ԵԹԵ ԱՐԺԱՆԻՆԵՐԸ ՄՆԱՆ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Dunya» լրատվականը գրել է, որ հայտնի հայ երաժիշտ, ուդ երաժշտական գործիքի վարպետ Երվանդ Բոստանջյանը, որը 21 տարի անց վերադարձել է իր հայրենի քաղաք Դիարբեքիր, կդառնա Թուրքիայի պատվիրակ: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքի հրավերով Բոստանջյանը լքել է ԱՄՆ-ն:
Երաժշտի խոսքով՝ ինքն առաջարկ է ստացել Թուրքիայում պատվիրակ դառնալ ու աշխարհում իր հայրենի քաղաքից երաժշտության միջոցով եղբայրություն տարածել: Ուդ երաժշտական գործիքի վարպետը հավելել է, որ իրեն մեծ ուրախությամբ են դիմավորել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար Նիհաթ Գյուրոմն ու նրա խորհրդական Իբրահիմ Սարիթաշը: «Նախարար Չելիքն ասել է, որ իմ առջեւ մշակույթի հետ կապված նպատակներ է դնելու, եւ ես հաճույքով համաձայնել եմ»,-հայտնել է Բոստանջյանը՝ նշելով, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ արտիստ՝ իր ուդով ու ձայնով հանդերձ: Բնական է, «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա», բայց հո թուրքերը լավ գիտեն, թե ինչ եւ ինչու են անում. հերթական թոզն են փչում եվրոպացիների աչքերին։
Սակայն մեզ մոտ բոլորովին այլ հարցեր են ծագում, որոնք անհրաժեշտ է ուղղել մեր իշխանավորներին, հատկապես մշակույթի բնագավառը համակարգող պաշտոնյաներին, որոնց, մեղմ ասած, անգործության հետեւանքով շատ արժանավոր նկարիչներ, երաժիշտներ, գրողներ լքում են հայրենիքը, բռնում գաղթի ճամփան։ Ընդ որում, դա ավելի շատ վերաբերվում է շնորհալի, տաղանդավոր երաժիշտներին, որոնք նախ մի քանի ամսով գնում են որեւէ երկիր, մասնակցում ինչ-որ համերգի, անուն հանում, վերադառնում հայրենիք, վաճառում ունեցած-չունեցածն ու  մեկնում անվերադարձ։ Նկատի ունենք հիմնականում բարձրակարգ դաշնակահարներին, բալետի մենապարողներին, օպերայի երգիչ-երգչուհիներին… Գնացել են արժանավորներն ու մշակույթի, հատկապես երաժշտության դաշտը թողել լիլիթհովհաննիսյաններին, սիլվահակոբյաններին, սոֆիմխեյաններին, սպիտակցիհայկոներին եւ նրանց նմաններին։ Իհարկե, դրսում էլ նման որակի հայկական արտադրանք կա, որը բարգավաճում է հիմնականում սփյուռքահայության հաշվին։ Եվ չկա մեկը մեր մշակույթի բնագավառի ղեկավարներից, որը հայրենիք կկանչի բարձրակարգ մասնագետներին, նրանց կապահովի նորմալ վարձատրվող աշխատանքով։ Մեզ մոտ իրենց սիրասուն բալիկներին, բարեկամներին, քավոր-սանիկներին են ապահովում աշխատանքով, դղյակներով ու բիզնեսով ու ոչ միայն հայրենիքում, այլեւ իտալիաներում ու ֆրանսիաներում։ Դե, նրանց քաղաքականությունն էլ կարելի է հասկանալ. եթե արժանիները, բարձրակարգ մասնագետները մնան Հայաստանում, իրենք ինչպե՞ս կարող են մշակույթի ոլորտը ղեկավարել։  

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս