Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» շարունակում է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի հանդիպումներին:
Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն armsport.am-ի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել պատրաստության ընթացքի, թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստների վերաբերյալ:
«Օրական 2 մարզումներով շարունակում ենք նախապատրաստությունը: Երևանում պարապմունքները կտևեն մինչև ամսի 14-ը, ապա կշարունակենք Հանքավանում:
Հստակ է, որ Հանքավանում 2 ստուգողական հանդիպումներ ենք անցկացնելու. հունիսի 15-ին «Շիրակի» հետ և 22-ին «Փյունիկի»:
Ներկայում թիմում փորձաշրջան են անցնում 4 ֆուտբոլիստներ. նրանցից մեկը սերբ պաշտպան է, մյուս 3-ն ուկրաինացիներ են. մեկը կրկին պաշտպան, մյուսները հարձակվողական ոճի կիսապաշտպաններ: Նորեկների հարցով վերջնական որոշում կկայացնենք ընկերական հանդիպումներից հետո: Առաջին մարզումներից հետո բարդ է եզրակացություն անելը, սակայն ընդգծեմ, որ նրանցից 2-ը լավ տպավորություն են թողնում:
Նշեմ, որ թիմից հեռացող չունենք: Խորեն Վերանյանը մոտ էր հեռանալուն, սակայն իր հետ նոր պայմանագիր ենք ստորագրել: Ես ուրախ եմ այդ առիթով, քանի որ Վերանյանն առանցքային խաղացող է մեր թիմում:
Հեբերի հարցով դեռ հստակություն չկա: Ակումբի նախագահը կապի մեջ է իր և գործակալի հետ. վերջնական որոշումը պետք է Արաուխոն կայացնի: Ամեն դեպքում, հասկանալի է, որ հարձակվողի խնդիր ամբողջ աշխարհում կա: Եթե Հեբերը չվերադառնա էլ, մենք կարող ենք իր բացը լրացնել»:
Տեղեկություններ կային, որ «Ալաշկերտը» մտադիր է ընկերական հանդիպում անցկացնել Իրանի հավաքականի հետ: Խոսելով այդ մասին`Խաշմանյանը հավելեց. «Ավելի վաղ մտադրություն կար, սակայն հետո տեսանք, որ իրենք ուշ են ժամանելու Երևան և կարող են ամսի 25-ից հետո ընկերական խաղեր անցկացնել: Մենք 28/29-ին ՉԼ-ի առաջին հանդիպումն ենք անցկացնելու, ուստի 2-3 օր առաջ ընկերական խաղ անցկացնելը նպատակահարմար չեմ համարում»: