ArmLur.am-ը շարունակում է ամփոփել շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հունիսի 5-ին մեկնել էր Արցախ։ Շուրջ հինգ տարի Արցախից բացակայած Բաբայանին Ստեփանակերտում դիմավորել են մի քանի հարյուր բնակիչներ: Այնուհետև հավաքվածները, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի գլխավորությամբ գնացել են նախագահական նստավայրի մոտ՝ Բակո Սահակյանից պահանջելով Սամվել Բաբայանին կրկին նշանակել Արցախի պաշտպանության նախարար։ Սամվել Բաբայանին Ստեփանակերտում դիմավորելու հաջորդ օրը ծեծի է ենթարկվել Արցախի ընդդիմադիր պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում. Ազգային ժողովից դուրս գալիս նրան մոտեցել են զինվորական համազգեստով մարդիկ, ծեծելով նստեցրել մեքենան, ապա ծեծված վիճակում տաքսիով տուն ուղարկել:
Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գեւորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հունիսի 6-ին ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին արդեն իսկ ներկայացվել է նորանշանակ քարտուղարը:
Մեկ այլ հրամանով Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին, ով պաշտոնը զբաղեցնում էր 12 տարի: Իսկ ավիացիայի նորանշանակ պետ՝ 35-ամյա Սերգեյ Ավետիսյանը մինչեւ այդ զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը:
Ռուսական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը: Լրատվամիջոցները հաշվել են՝ այն ռուսաստանաբնակ հայ գործարարին արժեցել է մոտ 2 մլն դոլար:
Ադրբեջանի քաղաքացի է հատել հայ-ադրբեջանական սահմանը՝ Մեհրաբի ուղղությամբ: 39-ամյա Վալիեւա Զոհրա Վարձար- քըրզեն Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Նա երեք օր անց վերադարձրել են Ադրբեջան: Կարմիր խաչի գրասենյակի միջնորդությամբ կնոջն ադրբեջանական կողմին են հանձնել հայ-ադրբեջանական սահմանին:Հայրենիք վերադառնալուց հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան:
Դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի պաշտպանական դիրքերից մեկում: Առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի եւ ուժեղ քամու հետեւանքով գիշերը անհետ կորել է երկու զինծառայող, որոնց մարմինները ժամեր անց գտել են հարակից տարածքներում:
Հունիսի 9-ին աշխատանքից ազատվել է գյուղատնտեսության նախարարության միանգամից երեք փոխնախարար՝ Գառնիկ Պետրոսյանը, Սամվել Գալստյանն ու Գրիշա Բաղիյանը: Նրանց փոխարեն ոչ ոք չի նշանակվելու: Ազատված փոխնախարարների պնդմամբ, իրենք չգիտեն, թե ինչու են զրկվել աշխատանքից: Գրիշա Բաղիյանի խոսքով՝ ինքը որեւէ թերացում չի արել, իսկ 13 տարի նախարարությունում աշխատած Սամվել Գալստյանը չի ցանկացել մեկնաբանել վարչապետի որոշումը, նշել է միայն, որ իր թոշակի անցնելու ժամանակն էր:
Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում:
Մոտ մեկ տարի անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել Արա Բուդաղյանը, ով մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ: Քննչական մարմնից 11 ամիս է պահանջվել՝ պարզելու համար, որ Բուդաղյանը կատարվածի հետ կապ չունի: Նրա վրայից մեղադրանքը հանվել է: