Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով 80 միլիոն դրամ յուրացրած քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ: Թեեւ Վարդան Ղուկասյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է խառնել գործին, այնուամենայնիվ, դեռ դրական տեղաշարժ չկա: Թեպետ Գրքիկյանն ամենեւին էլ Գյումրիում «կորած» մարդ չէ: Նա «հայրաքաղաքում» բավական մեծ բիզնեսներ ունի. Շիրակի փողոցում անվադողերի խանութներ, ավտոլվացման կետեր, մի շարք երթուղիներ: Գրքիկյաններին է պատկանում նաեւ Գյումրիում հայտնի «Դվին» հյուրանոցը: Սա դեռ վերջը չէ. ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Գրքիկյանի որդին` Հովսեփը, Վ. Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ մի շարք սկանդալային միջադեպերի մասնակից է եղել, նախկինում էլ՝ դատապարտված: Որտեղի՞ց սկսվեց այս պատմությունը: Երբ Գյումրու քաղաքապետ էր ընտրվել Սամվել Բալասանյանը, այդ ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ մի շարք կազմակերպություններ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պարտքերի համար դիմում են քաղաքապետարան՝ իրենց պարտքերը մարելու խնդրանքով: Այդ գործը քննվեց, քննվեց, մինչեւ հասավ «դիվանբաշուն», եւ նախկին քաղաքապետի սանիկ Գրքիկյանը հայտնվեց ճաղերի հետեւում: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գրքիկյանի որդու՝ Հովսեփի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում նրա հոր անվան շուրջ: -Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, եւ հետո էլ, քննությունը ցույց կտա: -Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Ձեր հայրը յուրացրել պետության գումարները: -Ոչ միայն ես, այլեւ շատ շատերը չեն հավատում, որ իմ հայրը նման բան կաներ: -Եթե նա չէր կարող նման բան անել, ապա ինչո՞ւ եք իրար խառնվել: Անգամ Ձեր քավորը` Վարդան Ղուկասյանը, օրերս գնացել էր ԱԺ՝ օգնություն խնդրելու: -Ես Հայաստանում չեմ եւ այդ ամենի մասին իմացել եմ լուրերով: Երբ գամ Հայաստան, նոր պարզ կլինի, թե ինչ է եղել: Հետո էլ, իմ հայրիկն օգնության կարիք չունի, քանի որ նա կապ չունի այդ խոսակցությունների ու նման գործերի հետ: Բոլորս էլ հետո կիմանանք իրականությունը: -Խոսքը ո՛չ ավել, ո՛չ պակաս 80 մլն դրամի յուրացման մասին է: -Շատ մարդիկ շատ բան կարող են խոսել, սա դեռ խոսակցություն է: -Իսկ դուք Ձեր հայրիկի հետ խոսե՞լ եք: -Ինքը նստած է ախր, ես ո՞նց պետք է խոսեի: Երբ վերադառնամ Հայաստան, նոր կմտնեմ մոտը, կխոսեմ: -Իսկ ինչո՞ւ եք Վ. Ղուկասյանի ընտանիքի անդամների նման միշտ հայտնվում քրեական պատմությունների մեջ: Նախկինում էլ դատապարտվել եք: -Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես դրսում եմ ապրում ու Հայաստանում տարվա մեջ մեկ-երկու անգամ լինեմ, թե չլինեմ: Այդ ամենը խոսակցություններ են ու ասեկոսեներ: