Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ինչու է Երևանում տեղադրվել Գարեգին Նժդեհի արձանը: Այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
«Հայրենական մեծ պատերազմի հանդեպ մեր վերաբերմունքը բոլորը հիանալի գիտեն, ինչպես նաև մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հանդեպ, դրանք ամրագրված են միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշված արձանը, քանի որ մենք բոլորս գիտենք Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին»,-ասել է Զախարովան:
Ընդ որում, դիվանագետը նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում դիտարկում է պատմական իրողության պահպանման հարցով Մայիսի 9-ի տոնի հանդեպ Հայաստանի վերաբերմունքն ու նրա համահեղինակությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ «Նացիզմի հերոսականացման, նեոնացիզմի և ռասիզմի, ռասսայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային նպաստող տեսակների դեմ պայքարի» բանաձևին: «ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի ժամանակ հենց Հայաստանի պատվիրակությունը հնչեցրեց ՀԱՊԿ անդամ-պետությունների համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն տվյալ կարևոր նախաձեռնության: Եվ հենց դա է պաշտոնական Երևանի և հայ ժողովրդի դիրքորոշումը»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: