ԵՄ-Ի ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎԱՐԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական վերջին դեգերումների վերաբերյալ սկանդալային փաստեր են բացահայտվում, որոնք, ըստ էության, աննախանձելի դրության մեջ են դնում իշխանություններին: Ընդ որում, այս սկանդալային բացահայտումների հեղինակը նույն իշխանության ներկայացուցիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, ՀՀԿ-ական Կարինե Մինասյանն է:
Նա երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարել է, թե դեռ 2012թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ մի խումբ, որը բանակցել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Այդ խմբի ղեկավարը եղել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը, որը բանակցել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի գլխավորած խմբի հետ` ՄՄ-ին ՀՀ  անդամակցության հարցերի շուրջ: Երբ լրագրողները Մինասյանին հարցրել են, թե ինչու էին գաղտնի պահվում այդ խմբի մասին տեղեկությունները, փոխնախարարը պատասխանել է, թե այդ խումբը ստեղծելու մասին վարչապետի որոշումը տեղադրված է եղել կառավարության կայքում եւ բաց է եղել բոլորի համար:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ իրականում նման մի որոշում կայացվել է դեռեւս 2012թ. օգոստոսի 24-ին. խոսքը վարչապետի 810-Ա որոշման մասին է: Սակայն հետո՝ դեկտեմբերի 4-ին, այն փոփոխություններ է կրել, եւ այս անգամ Տ. Սարգսյանը ստորագրել է 1204-Ա որոշումը, որով հաստատել է «ՀՀ-ի եւ Մաքսային միության, Բելառուսի, Ղազախստանի եւ ՌԴ-ի միասնական տնտեսական տարածքի միջեւ համապատասխան գործակցության հնարավորության ուսումնասիրման նպատակով հանձնաժողովի կազմը»: Այնտեղ ընդգրկված է եղել 9 հոգի` Տ. Դավթյանը, գյուղնախարարի տեղակալ Գ. Բաղիյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կ. Մինասյանը, ֆինանսների փոխնախարար Վ. Արամյանը, որն այժմ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, ՊԵԿ ղեկավարի տեղակալ Ա. Ալավերդյանը, ԱԳՆ ԱՊՀ վարչության պետ Ա. Ղեւոնդյանը, պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Ա. Մարկոսյանը, ԳՆ ՍԱՊԾ պետ Ա. Բախչագուլյանն ու  ՏՄՊՊՀ պետի տեղակալ Պ. Ղալթաղչյանը:
Ու հիմա, փաստորեն, ստացվում է, որ իշխանությունները մի կողմից բանակցություններ են վարել ԵՄ-ի հետ` Ասոցացման պայմանագրի շուրջ, մյուս կողմից ՌԴ-ի հետ` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Եվ սա այն դեպքում, երբ ԵՄ-ն մշտապես հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը հակասում է Մաքսային միությանը: Այսինքն՝ ստացվում է, որ Ս. Սարգսյանը 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2013թ. սեպտեմբերը (իսկ այդ ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները կեղծելով՝ Ս. Սարգսյանը հռչակվեց նախագահ) «խաղացել է երկու լարի վրա» եւ խաբել առաջին հերթին հենց ԵՄ-ին: Նրանց հետ բանակցել է բացահայտ, իսկ ռուսների հետ՝ գաղտնի:
Սա կարելի է համարել դիվանագիտական սկանդալ ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ նույն ԵՄ պաշտոնյաների համար, որոնց Ս. Սարգսյանն այս ողջ ընթացքում փոքր երեխայի նման խաբել է` մի կողմից հավաստիացնելով, թե ինքը եվրոինտեգրացիայի կողմնակից է, նույնիսկ ակտիվ կերպով համաձայնագրեր է մշակել, բայց այդ ընթացքում մյուս կողմից զուգահեռ բանակցություններ է վարել ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ: Եվ միայն այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանը ԵՄ երկրներից ստացավ «լեգիտիմություն», պարզապես պատռեց իր դիմակը: Ու այսքանից հետո ճիշտ կլիներ, որ ԵՄ պաշտոնյաները պարզապես խոստովանեին իրենց միամտությունը:

Անհեթեթությունների շարան

ՀՀ իշխանությունները երեկվանից սկսել են Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը. կառավարության նիստում հաստատվեց ՄՄ-ին միանալու նախապատրաստական աշխատանքների ցանկը, իսկ այդ աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ հոկտեմբերի 10-ը: Կառավարության նիստում այս հարցը ներկայացնում էր ոչ թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, այլ նրա առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, որը, ի դեպ, սովորաբար աչքի է ընկնում ռուսախոսությամբ:
Միաժամանակ ուշագրավ է այն հանգամանքը, որ նման կարեւոր հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես չեկավ ներածական խոսքով, ոչ էլ որեւէ տեսակետ հայտնեց այդ իրադարձությունների մասին: Մինչդեռ հատկապես Տ. Սարգսյանի տեսակետը ուշագրավ էր այն առումով, որ ինքը մի քանի տարի շարունակ միջազգային ամբիոններից պնդում էր ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության անիմաստ, անօգուտ լինելու մասին: Նա այդ մասին ասել է 2011թ. Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, 2012թ. ապրիլին` «Կոմերսանտ» թերթին, 2012թ. նոյեմբերին՝ «Իզվեստիա» թերթին, 2013թ. փետրվարի 4-ին` «Մոսկովսկիե նովոստի» թերթին եւ վերջապես այս տարվա հունիսին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցներում: Ուշադրությո՛ւն դարձրեք` վարչապետը ՄՄ-ին ՀՀ անդամակցության անհնարինության մասին հայտարարել է այն ժամանակ, երբ արդեն իր որոշմամբ ձեւավորվել էր ՄՄ-ին միանալու համապատասխան բանակցային խումբ:
Տ. Սարգսյանի՝ նախկինում արած հայտարարությունները չխանգարեցին, որպեսզի սեպտեմբերի 18-ին նա որոշում ստորագրի ՄՄ-ին ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողով եւ համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին: Ավելին, այդ հանձնաժողովը ղեկավարելու է ինքը` Տ. Սարգսյանը, իսկ այնտեղ ընդգրկված են գրեթե բոլոր նախարարները` բացառությամբ Արմեն Աշոտյանի, Արմեն Գեւորգյանի, Հրանուշ Հակոբյանի, Յուրի Վարդանյանի, Արամ Հարությունյանի եւ Հասմիկ Պողոսյանի: Այդ հանձնաժողովի կազմում ընդգրկված են կառավարությանն առընթեր բոլոր գերատեսչությունների ղեկավարները, փոխնախարարներ ու մի շարք այլ պաշտոնյաներ: Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նաեւ 7 աշխատանքային խումբ: Ընդ որում, ՄՄ-ին միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խումբը ղեկավարելու է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որը, ի դեպ, հեռուստատեսությամբ հայտարարել էր տառացիորեն հետեւյալը. «Եթե դու միանում ես Մաքսային միությանը, ապա կորցնում ես քո սուվերենությունը»:
Այս ամենը, թերեւս, խոսում է ՀՀ իշխանությունների ապաշնորհության ու անվստահելի գործընկեր լինելու մասին: Այս մարդիկ հանուն իրենց պաշտոնի պատրաստ են ամեն քայլի, որքան էլ այն անտրամաբանական լինի: Ու այս իրավիճակում հերթական անգամ բացահայտվեց հայտնի ճշմարտությունը, որ պետության բաճկոնը նրանց հագովը չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս