«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հրապարակել էր ՀՀ պաշտպանության նախարարությունում ծավալված աղմկալի մի պատմության մանրամասներ, որի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը: Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտ ամսից, երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումները հրապարակային ընթացք չունեին, ապրիլյան 4-օրյա պատերազմն էլ չէր սկսվել: Այսպիսով՝ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը բացահայտել է, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին մատակարարվող տեխնիկայի գները ուռճացված են: Խաչատրյանի գործունեության արդյունքների մասին ՊՆ-ում սկսել են խոսել, Սերգեյ Հայրապետովը նրան զգուշացրել է, որ վերը նշված ընկերության մասին մոռանա եւ չզեկուցի վերադասին, այլապես «կփոշմանի»: Սակայն Խաչատրյանը չի լսել «խորհուրդը» եւ իր կողմից հայտնաբերված չարաշահման մասին վերադասին զեկուցել է:
Արդյունքը եղել է այն, որ Սամվել Խաչատրյանն այսօր կալանքի տակ է: Իսկ Սեյրան Օհանյանը, նրա անվտանգության պետն էլ շարունակում են պաշտոնավարել, ընկերություններն էլ իրենց ուզած գներով ինչ որ բաներ են վաճառում ՀՀ ՊՆ-ին ու սրընթաց հարստանում:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վերոնշյալ հրապարակման հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն տվեց` նշելով. «Հայրապետովի ծեծի հետ կապված դա զրպարտություն է, ինչպես երեկ ասացի ՊՆ-ն վարկաբեկելու փորձ։ Նշված անձի հետ կապված դա անհեթեթություն է։ Նրան դատաբժիշկները նայել են ու ոչինչ չի հաստատվել։ Իսկ ընդհանուր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն անձինք, որոնք կատարել են չարաշահումներ, պատժվել են»։