«Սանիտեք»-ը խանգարում է մարդկանց քունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են զանգահարել Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող 4 շենքերի բնակիչները: Նրանք արդեն 8 ամիս է, ինչ պահանջում են, որպեսզի «Սանիտեք» ընկերությունը տեղափոխի իրենց պատուհանների տակ տեղադրված մեծ աղբամանները: Սակայն անարձագանք: Բնակիչների բողոքը ո՛չ «Սանիտեք»-ն է լսում, ո՛չ Երեւանի քաղաքապետարանը, ո՛չ էլ Շենգավիթի թաղապետարանը:

Նախորդ տարվա նոյեմբերից վերոնշյալ հասցեի բնակիչները Երեւանի քաղաքապետարանից, Շենգավիթի թաղապետարանից եւ «Սանիտեք» ընկերությունից պահանջում են մեկ այլ վայր տեղափոխել իրենց պատուհանի տակ տեղադրված երեք մեծ աղբամանները: Բանն այն է, որ «Սանիտեք» ընկերությունը գիշերային ժամերին աղբահանություն իրականացնելիս մեծ աղմուկ է բարձրացնում, ինչից մարդիկ արթնանում են ու չեն կարողանում քնել: «Բացի այդ, ողջ օրվա ընթացքում աղբ է կուտակվում, ինչի վրա էլ մեծ-մեծ սեւ ճանճեր են հավաքվում, գարշահոտություն եւ այլն: Իսկ գիշերային ժամերին աշխատողներն այնպես աղմուկով են տեղափոխում աղբամանները, որ դրանից հետո չենք կարողանում մինչեւ առավոտ քնել»,- պատմեց Շենգավիթի վարչական շրջանի Շիրակի փողոցի բնակչուհի Էմմա Խնկոյանը:

Նշված հասցեի մի քանի տասնյակ բնակիչներ անցած տարվա նոյեմբերին դիմել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից խոստացել են, որ խնդրին լուծում կտան: Անցել է արդեն 8 ամիս, սակայն քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը չի բարեհաճում նույնիսկ դժգոհող քաղաքացու հետ հեռախոսով խոսել: «Հատուկ բողոքում եմ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչությունից. իրենց հեռախոսահամարին զանգահարում եմ, բայց կոմունալ վարչության աշխատակիցը՝ մի տղամարդ, կոպիտ եւ արհամարհական տոնով փոխանցում է հետեւյալը՝ այլեւս մի զանգեք այստեղ: Վիրավորական է, ես էլ իրեն ասեցի՝ դա հո՞ ձեր հոր տունը չէ, դա պետական հիմնարկ է»,- վրդովված նկատեց տիկին Խնկոյանը:

«Սանիտեք» ընկերության հետ նույնպես բնակիչներին չի հաջողվում կապ հաստատել: Շենգավիթի թաղապետարանից նրանց եւս խոստացել են, որ կհանեն այդ աղբամանները, բայց այդպես էլ դրանք չեն հանվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զանգահարեց «Սանիտեք», որտեղից օպերատորը գրանցեց հեռախոսահամարը, հարցը եւ խոստացավ փոխանցել համապատասխան բաժին, ապա դրա մասին մեզ տեղեկացանել: Սակայն այդպես էլ «Սանիտեք»-ից պատասխան չստացանք:

Ապա «Ժողովուրդ»-ը զանգահարեց Շենգավիթի թաղապետարը, որի ընդունարանի աշխատակիցը փոխանցեց կոմունալ վարչության հեռախոսահամարը, սակայն այստեղ էլ ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Պատկան բոլոր օղակներին դիմելուց եւ անպատասխան մնալուց հետո զանգահարեցինք Շենգավիթի թաղապետարանի «Թեժ գիծ» ծառայություն, տվյալ բաժնի աշխատակիցը կրկին գրանցեց մեր հեռախոսահամարը եւ խոստացավ այն փոխանցել թաղապետարանի աշխատակազմի քարտուղարին: Ի վերջո, աշխատակազմի քարտուղար Լիլիթ Միրզախանյանը զանգահարեց եւ խոստացավ՝ թաղապետարանի աշխատակիցը կգնա եւ կզրուցի դժգոհող բնակիչների հետ. «Կփորձենք ընդհանուր հայտարարի գալ»:

Հուսանք, որ մեր այս հրապարակումից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւողական կլինի եւ կպարզի, թե կոնկրետ որ բաժնի աշխատակիցն է ալարել եւ քաղաքացիների բողոքն անպատասխան թողել: Գուցե գտնվի որեւէ մեկը, ով թաղապետարանների եւ քաղաքապետարանի աշխատակիցներին բացատրի, որ իրենց գործառույթների մեջ է նաեւ մտնում փափուկ բազկաթոռներից վեր կենալը եւ թաղամասերով շրջելը՝ ծանոթանալու եւ լուծում տալու մայրաքաղաքի բնակիչների առաջ քաշած խնդիրներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս