
Օրեր առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես տեղեկացվել է, որ Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը իր ինստիտուտին շնորհել է “A” դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ հիմնականում շնորհվում է այն օմբուդսմեններին, ովքեր անկախ են, օբյեկտիվ և դրսևորում են խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:
Վերջին երկու տարվա ընթացքում Միջազգային համակարգող հանձնաժողովը հետևել և ուսումնասիրել է Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքները, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին:
“A” դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն Օմբուդսմենի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Նման կարգավիճակ ստացած Օմբուդսմենները հնարավորություն են ստանում առավել արդյունավետորեն հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպությունում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաև կարողանում են բարձրաձայնել և ներկայացնել մարդու իրավունքներին վերաբերող հիմնահարցեր միջազգային ամենաբարձր ամբիոններից:
Պաշտպանի աշխատակազմ