Տհաճ է, որ չգիտեմ` երբ է իմ նախագահի ծննդյան օրը. Գնել Սարգսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական հեռուստասերիալներից հայտնի դերասան Գնել Սարգսյանը տեւական ժամանակ էկրաններին չէր երեւում: Նա մեկնել էր Հայաստանից արտերկրում գործունեություն ծավալելու նպատակով եւ նշել, որ հազիվ թե վերադառնա հայրենիք` մշտական բնակության: Այնուամենայնիվ, արդեն մի քանի ամիս է` Գնելը Երեւանում է եւ, կարծես թե, չի պատրաստվում մեկնել Ռուսաստան: «Ժողովուրդ»-ը դերասանից հետաքրքրվել է առաջիկայի նրա ծրագրերից: Գնելը պատմել է Դոնի Ռոստովում հայկական թատրոն հիմնելու, ապա այնտեղից հեռանալու պատճառների մասին, անդրադարձել իրեն հուզող այլ թեմաների:

-Գնե՛լ, մի քանի ամիս է, ինչ Հայաստանում եք, բայց արդեն հասցրել եք նոր առաջարկ ստանալ: Կպատմեք` հիմա ի՞նչ նախագծում եք ընդգրկված: Առաջիկայում Ձեզ ի՞նչ կերպարում կտեսնենք:

-Նախորդ տարվա դեկտեմբերին եմ վերադարձել Հայաստան, եւ այստեղ գալուն պես «Կենտրոն» հեռուստաընկերությունից «Երանի» սերիալում փոքր դերով ներկայանալու հրավեր ստացա: Այստեղ երկար մնալու մտադրություն չունեի, բայց այնպես ստացվեց, որ նույն հեռուստաընկերությունից ինձ առաջարկեցին ընդգրկվել մեկ այլ` ավելի մեծ ու լուրջ սերիալային նախագծում: Դեռեւս չեմ կարող փակագծեր բացել, միայն ասեմ, որ շատ լավ կոլեկտիվ է հավաքվել: Բայց ես նկատում եմ, որ սերիալային աշխարհում առկա է որոշակի լճացում, եւ դա ինձ հունից հանում է, ուստի զուգահեռաբար աշխատում եմ երկու մոնո-ներկայացում ստղծելու ուղղությամբ: Երեւի մինչեւ աշուն դրանք պատրաստ կլինեն:

-Մի ժամանակ նշել էիք, որ բացառվում է` Հայաստան վերադառնաք մշտական բնակության: Հիմա հնարավո՞ր է` պլանները փոխվեն:

-Ես իմ բնույթով հակված եմ վայրկյանական որոշումներ կայացնելուն: Արկածախնդիր մարդ եմ, եւ եթե ինձ տրվում է նոր արկածների հնարավորություն, շատ դժվարությամբ եմ այն ձեռքիցս բաց թողնում (ծիծաղում է):

Ուստի չեմ կարող ասել, թե մոտ ապագայում ինչ կլինի: Բայց որքան էլ հիասթափվում ես Հայաստանում առկա որոշ երեւույթներից, (երբ, օրինակ, ուզում ես ինչ-որ բան փոխել, շուրջդ մարդիկ չեն հավաքվում ու դու գլխիդ ես տալիս), այնուամենայնիվ, գիտակցում ես, որ սա քո երկիրն է: Իհարկե, լինում է նաեւ այնպես, որ երբ մտքերիդ հետ մենակ ես մնում, ուզում ես կրկին տեղափոխվել: Ամեն դեպքում, չեմ ուզում Ռուսաստանից երկար ժամանակով կտրվել, այլապես ստիպված կլինեմ գնալ ու ամեն բան սկսել զրոյից:

13413099_1071921639555568_7220131299675991895_n

-Գիտենք, որ Դոնի Ռոստովում հայկական թատրոն հիմնելու ծրագրեր ունեիք: Այդ աշխատանքներն ի՞նչ փուլում են: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր ճանապարհին:

-Թատրոնը ստեղծեցինք, եւ այդ հարցում սկզբնական շրջանում ինձ շատ օգնեց Դոնի Ռոստովի հայկական Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Տիրանը: Իհարկե, մենք ունեինք աջակիցների կարիք: Ի դեպ, ասեմ, որ կային ֆինանսապես ապահովված հայեր, որոնք կարող էին թատրոնի ստեղծման հարցում օգնել մեզ, հատկապես, որ խոսքը մեծ գումարների մասին չէր, սակայն չգնացին այդ քայլին:

Փոխարենը հայտնվեցին մարդիկ, որոնք կանգնեցին մեր կողքին: Այդպիսով խաղացինք մեր առաջին ներկայացումը, որը բավական հետաքրքիր էր ստացվել, բայց հետո տարբեր անիմաստ բաներ տեղի ունեցան, եւ ես ուղղակի թողեցի թատրոնը:

-Բայց ի՞նչն էր խնդիրը. ֆինանսական աջակցության պակաս զգացի՞ք, թե՞ անձնական տարաձայնություններ ունեցաք:

-Թատրոնն ունի կազմակերպչի, ինչպես նշեցիք` ֆինանսական աջակցության պակաս, այո, բայց նաեւ անձնական փոքր խնդիրներ առաջացան, օրինակ, հենց Տեր Տիրանի հետ, որովհետեւ վերջինս ուզում էր թատրոնում ավելի շատ եկեղեցական թեմաներով ներկայացումներ բեմադրվեին, պատճառաբանում էր, թե եկեղեցին է թատրոնի կողքին կանգնած: Ես էլ ասում էի` դա կապ չունի. թատրոնը պետք է լինի ազատ եւ անկախ, այն չի կարող աշխատել ինչ-որ ուժի համար:

Նաեւ այդ էր պատճառը, որ որոշեցի մի կողմ քաշվել: Ամեն դեպքում, թատրոնի անձնակազմը սպասում է իմ վերադարձին: Հիմա թողել եմ ամեն բան մի փոքր հանդարտվի, եւ եթե ցանկություն լինի, կշարունակեմ այնտեղի գործունեությունս:

-Գնե՛լ, հիմա մեր քաղաքում, մեր երկրում կա՞ն խնդիրներ, որոնք մտահոգում են Ձեզ:

-Գտնվելով Երեւանում` շատ հակասական զգացողություններ ունեմ. մի կողմից այն ինձ թվում է դատարկ. գժություններ, խենթություններ անողների չեմ հանդիպում, մյուս կողմից էլ քաղաքում գույներն են շատացել, անգամ մարդկանց հագուկապի մեջ, ինչը շատ լավ է: Ես մարդկաց շրջանում նկատում եմ հիասթափություն. դա, ըստ իս, այն բանի հետեւանքն է, որ մեր երկրում չունենք առաջնորդ, այսինքն` ոչ թե ղեկավար` նախագահ, մարզպետ, քաղաքապետ, այլ առաջնորդ, մեկը, ով կշփվեր ժողովրդի հետ, գոնե ֆորմալ ձեւով:

Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որ նա ինստիտուտներ ավարտած կամ Ղարաբաղում կռված լինի: Իհարկե, կան քաղաքական գործիչներ, որոնցով ես հիանում եմ, բայց ինձ համար տհաճ է, որ ես, օրինակ, գիտեմ Հոլանդիայի նախկին թագուհու ծննդյան օրը, բայց իմ նախագահինը` ոչ: Ես թագուհու ծննդյան օրը տարիներ առաջ եղել եմ Հոլանդիայում եւ տեսել եմ, որ գոնե մեկ ռեստորանում ասեղ գցելու տեղ չկար: Ամենուրեք տոն էր, եւ դա շատ սրտանց էր արվում: Ես նախանձում եմ, ուզում եմ իմ նախագահի ծննդյան օրը ռեստորանում խմել նրա կենացը: Ես չեմ ուզում փոփոխություն, այլ հակառակը` կայունություն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս