ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի առաջին խնդիրը ժամանակին ու որակյալ ապրանքների մատակարարումն է. Մովսես Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխիկական ապահովման դեպարտամենտի առաջ էժան ապրանքների մատակարարման խնդիր դրված չէ, ընդհակառակը ապրանքները պետք է լինեն որակյալ ու մատակարարվեն ժամանակին: ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք­հանդիպման ժամանակ հայտարարեց ՊՆ տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով` ռազմական գործողություններն իրականացվում են անմիջապես Զինված ուժերի կողմից, բայց հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում պարտավորություն ունեն բոլորը, այդ թվում` հանդիպմանը մասնակցող յուրաքանչյուր անձ: «Դուք շատ մոտ եք կանգնած զինված ուժերին, նյութատեխնիկական ապահովման խնդիրների լուծմանը»,­«Արմենպրես»­ի փոխանցմամբ` շուրջ 200 մասնակիցներին դիմեց Մովսես Հակոբյանը: Նա հիշատակեց լրատվամիջոցներում առկա հրապարակումները բանակի նյութապահովման խնդիրների ու բացթողումների վերաբերյալ` նշելով, որ դրանց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը, սակայն այն մասն էլ, որ համապատասխանում է, բավարար հիմք է նրանց համար լուրջ քայլեր ձեռարկելու և հետագայում բացառելու նման փորձերը:

Պաշտոնյան ներկայացրեց մի քանի հարցեր, որոնք դրված են իրենց գերատեսչության և մատակարարների առջև: «Դեպարտամենտի առաջին խնդիրը ժամանակին ու որակյալ ապրանքների մատակարարումն է: Մեր առաջ խնդիր դրված չէ էժան ապրանք մատակարարել: Մեր բոլոր միջոցառումները պետք է ելնեն այս խնդրից ու մենք բանակին պետք է ապահովենք այն նյութական միջոցներով ու սպառազինությամբ, որ բանակն ավելի մարտունակ լինի»,­նշեց Հակոբյանը: Նա նկատեց, որ դա ապահովելու համար անհրաժեշտ է մրցակցության խթանում և եթե նախկինում որևէ մեկի հետ կնքվել է պայմանագիր մեկ անձից գնում կատարելու վերաբերյալ, դա այսուհետ բացառվելու է: Մովսես Հակոբյանը վստահեցրեց, որ նախարարությունը միջոցներ է իրականացնում ճիշտ ժամանակին գնման ժամանակացույցը, տեխնիկական բնութագրերի հստակությունը պատրաստելու համար, որպեսզի մատակարարների համար պարզ ու հասկանալի լինի իրենց հետ համագործակցելու կանոնները:

«Անթույլատրելի է լինելու պայմանագրի ստորագրումից հետո տեխնիկական բնութագրերի մեջ փոփոխություններն ու ժամանակացույցի երկարաձգումը»,­ հավելեց փոխնախարարը: Անդրադառնալով վճարման կարգին` Հակոբյանն ասաց, որ դա ևս ամրագրված է լինելու պայմանագրով: Ինչ վերաբերում է բողոքարկման կարգին, ապա Մովսես Հակոբյանը նկատեց, որ դիմում­բողոքները կքննարկվեն իրենց գերատեսչությունում, եթե կողմերը բավարարված չլինեն, նոր դիմեն վերադաս մարմիններին:




Լրահոս