«Նավթագազ Ուկրաինա»-ի բիզնեսի զարգացման հարցով տնօրեն Յուրի Վիտրենկոն հայտարարել է, որ ընկերությունը չի պատրաստվում «Գազպրոմ»-ից հազար կուբամետրի դիմաց $177 -ով գազ գնել:
«ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասում է, որ «Գազպրոմ»-ը երրորդ եռամսյակում $177 -ով գազ կվաճառի: Նա համարում է, որ դա շուկայական գնից էլ ցածր է»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Վիտրենկոն:
Նրա խոսքով՝ հունիսի 9-ին գերմանական շուկայում հուլիսյան գազի գինը $173-ից ցածր է եղել:
«Այդ իսկ պատճառով նման պայմաններով մենք «Գազպրոմ»-ից գազ չենք գնի: Անհրաժեշտ գազը մենք կգնենք եվրոպական շուկայում: Այժմ մենք այդ առումով խնդիրներ չունենք»,-հավելել է Վիտրենկոն:
Ապրիլի վերջին «Նավթագազ Ուկրաինա»-ի բիզնեսի զարգացման հարցով տնօրենը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է գազ մատակարարի Ուկրաինային եվրոպական շուկայական գնով: