Սարերի վանքերն անտե՞ր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1972թ. 30 հազար օրինակով հրատարակված «Սովետական Հայաստանի պատմա-ճարտարապետական հուշարձանների պատկերազարդ քարտեզ-ուղեցույցում», ըստ շրջանների՝ նշված են Հայաստանում առկա պատմական հուշարձանները: Թռուցիկ հայացքից պարզ է դառնում, որ այդ քարտեզում նշված չեն արժեքավոր շատ հուշարձաններ: Օրինակ՝ Նոյեմբերյանի շրջանի տարածքում նշված է ընդամենը 4 պատմական հուշարձան, մինչդեռ դրանց թիվը մի քանի անգամ ավել է: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի տարածքում գտնվող նշանավոր «Բարձյալ խաչ» մատուռը, որ նախաքրիստոնեական շրջանի դամբարան է՝ հետագայում ձեւափոխված մատուռի, քարտեզ-ուղեցույցում նշված չէ:

Այդ քարտեզի հրապարակումից անցել է 43 տարի: Այժմ ավելի շատ բան է հայտնի պատմական կոթողների մասին, օրինակ՝ Ոսկեպար գյուղի պատմական հուշարձանների մասին մեծ ալբոմ է տպագրվել: Ինչպե՞ս են պահպանվում անտառի խորքերում, սարերում գտնվող պատմական հուշարձանները: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Տավուշի մարզային ծառայության Նոյեմբերյանի տարածաշրջանի պատասխանատու Պավել Աբովյանին հարցրինք՝ արդյոք նա միայնակ կարող է հսկողություն իրականացնել հեռավոր անտառներում գտնվող վանքերի, խաչքարերի եւ այլ կոթողների նկատմամբ:

Նա ասաց, որ ինքն ամսական ստանում է ընդամենը 15 հազար դրամ գործուղման վճար: Պ. Աբովյանը նշեց, որ վերջին տարիներին նվազել են պատմական հուշարձանների հանդեպ սեւ գանձագողերի ոտնձգությունները, ոսկի գտնելու նպատակով այդ հուշարձանների ավերումը: Մասնագետը հայտնեց, որ հասարակության եւ բարերարների աջակցությամբ կարողացել են պատմական մի քանի հուշարձանների շրջակայքը մաքրել, պետական ֆինանսավորմամբ առաջիկայում կսկսվի Կողբի Մշկավանքի նորոգումը:

Պ. Աբովյանը կարեւորեց պատմական հուշարձանների վերաբերյալ արտասահմանյան արժեքավոր փորձը Հայաստանում կիրառելը, երբ դեպի հուշարձաններ զբոսաշրջային երթուղիներ են կայանում եւ հուշարձանները ներառվում են տուրիստական բիզնեսի շրջանակներում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս