Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՎՐԱ ԾԻԾԱՂՈՂՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆԻՍԿ ՉԵՆ ԺՊՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկսելով վիկիլիքսյան բացահայտումների շարքը՝ նախորդ անգամ անդրադարձանք արդեն սնանկացած հայ օլիգարխներից մեկի՝ Միխայիլ Բաղդասարովի եւ ամերիկյան դիվանագետների՝ 2009թ. մարտի 20-ի հանդիպմանը: Այդ ընթացքում գործարարը բավական անկեղծացել ու իր մոտեցումներն էր ներկայացրել արդիական ու կարեւոր հիմնախնդիրների շուրջ: Այսօր կանդրադառնանք վերջինիս մտքերին Հովիկ Աբրահամյանի գործունեության եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ու սփյուռքահայ կազմակերպությունների վերաբերյալ:
Քննադատելով Տիգրան Սարգսյանի վարչապետությունը՝ Բաղդասարովը ավելի է ընդգծում Հ. Աբրահամյանի կարեւորությունն ու հզորացումը: Նա նկատում է, որ երբ հայ քաղաքական ընտրանին բախվում է ներքին բարդություններին, անտեսելով վարչապետին՝ գնում է Հ. Աբրահամյանի մոտ: Վերջինս ԱԺ նախագահ դառնալուց անմիջապես հետո կարողացավ իր կողմը գրավել պատգամավորների մեծամասնությանը: Օլիգարխի կարծիքով՝ նա կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ամբողջ գործընթացը եւ ղեկավար դիրք ստանձնել՝ ի հեճուկս վարչապետի, ով հիմնականում ընդգծվում է բացասական լույսի ներքո, քննադատվում ու նույնիսկ ծաղրի ենթարկվում շատ պատգամավորների կողմից: Բաղդասարովը կոչ է անում չթերագնահատել ԱԺ խոսնակին, որը բանակցություններ վարելու կարողությամբ, կուլիսային լուծումների հասնելու, ազնիվ միջնորդ լինելու համբավով խորհրդարանում ստեղծել է մի «ստվերային կառավարություն»՝ լուսանցքում թողնելով վարչապետին ու մյուս նախարարներին: Ըստ նրա՝ այդ ամենին հասնելուն նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ նախարարների գերակշիռ մասը գտնվում է «սիրողական մակարդակի վրա», որոնք «աշխատանքային ուսումնառության» կարիք ունեն: Մ. Բաղդասարովի կանխատեսումներով՝ Հ. Աբրահամյանը կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, ապա նաեւ՝ նախագահը:
Ի դեպ, երբ ամերիկացիները նկատում են, թե նախագահի աթոռն առաջիկա 9 տարիների համար հավանաբար զբաղված կլինի (հաշվի առնելով Ս. Սարգսյանի հնարավոր վերընտրությունը), Բաղդասարովը կարծիք է հայտնում, թե Հ. Աբրահամյանը կարող է գտնել գործող նախագահին իր ուղուց հեռացնելու եւ նրա տեղը զբաղեցնելու ճանապարհը: Այդպիսով՝ կարելի է ենթադրել, որ իշխանական կուլիսներում հավանաբար ինչ-որ տարօրինակ ու ստվերային գործընթաց, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, քանզի այս տեղեկությունները համադրելով՝ ավելի մանրամասն է ուրվագծվում 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ Հ. Աբրահամյանի հրաժարականի դրդապատճառների շուրջ մինչեւ վերջ չպարզաբանված պատկերը:
Ինչեւէ, Բաղդասարովի պնդմամբ՝ ԱԺ նախագահը մեթոդիկ կերպով կառուցում է աջակցության հարթակ եւ խելամտորեն հավասարակշռում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ իր նվիրվածությունը: ԱՄՆ դիվանագետ Փեննինգթոնն այստեղ ներկայացնում է իր մեկնաբանությունը, ըստ որի՝ «հայկական շրջանակների եւ անկախ դիտարկումների համաձայն՝ Աբրահամյանը չհղկված, վատ կրթված, սահմանափակ գործիչ է, բիրտ նորահարուստ, որն իրացնում է վերջին շրջանի հայկական քաղաքական վատագույն ավանդույթները՝ կեղտոտ փողերի քաղաքական բրենդ, պաշտոնական դիրքի չարաշահումներ, նենգավոր շահառություն: Այնուամենայնիվ, մենք համաձայն ենք Բաղդասարովի տեսակետի հետ առ այն, որ նրան (Հ. Աբրահամյանին-հեղ.) չի կարելի թերագնահատել: Ի դեպ, երբ տարածվեցին նրա՝ ԱԺ խոսնակ դառնալու լուրերը, մեր աղբյուրներն ուղղակի ծիծաղում էին: Այսօր ոչ ոք նույնիսկ չի ժպտում»: Նույն Փեննինգթոնը նաեւ այսպիսի միտք է հայտնել. «Երբ բանը հասնում է Աբրահամյանի անձնական շահին, որը պահանջում է գաղտնազերծել իր ակտիվները, նա վերադառնում է իր իրական, ավազակային բնույթին»:
Անդրադառնալով արտաքին քաղաքական մարտահրավերներին՝ Բաղդասարովը բավական ոգեւորված է խոսում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կապակցությամբ՝ մեծ հույսեր կապելով սահմանների հնարավոր բացման հետ: Նա նկատում է, որ Սերժ Սարգսյանը կիսում է իր տեսակետներն այդ հարցում: Ամերիկացիների նկարագրմամբ՝ Բաղդասարովը ներմուծումից խիստ կախված գործարար է, ում համար էական է ներմուծման եւ փոխադրումների ծախսերի զգալի նվազումը՝ թուրքական գործոնով պայմանավորված: Նա պնդում է, որ հայ օլիգարխների զգալի մասը եւս շահագրգռված է սահմանների բացման խնդրում:
Խոսելով սփյուռքահայ կազմակերպությունների պահվածքի մասին՝ Բաղդասարովը նրանց անվանում է «կեղծ հայրենասերներ, որոնք ընդամենը գիտեն ինչպես կրկնել ցեղասպանություն բառը»: Հայ գործարարի խոսքով՝ հայրենիք վերադառնալու եւ նրան օգնելու պահին այդ նույն կազմակերպություններին ու մարդկանց անհնար է գտնել: Նա հատուկ ընդգծում է ամերիկահայ սփյուռքի բացասական դերակատարությունը, որը խորտակում է Հայաստանի ազգային շահերը: Իհարկե, նա առանձնացնում է մի քանի ամերիկահայերի, որոնք «ի սրտե ուզում են օգնել Հայաստանին եւ դուրս են վերոհիշյալ կազմակերպությունների շրջանակներից»:
Հետաքրքիր է, թե ինչու պարոն Բաղդասարովը այդպես էլ հրապարակային ու անունադիր չի խոսել հայ օլիգարխների շահերի եւ սփյուռքի առանձին կառույցների մասին: Հավանաբար պատճառը Սերժ Սարգսյանի ընկերը լինելու մեջ է, ինչին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս