Ասում են` սառնասիրտ եմ. ես դա ընդունում եմ. Շուշաննա Թովմասյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների ուշադրությանը ներկայացնել բլից հարցազրույցների շարք, որոնց միջոցով կբացահայտենք հայ հայտնիների էությանը բնորոշ գծերը, կանդրադառնանք նրանց կյանքի` քչերին հայտնի իրադարձություններին, կդիտարկենք նրանց բոլորովին նոր ռակուրսից: Այս անգամ մենք զրուցել ենք մի շարք սերիալներից եւ հեռուստանախագծերից, «Թատրոն 32»-ից հայտնի դարձած դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ:

13413576_1071921322888933_868146527931131006_n

-Շուշաննա՛, ինչպիսի՞ երեխա եք եղել:

-Շատ հանգիստ: Հիշում եմ, թե ինչպես էի անհամբեր սպասում մայրիկիս` աշխատանքից վերադառնալուն, որ բակ իջնեի` խաղալու, որպեսզի նրա աչքի առջեւ լինեի: Բայց ես կարող էի նաեւ օրերով մնալ տանը եւ ինքնուրույն խաղալ:

-Կյանքն ի՞նչ գույն ունի, ըստ Ձեզ:

-Դեղին ու կանաչ:

-Բնության մի երեւույթ, որին նմանեցնում եք ինքներդ Ձեզ:

-Հանկարծ թող որպես գովասանք չհնչի, բայց դա արեւն է:

-Միշտ կհիշեք այն օրը, երբ…

-Երբ ընդունվեցի Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան: Չեմ մոռանա այդ օրերի հուզմունքը: Տպավորվել է նաեւ իմ կյանքի առաջին քասթինգը, որին մասնակցում էի` սերիալում նկարահանվելու համար: Այդ ժամանակ ամեն բան ինձ համար նոր էր, այդ միջավայրին բացարձակ ծանոթ չէի:

Ձեր ամենաուժեղ եւ ամենաթույլ կողմերը:

-Ուժեղ կողմս այն է, որ նպատակասլաց եմ, իսկ թուլությունս, ավելի ճիշտ կլինի ասել` բացասական հատկությունս, սառնասրտությունն է: Ինձ ասում են, որ ես սառնասիրտ եմ, եւ ես դա ընդունում եմ: Ասում են` ով-ով, բայց չէինք մտածի, որ դու կարող ես լինել այդպիսին: Ասեմ, որ եթե ես սառում եմ, ուրեմն ինձ հասցրել են դրան: Որովհետեւ ինքս կոնֆլիկտից խուսափող մարդ եմ, շատ ջերմ կարող եմ լինել, բայց երբ ինձ հասցնում եմ ինչ-որ կետի, սառում եմ, եւ դա կարող է երկար տեւել:

-Չեք հավատում, որ…

-Որ այն, ինչին պետք է կյանքում հասնես, հեշտ է տրվում:

-Ֆիլմ, որին նմանեցնում եք Ձեր կյանքը:

13445464_1071921329555599_2994256762373232911_n

-Ես որեւէ ֆիլմ հատուկ չեմ առանձնացնի, բայց կարող եմ ասել, որ իմ մարմնավորած կերպարներից ամեն մեկի մեջ ինձնից ինչ-որ բան կա: Իսկ, առհասարակ, շատ եմ սիրում սովետական, հին հայկական ֆիլմեր, որոնցից երբեք չեմ հոգնում: Դրանց մեջ տեսնում եմ ուսուցողական տարրեր: Հաճույքով եմ դիտում, օրինակ, «Կտոր մը երկինք»-ը, «Նամուս»-ը, «Մեր մանկության տանգոն»:

-Կորուստ, որ դեռ չեք մարսել:

-Դա հորս հետ է կապված: Այս պարագայում մարսել բառը սխալ կլինի օգտագործել, բայց դա անդառնալի կորուստ է ինձ համար: Ֆիզիկապես ոչ, բայց հոգեպես նա ինձ հետ է: Այդ կորստի ցավը սկզբում վերք է պատճառում, հետո դառնում է սպի, որը միշտ քեզ հետ է, որքան էլ դիմես կոսմետիկ միջամտությունների: Մնում է պարզապես համակերպվել:

-Երբեք չեք ներում…

-Երբ նեղացած եմ լինում որեւէ մեկից, սառնասրտությունս հաղթում է, բայց եթե այդ մարդն ինձ համար թանկ է, ես նրան նոր հնարավորություն եմ տալիս:

-Երեւանյան մի քանի իրականություն, որոնք զայրացնում են Ձեզ:

-Կուզենայի, որ մարդկանց հետեւից ռեպլիկներ չհնչեին, փողոցներում չլսեի բարձր ծիծաղ, չտեսնեի կեղտ, թափթփվածություն, այլ մաքուր ու կոկիկ միջավայր: Եվ, իհարկե, կցանկանայի տեսնել մեկը մյուսին ժպտացող մարդկանց:

-Հատկանիշ, որով գրավում եք տղամարդկանց:

-Տղամարդու տարբեր տեսակներ գոյություն ունեն: Նրանց մի մասին կարճ շրջազգեստով էլ կարող ես գրավել, բայց կան տղամարդիկ, որոնց այդ կերպ չես զարմացնի. նրանք ավելի խորքային են: Կուզենամ, որ ինձ ուշադրություն դարձնեն հենց այս վերջին տեսակի տղամադիկ, որոնց դուր կգամ իմ ամբողջական կերպարով:

-Հարվածները հաղթահարելու Ձեր տարբերակը:

-Քնելը (ծիծաղում է): Նման դեպքերում ես կարողանում եմ քուն մտնել, հանգստանում եմ, եւ հետո ամեն բան դասավորվում է:

-Եվ վերջին հարցը` ինչպե՞ս արդյունավետ ապրել:

-Կյանքը հիասքանչ է, պետք չէ դժգոհել ու սպասել հաջողության, ոչ էլ անընդհատ քրտնաջան աշխատել: Ուղղակի անհրաժեշտ է բալանսավորված ապրել եւ ճիշտ գնահատել իրավիճակը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս