ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ «ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ Է» ԳԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր ներկայացող ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր հայրենի Տավուշի մարզում հերթական հէկ-ն է կառուցում: Հիշեցնենք, որ նրան պատկանող «Խաչաղբյուր-2» հէկ-ի կառուցումը բավական աղմուկ հանեց, քանի որ Քոքոբելյանն այդ շինարարությունն իրականացնում էր մի շարք նորմերի խախտմամբ:
«Ժողովուրդ»-ն Իջեւանին հարակից Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ ընթացքում է «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի շինարարությունը: Գյուղապետն ասաց, որ աշխատանքները շարունակվում են: Նշենք, որ Գետահովտի բնակչությունն այս փոքր  հէկ-ի շինարարությանն  ի սկզբանե դեմ է եղել, գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ գրեթե բոլոր գետահովիտցիները դեմ են արտահայտվել դրա կառուցմանը՝ այն համարելով բնության համար չարիք: Գյուղապետն ասաց, որ «Խաչաղբյուր-2» փհէկ-ը կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն գյուղի համար բավականաչափ գործ է կատարել: Իսկ ահա հէկ-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր,  «Ազատ  դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը դրա եկամուտներից Գետահովտին ոչ մի նվիրաբերություն չի կատարել:
Ըստ Իջեւանում շրջանառվող լուրերի՝ Խ. Քոքոբելյանն այդ փոքր հէկ-ը վաճառել է 800 հազար դոլարով: Ներկայումս նա Պաղջուր գետի վրա՝ Իջեւան քաղաքի հյուսիսային մուտքին գտնվող կամրջի մոտ, նոր հէկ է կառուցում: Սա կլինի Պաղջուր գետի վրա կառուցվող թվով 3-րդ հէկ-ը: Ա. Ղազարյանին հարցրինք, թե այդ հէկ-ը կառուցելու համար Գետահովտում հասարակական լսումներ արդյոք կայացել են: 2012թ.-ից  Գետահովիտը ղեկավարող Ա. Ղազարյանն ասաց, որ  փհէկ-ի փաստաթղթերը կարգին են, ուրեմն կայացել են՝ միեւնույն ժամանակ նշելով, որ հէկ-ի կառուցման իրավունքը տրվել է դեռեւս 2006թ., երբ  ինքը  Ռուսաստանում էր գտնվում: Ա. Ղազարյանի վկայությամբ՝ հէկ-ի ջրհավաք ավազանը գտնվում է իրենց համայնքում, մնացած մասը՝ Իջեւան քաղաքի տարածքում: Ղազարյանը հայտնեց, որ 2006թ. Խ. Քոքոբելյանը սերվիտուտի պայմանագիր է կնքել Պաղջուր գետի 6 կմ հատվածը 12 մ լայնքով զբաղեցնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ Քոքոբելյանն իրավունք ունի գետի այդ 6 կմ հատվածում 4 հատ փոքր հէկ կառուցել:
«Քոքոբելյանը 4-րդ հէկ-ի կառուցապատման իրավունքն էլ էր ցանկանում վաճառել, սակայն հույս ունենք, որ նա գետի 2,5-3 կմ հատվածը նոյեմբերին կնվիրաբերի մեր համայնքին»,-ասաց Ա. Ղազարյանը: Գյուղապետը նշեց, որ Խ. Քոքոբելյանը խոստացել է համայնքի տարածքում ջերմոցներ կառուցել, էլի ինչ-որ բանով օժանդակել գյուղին: Նաեւ հավելեց, որ ինքը չի կարողանում հանդիպել Խ. Քոքոբելյանին, չգիտի նրա հեռախոսահամարը:
Այսպիսով՝ 2006թ.՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, Պաղջուր գետի 6 կմ հատվածը տնօրինման է տրվել ընդդիմադիր համարվող, ծնունդով Իջեւանի Աչաջուր գյուղից Խ. Քոքոբելյանին, որը դրանից մեծ հասույթներ է ստանում: Գետահովիտցիները պատմում են, որ փոքր հէկ-երի կառուցապատման հետեւանքով Պաղջուր գետում գրեթե ջուր չի լինում, ձկները նվազել են, եւ բնությանը մեծ վնաս է պատճառվել: Փաստորեն, ընդդիմադիր  կուսակցապետը  հարստանում է, իսկ  համայնքն իր տանը տնվոր է դարձել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս