Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները ոչ թե պահպանել են իրենց գները, այլ թանկացել են. ԱՎԾ-ի արձանագրած գնանկումը սպառողի համար նկատելի չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մայիսին 2015 թվականի մայիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է 2.1 տոկոս գնանկում: Իսկ, ահա, պարենային ապրանքների շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 4.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 3.5 տոկոս: Վերոնշյալ ժամանակահատվածում բարձրացել են միայն ծառայությունների սակագները` 2.2 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրությունը արձանագրված գնանկման պատճառներն էլ է նշել: Այդ պատճառներից մեկը ձվի գինն է, որը այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 18.4 տոկոսով: Եւ չնայած սրան՝ ապրիլի համեմատ 11.4 տոկոսով թանկացել է: Իսկ, ահա, բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ, արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ: Մասնավորապես՝ թանկացել է սխտորը` 3.5 տոկոսով, գազարը՝ 7 տոկոսով, գլուխ սոխը` 13.9 տոկոսով, ճակնդեղը՝ 19.9 տոկոսով, եւ կարտոֆիլը՝ 22.5 տոկոսով:
Գնանկման եւս մեկ պատճառ. այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կաթնամթերքի շուկայում գրանցվել է 4.9 տոկոս գնանկում: Այն հիմնականում պայմանավորվել է խտացրած կաթի, «Չանախ», «Լոռի», եւ «Չեդեր» պանրատեսակների գնանկումով:

Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետության բոլոր քաղաքներում վերոնշյալ ժամանակահատվածում կաթնամթերքի գները նվազել են 2-0.2 տոկոսով: Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Մրգի շուկայում այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնպես գնանկում է արձանագրվել՝ 22.3 տոկոս, բայց 2016 թվականի ապրիլի համեմատ այն 3.4 տոկոսով թանկացել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ 10 քաղաքներում վերոնշյալ ժամանակահատվածում մրգի գներն աճել են 0.3-9.9 տոկոսով: Իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Երեւանում մրգի գները թանկացել են 3.8 տոկոսով:
Գնանկման պատճառներից է նաեւ ձկնամթերքի էժանացումը: Ձկնամթերքի շուկայում այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 3.3 տոկոս գնանկում, իսկ 2016 թվականի ապրիլի համեմատ՝ ձկնամթերքը թանկացել է 0.8 տոկոսով: Հիմնականում թանկացել են իշխան եւ չուքա (ստերլետ) ձկնատեսակները:

Առաջին անհրաժեշտության սննդատեսակը՝ հացը, այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3.1 տոկոսով էժանացել է: Սակայն այս տարվա ապրիլի համեմատ այն 0.4 տոկոսով թանկացել է: Սրան զուգահեռ թանկացել են ոչ պակաս կարեւոր առաջին անհրաժեշտության սննդատեսակները՝ առաջին տեսակի ալյուրը՝ 0.4 տոկոսով, առաջին տեսակի հացը՝ 0.4 տոկոսով, մակարոնեղենը՝ 0.8 տոկոսով, բլղուրը՝ 0.9 տոկոսով, բրնձը՝ 0.9 տոկոսով, ձավարը՝ 1.4 տոկոսով, ոսպը՝ 2.6 տոկոսով, սիսեռը՝ 3.1 տոկոսով, հնդկացորենը 6.7 տոկոսով: ՀՀ 9 քաղաքներում նույն ժամանակահատվածում հացամթերքի գներն բարձրացել են 0.1-0.9 տոկոսով, իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էջմիածնում:
Անդրադառնանք մսամթերքի շուկային. այստեղ այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 3.9 տոկոս գնանկում, իսկ այս տարվա ապրիլի համեմատ` մսամթերքը 0.2 տոկոսով թանկացել է: Ի դեպ, թանկացել է նաեւ ոգելից խմիչքը եւ ծխախոտը՝ 0.1 տոկոսով:

Իսկ, ահա, ոչ պարենային ապրանքների շուկայում թանկացել է կոշիկը՝ 0.5 տոկոսով, կենցաղային էլեկտրաապրանքները՝ 1.1 տոկոսով, կահույքը՝ 1.2 տոկոսով: Այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, թանկացավ նաեւ բենզինը՝ 0.5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը 2.9 տոկոսով էժանացավ: Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրավական ու բանկային ծառայությունների սակագները բարձրացել են 0.1 տոկոսով, բուժսպասարկմանը՝ 0.5 տոկոսով: Իսկ տրանսպորտի ծառայությունների սակագները 0.5 տոկոսով են թանկացել, ինչն էլ կապված է օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի 1.6 տոկոս հավելաճի հետ:
ԱՎԾ-ի արձանագրած գնանկման ֆոնին նկատենք, որ քաղաքացին դրա ազդեցությունը չի զգում: Իսկ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, հակառակ պատկերն է արձանագրվել՝ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները ոչ թե պահպանել են իրենց գները, այլ թանկացել են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս