Ջրի բարձր ճնշումը՝ վթարների պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչները բողոքում են, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Նոյեմբերյանի ենթատեղամասի կողմից մատակարարվող խմելու ջրի ճնշումը բնակարաններում թույլատրվածից կրկնակի անգամ մեծ է: Ջրի հսկայական ճնշման տակ ջրագծերը, փականները, ծորակները շարքից դուրս են գալիս, եւ բնակիչները ստիպված են լինում նոր ծորակներ, փականներ գնել, ջրագծերում նորոգումներ կատարել: Ասիական բանկից ստացված վարկային միջոցներով Նոյեմբերյան քաղաքի խմելու ջրի ցանցը նորոգվել է, ջրի կորուստները նվազել են, սակայն ճնշման հետ կապված խնդիրը չի լուծվել:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչների վկայությամբ՝ ջրի բարձր ճնշման դեպքում բնակիչների կողմից սպառվող ջրի քանակությունը մեծ է լինում: Շարքից դուրս եկած ծորակների, փականների փոխարեն նորերի տեղադրումը կատարվում է Նոյեմբերյանի ենթատեղամասի աշխատողների կողմից, ինչը վերջիններիս համար, աշխատավարձից զատ, հավելյալ եկամտի աղբյուր է:

Նոյեմբերյանի բնակիչները, որոնք տուժում են մատակարարվող ջրի մեծ ճնշումից, կարող են դրանից խուսափել, եթե գնեն եւ իրենց տներում տեղադրեն ջրի ճնշումը նվազեցնող սարքեր: Դրանց գինը մոտ 8 հազար դրամ է: Նոյեմբերյան քաղաքի բնակիչների զգալի մասը սոցիալապես վատ վիճակում է գտնվում եւ նման սարք գնելու փող չունի: Դրա հետեւանքով նոյեմբերյանցիների բնակարաններում հաճախակի պայթում են ջրագծերը, շարքից դուրս գալիս փականներն ու ծորակները: Բազմաբնակարան շենքերի վերեւի հարկերից ջուրը հեղեղում է ներքեւի հարկերի տները: Այդ պատճառով հարեւանների միջեւ թունդ վեճեր են բռնկվում, հեղեղված բնակարանների հարդարանքը նորոգելու համար մարդիկ ստիպված են լինում բանկերից վարկեր վերցնել:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս