Երեկ Ազատության հրապարակում արցախյան մի խումբ ազատամարտիկների անցկացրած հանրահավաքը սովորականից ավելի ներկայացուցչական էր: Ի տարբերություն ամիսներ ի վեր անցկացվող ամենշաբաթյա հանրահավաքների` այս անգամ մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ղարաբաղ կոմիտե»-ի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թե որն էր պատճառը, որ Ր. Հովհաննիսյանն ու Պ. Հայրիկյանը որոշել էին հիշել ազատամարտիկների մասին ու նրանց կազմակերպած հավաքը «պատվել» իրենց մասնակցությամբ, պարզ է բոլորին. այս երկու քաղաքական գործիչների կողմից այսօր հրավիրված հանրահավաքի համար «մասսովկա» է անհրաժեշտ, ուստի եւ նրանք եկել էին մասնակիցների հավաքագրման: Ու եթե Պ. Հայրիկյանն այս հարցում ավելի համեստ էր եւ բավարարվեց միայն ասելով, որ ազատամարտիկների խնդիրներն իրեն հետաքրքրում են, սակայն ինքը չի ցանկանում քաղաքական գնահատականներ հնչեցնել, ապա Ր. Հովհաննիսյանն ամենեւին չնեղվեց այսօրվա հանրահավաքի համար մասնակիցների հավաքագրման հայտարարություն անելուց: Բայց նախ` նա դիմեց ազատամարտիկներին, բնականաբար, ընդգծելով իր` ազատամարտիկների կողքին լինելու հանգամանքը. «Դուք ձեր կյանքը դրել եք ազատության զոհասեղանին: Եվ հիմա բոլորս միասնական շնչով պետք է ենթարկվենք ազգային պետական այդ դրոշին, եւ ով քաջ է, այդ օրինակով, ոչ թե որեւէ մեկի հրավերով պետք է կանգնի ազատամարտիկների կողքին: Դա մեր պարտականությունն է»: Թե ինչու է Ր. Հովհաննիսյանն այդ պարտականության մասին հիշել իր կողմից հրավիրված հանրահավաքից մեկ օր առաջ, այդ հարցը թերեւս բոլոր ազատամարտիկների մտքով անցավ, այդուհանդերձ, դա Հովհաննիսյանին չկաշկանդեց, եւ նախագահական ընտրություններից հետո հարթակային ելույթները կարոտած գործիչը նույն նոստալգիկ բառապաշարով ու տոնայնությամբ ասաց. «Չկա Րաֆֆի, առավել եւս` Պարույր, թող գան այստեղ բոլոր քաղաքացիական խմբերը, Նախախորհրդարանի անդամները, բնապահպանները, քաղաքացիական ակտիվիստները»: Այն, որ «չկա Րաֆֆի», նորություն չէր, բայց թե այ ինչու` «առավել եւս` Պարույր», այդ հարցը, կարծում ենք, Պարույր Հայրիկյանը տված կլինի Հովհաննիսյանին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա առնվազն տխուր է այն, որ այս քաղաքական գործիչները, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ հնարավորություն ունեին եթե ոչ նախագահ ընտրվելու, ապա իրենց ազնիվ ու սկզբունքային կեցվածքով երկրում մթնոլորտ փոխելու, ամեն ինչ արեցին նախագահական ընտրություններն անլրջացնելու եւ Սերժ Սարգսյանի վերընտրությունը հնարավորինս անխոչընդոտ անցկացնելու համար: Եվ ուստի` հիմա նրանց մտահոգություններն ու «համազգային բողոքի» կոչերը, ցավոք, արժեզրկված են: Այն, ինչի դեմ այսօր խոսելու են, չէր լինի, եթե ընդամենը մի քանի ամիս առաջ նրանք այդքան դառնորեն հուսախաբ չանեին ժողովրդին:
«ՉԿԱ ՐԱՖՖԻ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ` ՊԱՐՈՒՅՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ