Վարկեր զբոսաշրջային երթուղու և աղբավայրերի համար. հատկացվող վարկային միջոցները կծառայե՞ն իրենց բուն նպատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ այս տարվա փետրվարի 23-ին ստորագրվել է «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագիր` 55 մլն դոլար արժողությամբ: Նշված գումարով նախատեսվում է մշակութային ժառանգության հանգույցի վերականգնում եւ զբոսաշրջային երթուղու մշակում:

Ըստ այդմ, նախատեսվում է Գորիսի եւ Մեղրու հին քաղաքներում եւ ժառանգություն հանդիսացող Արենու, Տաթեւի եւ Տանձաթափի գյուղերում վերականգնողական միջոցառումներ իրականացնել. հատկացվող գումարով նախատեսվում է վերականգնել մշակութային ժառանգություն համարվող շենքերի ճակատային հատվածները եւ տանիքները, հանրային տարածքներին, թանգարաններին մոտեցնող ճանապարհները, ջրի, կոյուղու եւ փողոցային լուսավորությունը: Նաեւ նախատեսվում է իրականացնել Գառնու տաճարի եւ կիրճի, Գեղարդավանքի, Խոր Վիրապի, Արենու շուկայի եւ քարանձավի, Մոզրովի քարանձավի, Եղեգիսի, Զորաց քարերի (Քարահունջ), Խնձորեսկի, Հաղպատի եւ Սանահինի մշակութային ժառանգությունների պահպանությունը: Եւ այս ամենի նպատակով հատկացվող վարկի մայր գումարի մարման ժամկետը 25 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, իսկ վարկի սպասարկման գծով վճարումները պետք է կատարվեն կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին:

Բացի այս՝ հերթական վարկային համաձայնագիրը կնքվել է Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ այս տարվա ապրիլի 5-ին: Երկու կողմերի միջեւ ստորագրվել է «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը` 5.5 մլն եվրո արժողությամբ: Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ-ին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: Ըստ ծրագրի՝ ձեռք կբերվեն թափոնների հավաքման բեռնատարներ, թափոնների համար կոնտեյներներ, արկղեր, կկառուցվեն թափոնների հավաքման նոր կետեր, նոր աղբավայրեր: Այս վարկային միջոցներից 3.5 մլն եվրոն կհատկացվի Կոտայքի մարզին, իսկ 2 մլն եվրոն` Գեղարքունիքի մարզին: Վարկային միջոցները կտրամադրվեն երկու մասնաբաժիններով:

Նշենք, որ 3.5 մլն եվրո արժողությամբ մասնաբաժնի համար մարման ժամկետը մինչեւ 14 տարի է, որից արտոնյալ ժամկետը 2 տարի է, իսկ 2 մլն եվրո արժողությամբ մասնաբաժնի համար մարման ժամկետը մինչեւ 15 տարի է, որից արտոնյալ ժամկետը 3 տարի է:
Ներկայումս այս համաձայնագրերը գտնվում են վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում: Միջպետական միջազգային համաձայնագրերը ՀՀ նախագահի կողմից մինչեւ Սահմանադրական դատարան ուղարկելը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը այսօր դրանք կներկայացնի ՀՀ կառավարություն, որպեսզի երկու համաձայնագրերին գործադիրը հավանություն տա:
Մեզ մնում է հուսալ, որ այս համաձայնագրերով հատկացվող վարկային միջոցները իրականում կծառայեն իրենց բուն նպատակին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս