Երևանում անցկացվում է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-12-ը Երևանում անցկացվում է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի հավաքը։ Եվրոպական այս կառույցի հավաքը Հայաստանում կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ)։

Հունիսի 10-ին Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամները հանդիպում ունեցան հայաստանյան ուսանողական, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Լորա Լյուբենովան ներկայացրեց «Երիտասարդների հասարակական ներգրավածությունը» թեմյով զեկույց։ Լորա Լյուբենովան նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է, սակայն հայ երիտասարդների հետ մշտապես շփման մեջ են եղել։ Ցանկանում են փորձի փոխանակում անել հայ երիտասարդների հետ և նրանց հետ քննարկել արդի զարգացումները։

ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը 2002 թվականից Եվրոպական երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ է, և այս օրերին Հայաստան են ժամանել 13 երկրի պատվիրակներ եվրոպական երկրներից՝ Սլովենիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Մոլդովայից և այլն։ Նշենք, որ Եվրոպական երիտասարդական ֆորումը երիտասարդական կազմակերպությունների մեծ հարթակ է Եվրոպայում: Եվրոպական երիտասարդական ֆորումն աջակցում է երիտասարդներին՝ ակտիվորեն մասնակցելու հասարակական կյանքի բոլոր գործընթացներին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն ընդգծեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը վերջին տարիներին բազմաթիվ միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է մի շարք ծրագրեր։ Ըստ Արուսյակ Պողոսյանի՝ միջազգային այդ համագործակցությունը հայ երիտասարդին տալիս է կապեր, փորձ ձեռք բերելու հնարավորություն։ Նման կազմակերպություններում ներգրավված երիտասարդները եվրոպական տարբեր երկրների վաղվա քաղաքական գործիչներն են, որոշումներ կայացնողները, ուստի շատ կարևոր է նրանց հետ կապերի ստեղծումն ու ամրապնդումը։

Երևանյան հավաքի ընթացքում եվրոպացի երիտասարդները կքննարկեն տարածաշրջանի երիտասարդական քաղաքականության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման խոչընդոտները, մասնակիցները կփորձեն համատեղ ուժերով լուծում տալ դրանց: Ծրագրի շրջանակներում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային մի շարք ընթացիկ հարցեր:

Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի հավաքի ընթացքում կքննարկվի նաև Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի հետ համագործակցության հնարավոր ոլորտների և ուղիների շրջանակը:




Լրահոս