«ԶԱՐՄԱՆԱԼԻ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀԿ ողջ վերնախավն առավոտից երեկո խոսում էր եվրոպական արժեքների գերակայության, ԵՄ տնտեսական շուկայի առավելությունների եւ Հայաստանի` ԵՄ-ին ասոցացվելու անհրաժեշտության մասին, սակայն Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունից հետո արդեն  նույն ՀՀԿ-ականների դիրքորոշումները տրամագծորեն փոխվեցին: Ընդ որում, հիմա արդեն որպես հիմնավորում նշվում են ոչ միայն ՄՄ-ի տնտեսական առավելությունները, այլեւ անվտանգության խնդիրը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, իշխանության ներկայացուցիչների կողմից անընդհատ հայտարարվում է, որ Հայաստանը Մաքսային միությանը միանալու դեպքում լուծում է  իր անվտանգության խնդիրները: Խնդրում եմ մանրամասնել, թե ինչ նկատի ունեք: Արդյո՞ք մինչ այդ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ ստորագրված ռազմական փոխգործակցության մասին պայմանագրերով այդ խնդիրը չէր լուծվում:
-Նախ ասեմ, որ մենք մշտապես փորձում ենք ինչ-որ բաներ նույն փաթեթի մեջ նայել, կարծում եմ, որ նախ պետք է ամբողջական պատկերացում ունենալ, թե իրենից ինչ է ներկայացնում Մաքսային միությունը եւ ընդհանրապես ինչ հնարավորություններ է տալիս: Մաքսային միությունը տնտեսական կառույց է, այսինքն՝ տնտեսական լայն հնարավորություններ է տալիս ՀՀ-ին: Իմ կարծիքով՝ եվրասիական շուկան, Ռուսաստանի եւ Ղազախստանի շուկան բավական հրապուրիչ են հայկական ապրանքների համար: Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանի տնտեսվարողներին, բիզնեսմեններին, արտադրողներին հավելյալ հնարավորություններ կտա, որպեսզի տնտեսությունը զարգանա:  Եվ այդ առումով եվրասիական շուկան, այսպես ասած, հայկական տրադիցիոն ապրանքների համար ավելի շահեկան է: Ես Ձեզ ընդամենը մեկ օրինակ բերեմ, որ ավելի պատկերավոր լինի. եթե չեմ սխալվում, այս տարվա ընթացքում մենք 42 միլիարդ դրամի կոնյակ ենք վաճառել, մենք ասելով՝ նկատի ունեմ ՀՀ-ն է արտահանել, որից 41 միլիարդը ԱՊՀ շուկա: Այն, որ Մաքսային միությանը միանալը տնտեսական առումով շահեկան է ՀՀ-ի համար, կարծում եմ՝ արդեն վիճելու խնդիր չէ, սա պարզից էլ պարզ է:
-Իսկ այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու Հայաստանի անվտանգության խնդիրը, քանի որ Դուք նշեցիք տնտեսական առավելությունները:
-Այստեղ մեկ այլ հարց է. ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակից երկրներ են: Եթե մենք մեր  անվտանգության համակարգի զարգացումը կապում ենք մեր դաշնակից Ռուսաստանի հետ, ապա առնվազն տարակուսելի ու զարմանալի է, որ մարդիկ զարմանում են տնտեսական հարաբերությունների խորացումից: Այնպես որ, կարծում եմ` պետք չէ անհասկանալի համարել անվտանգությունը լուծելու հարցը, քանի որ այն իսկապես պարզ ու հասկանալի հարց է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս