Սեպտեմբերի 22-ին Բաթումիի Արտհաուսային կինոյի միջազգային կինոփառատոնում ռեժիսոր Սերժ Ավետիքյանը “Փարաջանով” լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է “Լավագույն դերասան” մրցանակին:
Ավետիքյանի ֆեյսբուքյան էջի համաձայն` “Փարաջանովը” ուկրաինական կինովարձույթ դուրս կգա հոկտեմբերի 3-ին: Ֆրանսիայում ֆիլմը կինովարձույթում կհայտնվի հունվարին կամ փետրվարին: Ինչպես նշել է Ավետիքյանը, ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մինչև տարեվերջ: Իսկ մինչ այդ, ֆիլմը պաշտոնապես կներկայացվի Համբուրգի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ից հոկտեմբրի 5-ն ընկած ժամանակահատվածում:
“Փարաջանովը” Ուկրաինայի կողմից պաշտոնապես հաստատվել է “Օսկարին” մասնակցելու համար: Ֆիլմը կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի “Լավագույն օտարալեզու ֆիլմ” անվանակարգում:
Մեծանուն արվեստագետ Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարվա մասին ֆիլմ նկարահանելու մտահղացումը ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովայինն է, որը սցենարի հեղինակն է, համառեժիսորը և համապրոդյուսերը:
Ֆրանսիական կողմից համառեժիսորը Սերժ Ավետիքյանն է, գեղարվեստական ղեկավարը և կրեատիվ պրոդյուսերը` Ռոման Բալայանը, բեմադրող օպերատորը՝ Սերգեյ Միխալչուկը, բեմադրող նկարիչը՝ Վլադ Ռիժիկովը:
Աղբյուրը՝ civilnet .am