցի է, հիմա միս ուտոցի է, հիմա իրարից թիքա փախցնելով է, իրար վրա աչք դնելով: Ես էլ առանձին եկա Աշտարակի շրջանի Ձորափ գյուղ ու այժմ այլ գործունեությամբ եմ զբաղված:
-Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հենց այդ գյուղում էլ որոշել եք տիկին Նաղդալյանի հետ նշված բիզնեսն անել:
-Ո՛չ, ինչո՞ւ ես պետք է Նաղդալյանի հետ բիզնեսի մեջ մտնեմ, նա իմ կնքահոր կինն է: Ինձ օգնություն պետք չէ, ինչո՞ւ, ես այդքան անճա՞ր եմ թվում: Ես այժմ շատ քիչ եմ արտադրում ու գրեթե իրացման կարիք էլ չունեմ: Ես իմ սեփական բիզնեսն եմ ժամանակին ունեցել, մթերային խանութներ եմ ունեցել: Այժմ էլ այլ գործունեությամբ եմ զբաղված:
Հ.Գ. “Ժողովուրդ”-ը փորձեց զրուցել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ: Վերջինս, սակայն, համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, իսկ արդեն օրվա վերջում ասաց, որ ինքը Մոսկվայում է, եւ իրեն հարմար չէ խոսել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 620 համար