Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Նա 36 տարեկան է: Մելքոնյանի կենսագրությունում ոչինչ նշված չէ նրա պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու մասին: Ակնհայտ է, որ Հայոց բանակում ժամկետային զինվորական ծառայություն չի անցել: Եւ էական էլ չէ, թե պաշտոնական ինչ հիմնավորում կա դրա համար:
Իրավաբանի կրթությունը ստանալուց հետո՝ 2006-ից մինչեւ 2014 թվականը, Մելքոնյանն աշխատել է խորհրդարանում, ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչն է եղել, 2011-ից 2014 թվականներին Եվրոդատարանում եղել է ՀՀ կառավարության ազգային իրավաբանը: 2014-ից մինչեւ այս տարվա մարտի 9-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ: Իսկ այս տարվա մարտի 9-ից մինչեւ երեկ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը: