Ո՞րն է Պյոտր Սվիտալսկիի կոշտ հայտարարությունների պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային փոխարինեց Պյոտր Սվիտալսկին, կարծես ԵՄ դիրքորոշումը փոքր-ինչ խստացավ Հայաստանի հետ հարաբերություններում: Խոսքը վերաբերում է այդ կազմակերպության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օգնությանը, հարաբերությունների հետագա զարգացմանը եւ այլն: Այն, որ Սվիտալսկին ավելի խիստ եւ ոչ այնքան լղոզված ձեւակերպումներով կարող էր հանդես գալ, հավանաբար այնքան էլ անսպասելի չէր:

Այս դիվանագետն ազգությամբ լեհ է, իսկ լեհերը, որպես կանոն, առանձնանում են իրենց հակառուսական աշխարհայացքով: Բացի այդ՝ նրանք առավել կողմնակից են եվրոպական ընդլայնմանն ու ինտեգրմանը, հակված են զարկ տալու Արեւելյան գործընկերության ծրագրին եւ այլն: Իսկ քանի որ Հայաստանում ռուսական ազդեցությունը մեծ է, ապա փոքրանում է եվրոպական ազդեցության տարածման դաշտը, դա էլ ավտոմատ բերում է նրանց գնահատականների կոշտացմանը որպես այդ ազդեցության նվազման ձեւ:

Այս համատեքստում Սվիտալսկին կիրառում է հայտնի պրեւենտիվ՝ կանխարգելիչ, դիվանագիտության մեթոդը, որի էությունը ոչ միայն ռուսական ազդեցության աստիճանական կրճատումն է, այլեւ իշխանության մոտ քաղաքական որոշումների կայացման այլընտրանքների մշակումը, այսինքն՝ այն ամենը, ինչը թույլ կտա զսպելու ռուսական էքսպանսիան: Լեհ փորձառու դիվանագետը շատ լավ է պատկերացնում իրավիճակը, հետեւաբար նա գիտակցում է, որ առանց այլընտրանքները հաշվի առնելու հայաստանյան իշխանությունը չի կարողանալու ռուսական աշխարհաքաղաքական բեւեռի կողմնորոշման այլ տարբերակներ մշակել ու իրականացնել: Այդ իսկ պատճառով ԵՄ պատվիրակության ղեկավարը փորձում է հայաստանյան հասարակության քաղաքական համակարգում որոշակի ինստիտուցիոնալ փոփոխություններ խթանել, որոնք իրենցով կձեւավորեն կոնկրետ հարաբերություններ կամ կփոխեն արդեն գոյություն ունեցող հարաբերությունների սպեցիֆիկան:

Հենց այդպես, ինստիտուցիոնալ հենքի վրա համակարգային փոփոխությունները կարող են ներգործություն ունենալ նաեւ արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա, որովհետեւ հայտնի է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Որպես ներքին հարաբերությունների վերափոխման լավագույն միջոց ԵՄ-ն թիրախավորել է կոռուպցիայի դեմ պյքարը՝ հասկանալով, որ այդ երեւույթն այսօր Հայաստանում շատ ուժեղ ու անշեղորեն գործող խաղի կանոն է, որը չի թողնում ավելի արեւմտյան քաղաքակրթությանը մոտ գործողություններ իրականացնել: Սվիտալսկին էլ, հասկանալով այս ամենը, կարծես բռնել է մեր պետության թույլ տեղը եւ անընդհատ, նույնիսկ ոչ երկիմաստ խոսքով, հիշեցնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ փորձելով նաեւ որոշակի ճնշումներ բանեցնել:

Թեեւ ի պատասխան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն մտքին, որ «Սվիտալսկին, եթե կարծում է, որ կարող է ճնշումներ գործադրել, ապա սխալվում է», պատասխանել էր, թե ինքը դաստիարակված մարդ է եւ չի մեկնաբանի նախարարի խոսքերը, այնուամենայնիվ, դիվանագիտությունը նաեւ ճնշման գործիք է, ու նրա նման դիվանագետը չի կարող դրանից չօգտվել: Ահա թե ինչու ԵՄ պատվիրակության ղեկավարը շեշտում է, որ ՀՀ իշխանությունը չի ստանա 15 միլիոն եվրոն կոռուպցիայի դեմ պայքարի համար, եթե չիրականացնի գործնական քայլեր:

Ըստ էության, նա լավ է ուսումնասիրել մեր պետական որոշումներ կայացնողների հոգեբանությունը եւ հանգել այն եզրակացության, որ փողն առաջնային է, ուստի դրա միջոցով որոշակի գործողությունների է հրավիրում: Բայց այդ մարդու քայլերի մեջ, թերեւս, կարեւորագույնը այլ հարթության մեջ է դրսեւորվում: Նա հայտարարեց, թե իրենց համար կարեւորն այն է, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս է, այսինքն՝ փողն էական չէ: Եթե նույնիսկ այդ գումարն էլ հատկացվի, միեւնույն է, դա կարող է ոչինչ չփոխել, քանի դեռ Երեւանը չի գիտակցել կարեւորագույնը՝ քաղաքակրթական ասպեկտը:

Այլ կերպ ասած՝ միտքն այն է, որ կարող է Եվրոպական միությունը փողեր տրամադրել հայաստանյան կառավարությանը, սակայն եթե ուզում եք երկարաժամկետ, բովանդակային հարաբերություն, եթե չեք ուզում ձեզ մշտապես վերաբերվեն կուռատոր-կատարող սկզբունքի շրջանակներում, ապա պետք է աշխատել արժեքների վրա: Իսկ Եվրոպայի համար կարեւորն արժեքն է, դրա վրա հիմնված գործակցությունը, այլապես փողերը կարող են գալ ու գնալ, բայց ոչինչ էլ չփոխեն: Վերջապես, այս խոսքերը հստակ մեսիջներ են, որոնք Բրյուսելը փոխանցում է Երեւանին. կա՛մ ինտեգրացիա, կա՛մ էլ ձեւական ծրագրերի քաղաքականություն:

Անի Ստեփանյան




Լրահոս