Հունիսի 17-ին նախատեսված է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի նախաձեռնած «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ համագումարն ինչ ֆորմատով է անցկացվելու, ովքեր են դրան մասնակցելու, արդյոք այլ կուսակցության ներկայացուցիչներ են հրավիրված: «Լինելու է համագումար, որտեղ ընդունվելու է կանոնադրությունը, ծրագիրը, բնականաբար կլինեն ելույթներ, հիմնականում քաղաքական ելույթներ:
Ներկա կլինեն նախաձեռնող խմբի անդամները, տարածքային կառույցների ներկայացուցիչները, գրեթե բոլոր մարզերից, ուրիշներ կլինեն, քաղաքական ուժերին երեւի չենք հրավիրի, որովհետեւ հիմնադիր համագումար է: Այսինքն՝ զուտ օրենքի պահանջներով գրանցվելու համար: Համագումարը կընտրի ղեկավար մարմին. դա վարչությունն է, նախագահն է՝ իր տեղակալներով, համակարգող մարմինն է եւ այլն: Կուսակցությունը նոր է ստեղծվում, բնականաբար մարդիկ ավելացել են: Մի ամբողջ դահլիճ մարդ է լինելու, մոտ 300 հոգի»,-ասաց Մարգարյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կուսակցության նախագահը կդառնա Վարդան Օսկանյանը, իսկ խորհրդի համակարգողը` Անդրանիկ Թեւանյանը: